Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԽՄՈՐԵՂԵՆ ՈՒ ԲԼԻՆՉԻԿ ՇԱՏ ՊԱՏՐԱՍՏԵՑԻՆ

Հունվար 12,2011 00:00

\"\"Ձվի թանկացումները սրանո՞վ էին պայմանավորված

«Այս տարի Հայաստանի քաղաքացիներն ավելի վատ են ապրելու, եթե հաշվի առնենք, որ առաջիկայում էլեկտրաէներգիայի, գազի սակագների բարձրացումներ են սպասվում, կթանկանան նաեւ առաջնային անհրաժեշտության ապրանքատեսակները»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը: Նրա խոսքով, 2011-ին սպասվող թանկացումների մասին էին վկայում նախատոնական օրերի թանկացումները, մասնավորապես՝ ձվի արհեստական դեֆիցիտն ու գնաճը: «Ապրում ենք քրեականացված տնտեսական համակարգում, որտեղ մի քանի անհատներ իրենց նպատակներին են ձգտում հասնել՝ ինչքան հնարավոր է շատ եկամուտ կորզել»: Ըստ տնտեսագետի, ձվի արհեստական թանկացումները ոչ այլ ինչ էին, եթե ոչ՝ մի քանի անհատների մենաշնորհային դիրքերը հաստատելու գործընթաց. «Դեռ ամռանը, երբ շուկայում ձվի գները կտրուկ նվազեցին, ձվի արտադրության բնագավառում մի խումբ անձինք իրենց մենաշնորհային դիրքերն ամրապնդեցին: Գների իջեցումը մտածված քաղաքականություն էր, ինչի շնորհիվ բազմաթիվ մանր սուբյեկտներ շուկայից դուրս մղվեցին, արդյունքում՝ խոշոր տնտեսվարողների համար ստեղծվեց կառավարելի ու բարենպաստ իրավիճակ, եւ տարեվերջին էլ արեցին այն, ինչ պետք է անեին՝ ձուն սպառեցին աստղաբաշխական գներով: Խոշոր ցանցերը՝ City-ները, Star-ները, որոնք առանձնահատուկ կարգավիճակ ու փող ունեցող անձանց սեփականությունն են, ձուն ամբողջովին կենտրոնացրել են խոշոր ցանցերում, որովհետեւ գիտեն՝ մի քանի հարյուր հազար դրամով կտուգանվեն ու նորից կշարունակեն իրենց շորթող քաղաքականությունը»:

Պարոն Ասատրյանի խոսքով, ձուն ուղեկցող ապրանք է, մարդիկ ձու ձեռք բերելու համար խանութ են մտնում ու այլ ապրանքներ էլ գնած՝ հեռանում: Ըստ նրա, նախատոնական եռուզեռը միայն խոշոր սուպերմարկետներում էր, իսկ փոքր խանութներում գրեթե առեւտուր չի եղել:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահի գլխավոր խորհրդական Արամ Սահակյանն էլ «Առավոտին» ասաց, թե աննորմալ երեւույթներն արդեն ավարտվել են, ու կարեւորը՝ խանութներում ձվի պակաս չկա. «Շուկայում նորմալ քանակությամբ ու նորմալ գներով ձու է վաճառվում, հիմա ընկերություններից հավաքում ենք անհրաժեշտ տեղեկություններ, որոնք կօգնեն մեզ թանկացումների պատճառները պարզել ու համապատասխան եզրահանգումներ անել, թե որքանով էին օբյեկտիվ նախատոնական թանկացումները, ովքեր էին մեղավորները, ավելորդ է ասել, որ խոսքը վերաբերում է գերիշխող դիրք ունեցողներին՝ Երեւանի եւ Լուսակերտի թռչնաֆաբրիկաներին: Առաջիկա օրերին կպարզենք, թե արդյոք գերիշխող դիրք ունեցողներն ինչ-որ քայլե՞ր են արել, որ նման իրավիճակ է ստեղծվել, թե՞ խնդիրը պայմանավորված է շուկայական գործոններով, թերարտադրությամբ, դեֆիցիտով, առաջարկ-պահանջարկով»: Իսկ թե ինչու առաջարկի-պահանջարկի խնդիրը միայն այս տարի առաջացավ, ըստ պարոն Սահակյանի. «Ես որոշակի կարծիք ունեմ, բայց այդ կարծիքը թող մնա իմ մեջ: Դեռ պաշտոնական տեղեկատվություն չունենք, բացի այն, որ արձանագրել ենք փաստը, որ խանութներում այս պահին ձու կա: Մարդիկ Նոր տարվա պատրաստություններ էին տեսնում՝ խմորեղեն են շատ թխել, բլինչիկ պատրաստել, գուցե դրանով կամ այլ հանգամանքներով է պայմանավորված, դա պարզում ենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել