Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ՎՐԵԺԽՆԴԻ՞Ր ԵՆ ԼԻՆՈՒՄ

Հունվար 12,2011 00:00

Ինչո՞ւ է համայնքապետը 10 օր լռել

\"\"Դեկտեմբերի 30-ին անհայտ քաղաքացին ահազանգում է ոստիկանության Երեւանի վարչություն, որ իրեն անծանոթ մի քանի երիտասարդ Էջմիածին քաղաքից դեպի Չոբանքարայի զորամաս տանող ճանապարհին մի քաղաքացու ծեծելով նստեցնում են «Մերսեդես E 320» 07 ՏՏ 907 համարանիշի մեքենա: Ոստիկանության օպերատիվ խումբը շտապ մեկնում է դեպքի վայր եւ Էջմիածին-Մարգարա ճանապարհի 4-րդ կմ հատվածում հայտնաբերում է «BMW 316» մակնիշի 05 ՕՍ 109 համարանիշի մեքենան՝ բաց դռներով եւ բանալիները մեքենայի մեջ: Նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի 25-ամյա բնակիչ Հովհաննես Աշոտի Ներսիսյանը, վարելով «ՎԱԶ-2109» մակնիշի 07 ԼՍ 848 համարանիշի մեքենան, Եղեգնուտ-Երասխահուն ճանապարհի 1-ին կիլոմետրի հատվածում շրջվել է ջրատարը, որի հետեւանքով նա եւ նույն գյուղի բնակիչներ՝ 30-ամյա Գարիկ Սարգսի Ներսիսյանը եւ 42-ամյա Հովհաննես Խորենի Մկրտումյանը ստացել են մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Արմավիրի քաղաքային հիվանդանոց: Մեզ հ\"\"ետ ունեցած զրույցում եղեգնուտցիները հայտնեցին, որ վերը նշված երկու դեպքերը կապ ունեն միմյանց հետ եւ այդ ամենը հին պատմություն է: Պատճառն այն է, որ 2008 թվականի հոկտեմբերի 19-ին, գյուղապետի ընտրությունների ժամանակ, Սարգիս եւ Աբգար Մկրտումյանները չկանգնեցին գործող գյուղապետ Ռազմիկ Մարգարյանի կողքին, այլ պաշտպանեցին նրա մրցակից Ռազմիկ Մկրտչյանին: Գյուղացիներից մեկը պատմեց. «09»-ը ոչ թե կանալն ա ընկել, այլ հմիկվա գյուղապետի ազգուտակը «Մերսեդեսով» ու «նիվեքով» տղերքին լարել են ու բրդել-քցել կանալը, իսկ «Մերսեդեսում» եղել է 5 ջահել»: Մեզ հայտնի դարձավ, որ նշված ջահելների մեջ են եղել Եղեգնուտի գյուղապետի եղբայրներ Գնելի, Պետիկի եւ Ավետի որդիները՝ 25-ամյա Հովսեփ Գնելի Մարգարյանը եւ Երեւանի Ռոստովյան փողոցի 48 տան բնակիչ՝ 31-ամյա Արայիկ Պետիկի Մարգարյանը: Իսկ «09»-ի մեջ եղել են եղեգնուտցիներ Ռադիկ Մկրտչյանը, Արա Եղիազարյանը, Հովհաննես Մկրտումյանը, Հովհաննես եւ Գարիկ Ներսիսյանները: Գյուղացիները նշում էին, որ «լավ ա, որ Էջմիածնի միլիցեքը շուտ հասան ու կանխեցին, թե չէ մեկ էլ տեսար Նոր տարվա օրով իրար մորթեին»:

Դեկտեմբերի 31-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության եւ Էջմիածնի բաժնի աշխատակիցները պարզում են, որ նախորդ օրը, ժամը 12-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի հիշյալ հատվածում եղեգնուտցի 44-ամյա Սարգիս Խորենի Մկրտումյանի «BMW»-ն կանգնեցրել եւ մեքենայում նրա հետ գտնվող հորեղբոր թոռան՝ 26-ամյա Աբգար Քաջիկի Մկրտումյանի նկատմամբ բռնություն են կիրառել նույն «Մերսեդեսի» ուղեւորները՝ Եղեգնուտի գյուղապետի եղբայր Գնելի որդի Հովսեփը, եղբայր Ավետի որդի Արայիկը եւ նրանց երեք ընկերները: Իսկ Եղեգնուտում ասում էին, որ գյուղապետի հարազատները երկու «Մերսեդեսով» են եղել եւ անգամ նշում էին երկրորդ «Մերսեդեսի» համարանիշի թվերը՝ 30..020: ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական վարչության Արմավիրի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4 մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների օգնությամբ): Աբգարին տրվել է դատաբժշկի ուղեգիր, «ՎԱԶ-2109»-ը տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի տուգանային հրապարակ, իսկ «BMW»-ն՝ Էջմիածնի ոստիկանության բաժնի տուգանային հրապարակ: Էջմիածնի ոստիկանությունում նախապատրաստված նյութերը երեկ ուղարկվելու էին Արմավիրի քննչական բաժանմունք: Իրավապահները ձեռնարկում են օպերատիվ քննչական աշխատանքներ՝ հայտնաբերելու համար «Մերսեդես» ավտոմեքենան, իսկ «Մերսեդեսում» գտնվող մյուս 3 անձանց ինքնությունը արդեն հայտնի է: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ Եղեգնուտի գյուղապետ Ռազմիկ Մարգարյանը փորձում է արդարանալ եւ ոստիկանություն հայտարարություն է տվել, թե դեկտեմբերի 23-ին իր որդի Հովհաննեսին ծեծել են «09»-ի վարորդն ու ուղեւորները: Զարմանալի է, թե ինչո՞ւ է համայնքապետը ավելի քան 10 օր լռել ու թաքցրել իբր տեղի ունեցած ծեծը: Գյուղապետը փորձում է անգամ լուրեր տարածել, թե այս ամենը ԱԺ նախկին պատգամավոր՝ էջմիածինցի Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) ձեռքի գործն է: Գյուղապետից տուժածները, սակայն, պնդում են, որ իրենք նախկին պատգամավորի հետ կապ չունեն եւ երբ նախկին պատգամավորը շահագործում էր գյուղի ավազահանքերը, իրենք բողոքող գյուղացիների շարքերում էին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել