Լրահոս
Օրվա լրահոսը

Եհովայի վկաները դատի են տվել Գեւորգ Ալթունյանին

Հունվար 12,2011 00:00

\"\"Այս կրոնական կազմակերպության շահերը ներկայացնում են փաստաբաններ արտերկրից

Հանրային հեռուստաընկերության «Տեսանկյուն» հաղորդաշարի հեղինակ Գեւորգ Ալթունյանն «Առավոտին» հայտնեց, որ երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից ստացել է մի հսկայական հայցադիմում, որի համահայցվորներն են ՀՀ-ում «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությունն ու մի շարք քաղաքացիներ: Հայցադիմումը վերաբերում է «Տեսանկյուն» հաղորդաշարի նոյեմբերի 11-ի թողարկմանը, որի ընթացքում Գեւորգ Ալթունյանն անդրադարձել էր նոյեմբերի 8-ին Սեւանում տեղի ունեցածին, երբ սեփական ծնողներին խոշտանգելով սպանեց Արման Խաչիկի Թորոսյանը: Վերջինիս մասին նրա հարեւանները պնդել էին, որ նա Եհովայի վկա է, ու իրենք լսել են, թե ինչպես էր սպանությունը կատարելուց հետո՝ բնակարանից փախուստի պահին, ասում. «Ես կատարում եմ Եհովա Աստծու հրամանները: Իմ հայրը Եհովա Աստվածն է: Ես նրա հրամանով սպանում եմ սատանաներին եւ առաջին սատանաներին արդեն սպանել եմ»: Այդ պնդումները նրանք արել էին մեր թերթի թղթակցի հետ զրույցի ընթացքում, ու նաեւ Հայաստանի բազմաթիվ այլ ԶԼՄ-ներ էին հրապարակել նույն տեղեկությունը:

Նույն պնդումներին հաղորդման մեջ անդրադարձել էր նաեւ Գեւորգ Ալթունյանը՝ հավելելով. «Սպանել էր ծնողներին, քանի որ իր Եհովան էր այդպես հրամայել: Համենայնդեպս՝ երիտասարդ մարմնում թաքնված այդ սատանայի ծնունդը հենց այդպես էր հիմնավորել իր արարքը: Ընդ որում՝ հիմնավորել էր շատ հանգիստ, անխռով, կարծես թե հենց այդպես էլ պետք է լիներ»: Հեղինակային այս հաղորդման մեջ կոշտ քննադատություն կար նաեւ ընդհանրապես աղանդների հասցեին, մասնավորապես օգտագործված էին «աղանդավորների ոհմակներ», «եհովականներ կամ այլ զահրումարներ» արտահայտությունները: «Թող ես տոլեռանդ չդիտվեմ: Թող մարդիկ ինձ անհանդուրժողականության մեջ մեղադրեն: Թող ասեն, թե ծայրահեղ եմ եւ այլն,- ասել էր Գեւորգ Ալթունյանը:- Սեւանի դեպքն ապացուցում է, որ տոլեռանդության ժամանակներն արդեն անցել են՝ հիմա ուշքի գալու ժամանակն է»:

Նշենք, որ «Եհովայի վկաներ» կազմակերպությունը նոյեմբերի 11-ի միայն ուշ երեկոյան՝ ժամը 22.21-ին տարածեց հաղորդագրություն, թե Արման Թորոսյանը «Եհովայի վկա չէ, ոչ էլ երբեւէ առնչություն է ունեցել Եհովայի վկաների հետ»: Վերջին պնդումն առնվազն զարմանալի է, քանի որ Եհովայի վկաների հետ ուղղակի հնարավոր չէ երբեւէ առնչություն չունենալ՝ նրանք ե՛ւ մեր դռներն են ծեծում, ե՛ւ կանգնեցնում փողոցներում: Հաղորդագրության մեջ նաեւ նշված էր, որ «ամբողջ աշխարհում Եհովայի վկաները հայտնի են որպես ծնողների եւ մերձավորի նկատմամբ խոր հարգանք տածող մարդիկ, ովքեր կյանքը թանկ են գնահատում եւ անընդունելի են համարում կյանքի հանդեպ ոտնձգությունը կամ այն խլելը»:

Այժմ այս դիմումով, որին կցված են բազմաթիվ տեսասկավառակներ, նաեւ որպես շահերի ներկայացուցիչ են ընդգրկված իրավաբաններ Շվեդիայից եւ այլն՝ համահայցվորները դատարանին խնդրում են. «Պատասխանող հեռուստաընկերությանը պարտավորեցնել անհապաղ հերքել հայցվորի պատիվն ու արժանապատվությունն արատավորող»՝ «Տեսանկյուն» հաղորդաշարի ընթացքում տարածված այն հաղորդագրությունը, թե իր ծնողների սպանության մեջ մեղադրվող Արման Թորոսյանը Եհովայի վկա է: Նաեւ խնդրել են պարտավորեցնել «անհապաղ հրապարակայնորեն ներողություն խնդրել՝ վերոհիշյալ սուտ տեղեկությունը տարածելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել