Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

800 ԴՐԱՄԱՆՈՑ ԲՈՒԴՆ Ի՞ՆՉ ՊԻՏԻ ԼԻՆԵՐ

Հունվար 12,2011 00:00

\"\"Սպառողները, ակցիաների հետեւից ընկնելով, թունավորում են ստացել ու օրերով տանջվել փորացավից

Հետտոնական այս օրերին տնտեսվարողներն ամեն կերպ փորձում են սպառողների վրա «սաղացնել» այն ամենը, ինչ չի հաջողվել վաճառել տոնական օրերին: Ու եթե հունվարի առաջին տասնօրյակում սննդային թունավորման լուրջ դեպքեր չեն գրանցվել, այս օրերին արդեն հատկապես էժան գներին խաբվող սպառողներն իրենց մաշկի վրա են զգում անգլիական աղի, «Ջերմուկով», սոդայով ու շաքարավազով ստամոքսի լվացում անելու ողջ «հաճույքը»:

Բոլորս էլ գիտենք, թե եփված միսը քանի օրվա ժամկետ ունի, բայց այսօր որոշ սուպերմարկետներում դեռ Նոր տարուց առաջ եփված խոզի ազդրերն են վաճառում՝ 3-4 անգամ էժան գներով: Այս մասին «Առավոտին» ահազանգեցին տուժած սպառողները: Ամանորի նախատոնական օրերին եփված եւ պատրաստի խոզի ազդրի 1 կիլոգրամը վաճառվում էր 3200-3500 դրամով: Իսկ այս օրերին՝ 800 դրամով: Գնից արդեն հասկանալի է, որ այդ միսը, մեղմ ասած, ուտելու բան չէ, մինչդեռ, երբ սպառողները հարցուփորձ են արել՝ ցանցային սուպերմարկետներից մեկի աշխատակիցը պնդել է, թե հին չէ, պարզապես շատ ունեն, դրա համար են էժան վաճառում: Այդ 800 դրամանոց խոզի ազդրն ուտելուց հետո 24 ժամվա ընթացքում փորացավ, փորլուծություն ու փսխումներ են առաջացել: Նրանք տան պայմաններում ու ավանդական մեթոդներով հեռացրել են այդ թույնն իրենց օրգանիզմից, ուստի հիվանդանոց չեն դիմել, ու դեպքը պաշտոնապես չի գրանցվել: Ճշտելու համար, թե ի՞նչ խոզի ազդրեր են վաճառում ու կոնկրետ քանի՞ օրվա հնություն ունեն, մենք այցելեցինք սպառողների մատնանշած ցանցային սուպերմարկետներից մի քանիսը, բայց այլեւս վաճառակետում նման ապրանք չգտանք: Հնարավոր է, որ սուպերմարկետի տնօրինությունը զգուշանալով՝ թաքցրել է հետքերը եւ «տակից» է սկսել վաճառել դրանք:

Այս մասին մենք նաեւ սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հ/կ-ներից հետաքրքրվեցինք, թե իրենք որեւէ ահազանգ ստացե՞լ են, տեղեկություններ ունե՞ն խոզի այդ աննախադեպ էժան ու փտած ազդրերի վաճառքից: Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը նշեց, որ իրենք դեռ նման ահազանգ չեն ստացել. «Ես ուղղակի զարմանում եմ մարդկանց մտածելակերպի վրա, թե ինչու են գնել 800 դրամանոց բուդը: Մարդիկ պիտի հասկանան, որ ոչ մեկը այս օրերին իրենց համար բուդ չի սարքում, որ 800 դրամով վաճառի, պարզ է, որ դա թարմ չի կարող լինել, թող չգնեն»: Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի խոսքերով՝ «Հիմա դժվար է ապացուցել, որ սուպերմարկետում իսկապես վաճառել են այդ միսը, հատկապես, որ այցելել եք եւ չեք գտել, ուստի մենք չենք կարող հետքերով գնալ ու որեւէ քայլ ձեռնարկել»:

Նշենք, որ նախատոնական օրերին սուպերմարկետներից մեկում հայտնի ապրանքանշանի խտացրած կաթը վաճառվում էր ակցիայով՝ 320 դրամ, այն դեպքում, երբ նույն սուպերմարկետում այլ ապրանքանշանի խտացրած կաթը 450-500 դրամ էր: Հաշվի առնելով, որ դրանք նորմալ ժամկետի մեջ էին, մարդիկ մտածում էին՝ ինչո՞ւ վճարել ավելի ու գնում էին ակցիայով վաճառվող տեսակը: Մինչդեռ, եթե սովորական խտացրած կաթը 2 ժամ եռացնելուց հետո մգանում, պնդանում է, այդ խտացրած կաթերը 4 ժամ եռացնելուց հետո գույնը չէին փոխում ու պնդանալու փոխարեն ջրիկանում էին: Սպառողները միայն գնելուց հետո են հասկացել, որ խաբվել են ու խտացրած կաթի փոխարեն շաքարաջուր կամ ինչ-որ անհասկանալի հեղուկ գնել: Ա. Պողոսյանի խոսքերով՝ Ամանորին սուպերմարկետները սպառողներին խաբել են նաեւ շաքարավազի դեպքում. «Շաքարավազի շատ մեծ խմբաքանակ վաճառել են թաց: Այդ մեթոդը միշտ էլ խանութները կիրառել են, բայց եթե ինչ-որ բուդկա դա աներ՝ էլի հասկանալի կլիներ, այնտեղ մեծ քանակ չեն կարող իրացնել, իսկ սուպերմարկետում նման մեթոդը հսկայական տարբերություն է տվել: Կես կիլոգրամանոց շաքարավազի փոքր տոպրակը կշռում էր 1 կգ: Դա ստորություն է՝ սպառողների հանդեպ»:

Նշենք, որ տոնական օրերին առողջապահության նախարարության մասնագետները, պրոֆեսիոնալ խոհարարները հեռուստատեսությամբ անընդհատ զգուշացնում էին ազգաբնակչությանը, որ հատկապես թթվասերը խառնելուց հետո աղցանը օգտագործման ենթակա է մինչեւ 12 ժամ, անգամ 24 ժամ հետո՝ 1 օրվա ընթացքում այն փոխում է իր համային եւ որակական հատկանիշները եւ կարող է թունավորում կամ ստամոքսի խանգարում առաջացնել: Մինչդեռ խանութներում պլաստմասսայե ամանների մեջ աղցաններ են վաճառում, որի վրա արտադրողի անուն, կոնտակտային տվյալները բավական չէ՝ բացակայում են, վրան մակնշված պիտանելիության ժամկետն էլ 7 օր է:

Մեզ հետ զրույցում հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը վստահեցրեց, որ «ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի մեր ժողովուրդը կարծես թե խելոքացել է, դրա համար էլ սննդային թունավորման ընդամենը 1 դեպք ենք ունեցել: Մարդիկ սովորել են ճիշտ հաշվարկով գնումներ կատարել, արդեն չեն հնացնում կամ չեն ուտում հինը: Իսկ այդ 1 դեպքն էլ գրանցվել է հունվարի 1-ին. ընտանիքից 6 հոգի թունավորվել էին, ամենայն հավանականությամբ՝ ինչ-որ անհասկանալի ծագման երշիկից, մի քանի օր հիվանդանոցում մնալուց հետո դուրս գրվեցին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել