Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Համակարգված, էֆեկտիվ, կարգապահ եւ սրտացավ»

Հունվար 12,2011 00:00

\"\"Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը երեկ հայտարարեց, թե այսպիսի աշխատանք է ակնկալում վարչատարածքային շրջանների ղեկավարներից:

Երեւանի նոր քաղաքապետը ակնհայտորեն փորձելու է նոր կարգուկանոն հաստատել մայրաքաղաքում եւ այդ նպատակով հանդիպումներ է ունենում համայնքների ղեկավարների եւ աշխատակազմերի հետ: Երեկ քաղաքապետը հանդիպեց Արաբկիր շրջանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ, առիթը՝ նոր ղեկավարի ներկայացումն էր: Նախկինը՝ Երեւանի Արաբկիր վարչատարածքային շրջանի ղեկավար Համլետ Մարգարյանը, իր դիմումի համաձայն ազատվեց պաշտոնից, եւ Արաբկիր համայնքի ղեկավար նշանակվեց Էդիկ Մուշեղյանը, որին էլ համայնքի աշխատակազմին ներկայացրեց Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

Քաղաքապետը հայտարարեց այն մասին, որ վարչական շրջանների աշխատակազմերը նախ պետք է գույքագրեն իրենց կառավարման սուբյեկտները. «Ի՞նչ ենք հասկանում գույքագրման տակ՝ բնակչության սոցիալապես անապահով խավ, միջին խավ, ունեւոր խավ, բազմաբնակարանային շենքեր, համատիրություններ, ինչպես են աշխատում համատիրությունները, ինչ վիճակում են դպրոցներն ու մանկապարտեզները, մշակույթի կենտրոնները, սպորտի օբյեկտները, ճանապարհները, առեւտրի սրահները, սպասարկման ոլորտները, բացօթյա առեւտրի շուկաներում ինչպիսին է սանիտարական վիճակը, ինչ վիճակում են բակային տարածքները, այգիները, պուրակները, գույքահարկի, հողի հարկի հավաքագրումը, բազան, ներդրումային ծրագրերը եւ այլն: Երբ մենք կկարողանանք վարչական շրջանի անձնագիրը, դիագնոզը ճիշտ անել, ապա շատ մեծ շանս ունենք նաեւ էֆեկտիվ կառավարման: Մենք ակնկալում ենք շատ կարգապահ, առօրյա գործառույթների կատարում: Սկզբունքային եմ համարում հոգեբանության որոշակի փոփոխությունը: Սովետական պահեստապետի հոգեբանությունից, եթե այդպիսին կա, մենք պետք է անցնենք ոչ թե դեֆիցիտ ստեղծելուն, այլ պարզ հայտարարենք, որ մեր գործառույթն է բոլոր սուբյեկտների համար մաքսիմալ հարմարավետ վիճակ ստեղծելը»:

Ըստ քաղաքապետի՝ վարչական շրջանների ղեկավարությունը պետք է ունենա միջոցառումների ծրագիր եւ կանխատեսելու ունակություն. «Ես հաճախ եմ այս համեմատությունն օգտագործում՝ ո՞րն է հմուտ եւ խելոք մարդու տարբերությունը՝ խելոքը կամայական իրավիճակում գտնում է ելքը, իսկ հմուտը չի հայտնվում այդ իրավիճակում: Մենք պետք է կանխատեսենք, թե ինչ խնդիրներ կարող են լինել, եւ ոչ թե արձագանքենք այն ժամանակ, երբ խնդիրներ են առաջանում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել