Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ոստիկանության նախկին մանկապարտեզը քանդեցին

Հունվար 12,2011 00:00

Մանուկներն այժմ ստիպված են այլ մանկապարտեզ հաճախել

Թումանյան, Նալբանդյան եւ Սայաթ-Նովա փողոցներով պարփակված շենքերի արանքում էր գտնվում Ոստիկանության «Երեխայի զարգացման կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տարածքը, որտեղ մեծ թվով երեխաներ էին հաճախում, սակայն երեկվանից այստեղ բուռն շինաշխատանքներ են կատարվում եւ այդ կենտրոնի կիսաքանդ պատերն են միայն կանգուն մնացել: Ոստիկանության նախկին մանկապարտեզի շենքն ընդամենը 2 հարկ ուներ, իսկ դրա փոխարեն «Ավագ Շին» կառուցապատող ընկերությունը որոշել է երկու 16 հարկանի շենք կառուցել, ինչն էլ հարուցել է հարեւան շենքերի բնակիչների զայրույթը, քանի որ այս տարածքում գտնվող շենքերից ամենաբարձրը 7 հարկանի է, իսկ երկու նոր կառուցվող էլիտար 16 հարկանիները զրկելու են հարեւաններին արեւի լույսից: Բացի այդ, բնակիչներին անհանգստացնում է նաեւ այն, որ մանկապարտեզը ժամանակավորապես տեղափոխվել է ոչ թե մոտ գտնվող տարածք, այլ՝ «Տաշիր» առեւտրի տան հարեւանությամբ: Նշենք, որ կառուցապատողը խոստացել է, որ իր շինության առաջին 2 հարկը ապագայում տրամադրելու է տվյալ մանկապարտեզին: «Այստեղից մինչեւ «Տաշիր» երեխային տանել-բերելու համար մենք ամենաքիչը 200 դրամ ծախսելու ենք, բայց մեր երեխան մեր տան մոտ գտնվող մանկապարտեզն էր գնում եւ մենք ոչ մի ծախս էլ չէինք անում»,- երեկ մեզ հետ զրույցում դժգոհեցին այդ տարածքի բնակիչները:

Տարածքի շենքերից մեկում է բնակվում նաեւ մասնագիտությամբ ճարտարապետ եւ ՀՀ կառավարության աշխատակից Նաիրա Շահսուվարյանը, որի բնակարանի լուսամուտները նայում են միայն բակի կողմը, որտեղ այս օրերին ակտիվ շինաշխատանքներ են ընթանում: Նրա խոսքերով. «Երբ շենքերը կառուցվեն, մենք ոչ արեւի լույս կտեսնենք, ոչ էլ բակում շարժվելու տեղ կլինի, քանի որ այդ էլիտարները ցանկապատվելու եւ առանձնացվելու են մեր բակից, իսկ դա նշանակում է, որ մեզ բակ էլ չի մնալու: Դեռեւս սովետական տարիներին կային չափորոշիչներ, որոնց համաձայն՝ մանկապարտեզները պետք է առանձին կառույցներ լինեին եւ առնվազն 15 մետր հեռավորություն ունենային մոտակա շենքերից, այն էլ այդ մոտակա շենքերը պետք է մեկ հարկ ունենան, իսկ հիմա իսկական խառնաշփոթ են սարքել մեր քաղաքում, որտեղ ուզում են՝ շենք են կառուցում: Մենք ապրում ենք սեյսմիկ գոտում, որտեղ իրար գլխի շենքեր կառուցելն իսկական աղետ է: Ո՞ր բնակիչը իր երեխային կտանի այն մանկապարտեզ, որի գլխին եւս 15 հարկ կա: Բացի այդ, շենքերի բակերը նախատեսված են հանգստի գոտիներ կառուցելու համար, ոչ թե էլիտարներ: Մենք էլի համաձայն կլինեինք, եթե այդ շենքերը գոնե մեր շենքերի բարձրությունն ունենային, սակայն այդպես անթույլատրելի է»:

Տարածքի բնակիչները նաեւ պատմեցին, որ 3 տարի առաջ էլ այս տարածքում կառուցապատում իրականացնելու փորձեր են արվել, սակայն նրանց ակտիվ ջանքերով այն կասեցվել է: Քանի որ շինաշխատանքները նորից են սկսվել, բնակիչները նամակով դիմել են Երեւանի նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանին եւ Երեւանի ավագանու խորհրդի քաղաքաշինական խորհրդի նախագահ Հրաչ Պողոսյանին, որպեսզի նրանք իրենց դժգոհությունները հաշի առնեն: «Մենք հույս ունենք, որ նրանք մի բան կանեն մեզ համար, քանի որ լավ համբավ ունեն»,- համոզված ասում էին բնակիչները:

Նշենք, որ երեկ այս տարածք էին այցելել նաեւ «Մենք ենք այս քաղաքի տերը» բնապահպանական նախաձեռնության անդամները, որոնց ավելի շատ հետաքրքրում էին տարածքի ծառերը: Նրանց տվյալներով, երեկ 15 ծառ այս տարածքում արդեն հատվել է:

Հիշեցնենք, որ «Ավագ Շին» ՍՊԸ-ին` էլիտար շենք կառուցելու նպատակով, դեռեւս 2010-ի մարտի 18-ի որոշմամբ է այս տարածքը վաճառվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել