Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՌԱՀ-Ը ՉՈՒՆԻ ԱԶԱՏ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ»

Հունվար 12,2011 00:00

Ուստի մրցութային առաջարկները կտրամադրի «Ա1+»-ին միայն հունվարի 20-ին: Սրա մասին կողմերը պայմանավորվեցին երեկ՝ դատարանում:

\"\"
Լուսանկարում՝ «Ա1+»-ի ներկայացուցիչները միայն դատարանում հնարավորություն ունեցան ծանոթանալու ՀՌԱՀ-ի պատասխանին:

Տարիներ շարունակ ե՛ւ Հայաստանի լրագրողական կազմակերպությունները, ե՛ւ միջազգային տարբեր կառույցներն ակնկալիք էին հայտնում, թե հեռարձակման նոր մրցույթները կանցկացվեն բաց ու թափանցիկ: Սակայն արդեն ավարտված մրցութային գործընթացում այս առնչությամբ չեղան փոփոխություններ: Թերեւս ՀՌԱՀ-ը մրցույթի թափանցիկությունը պատկերացնում է միայն հնարավորություն ընձեռելով դիտել, թե ինչպես են իրենք գնահատականներ բարձրացնում, ուստի մրցութային գործընթացում ո՛չ ներգրավեցին փորձագետների հասարակական կազմակերպություններից, ո՛չ հրապարակեցին մրցութային առաջարկները եւ այլն: Ավելի՛ն՝ «Ա1+»-ը ստիպված էր դեկտեմբերի 20-ին ՀՀ վարչական դատարան դիմել՝ խնդրելով պարտավորեցնել ՀՌԱՀ-ին տրամադրել «Արմենիա»-ի եւ «Արմնյուզ»-ի մրցութային առաջարկների պատճենները: Հիշեցնենք, որ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը դեկտեմբերի 6-ին պատասխանել էր, թե այդ փաթեթները «պատճենահանման համար կարող են տրամադրվել 2011 թվականի հունվարի 20-ից հետո»: Մինչդեռ ոչ անհիմն կասկածներ կան, թե նույն շենքում գործող այդ երկու հեռուստաընկերությունների տեխնիկական եւ այլ միջոցներն էլ են նույնը: Եվ ոչ մի երաշխիք չկա, թե «Ա1+»-ի հանդեպ մշտապես կողմնակալ ու խտրական վերաբերմունք դրսեւորող ՀՌԱՀ-ն այս ժամանակահատվածը չի օգտագործել այդ երկու հեռուստաընկերությունների փաթեթներում միջոցների նույնականությունը վկայող փաստաթղթերը չեզոքացնելու համար:

Երեկ ՀՀ վարչական դատարանում, դատավոր Քրիստինե Մկոյանի նախագահությամբ, կայացավ այս գործով նախնական դատական նիստը: Հայցադիմումի մեջ «Ա1+»-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Սահակյանը նշել է, թե ՀՌԱՀ-ի կողմից «տեղեկատվության տրամադրման մերժումն անօրինական է, ոչ պատճառաբանված է եւ չի բխում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներից»: Մասնավորապես հիշեցված է, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը եւ (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին եւ ստանալու այդ տեղեկությունը»: Նաեւ ընդգծված է, որ Գրիգոր Ամալյանի պատասխանում նշված ժամկետն անգամ հստակ չէ, այսինքն՝ սահմանված չէ, թե հատկապես երբ են տրամադրելու փաթեթները:

Դեկտեմբերի 20-ից հետո ՀՌԱՀ-ը չէր պատասխանել այս հայցադիմումին: Այն կողմերին երեկ ներկայացրեց ՀՌԱՀ-ի ներկայացուցիչը՝ ՀՌԱՀ-ի Լիցենզավորման եւ մեթոդական վարչության իրավաբանական եւ լիցենզավորման բաժնի պետ Արտակ Սարգսյանը: Պատասխանում մասնավորապես նշված է, թե դեկտեմբերի 2-ին «Ա1+»-ը ՀՌԱՀ-ին խնդրել էր միայն իրեն պատկանող տեխնիկայով պատճենահանել մրցութային փաթեթները. «Ինչպես երեւում է վերոհիշյալ գրությունից, պահանջը վերաբերում է ոչ թե տեղեկատվություն ստանալուն, այլ մրցութային փաթեթները համապատասխան տեխնիկայով պատճենահանել թույլատրելուն: Հետեւաբար կարծում ենք, որ «Մելտեքս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված դիմումը չի կարող դիտարկվել որպես տեղեկատվություն ստանալու վերաբերյալ դիմում»: Ի դեպ, դատարանում «Ա1+»-ի ներկայացուցիչն այս կապակցությամբ մի անպատասխան մնացած հարց ուղղեց. «Եթե մրցութային փաթեթը տեղեկատվություն չէ, ապա ի՞նչ է»:

ՀՌԱՀ-ը նշել է, թե իրավական որեւէ ակտով սահմանված չէ իրենց պարտականությունը մրցութային փաթեթները «պատճենահանման նպատակով այլ անձանց տրամադրելու կամ դրա ժամկետի կամ կարգի վերաբերյալ»: Նկատենք, որ սա օրենսդրական բաց է, ինչպիսի մի բաց էլ պարզ դարձավ երեկ, երբ դատավորը հայտնեց, թե «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով» նախատեսված չէ դատական նիստի տեսանկարահանում եւ լուսանկարահանում: Լրագրողները հիշեցրին, որ այն, ինչ արգելված չէ՝ թույլատրված է, սակայն դատավորը պնդեց, թե ինքը չի կարող թույլատրել այն, ինչ նախատեսված չէ:

Հանձնաժողովի պատասխանում նշված էր նաեւ, որ «Մրցութային փաթեթները հեռուստաընկերությունները ՀՌԱՀ են ներկայացրել 2 օրինակից, եւ մինչեւ վարկանիշային քվեարկությունը ու մրցույթների արդյունքների ամփոփումը՝ այդ փաթեթները որոշակի ժամկետով տրամադրվել են ՀՌԱՀ անդամներից յուրաքանչյուրին՝ դրանք ուսումնասիրելու նպատակով, եւ այդ նույն ժամկետում տվյալ փաթեթները չէին կարող տրամադրվել պատճենահանման, քանի որ այդ դեպքում հանձնաժողովի անդամները չէին հասցնի ուսումնասիրել դրանք»: ՀՌԱՀ ներկայացուցիչը դատարանում անգամ հայտարարեց. «Օրենքով եւ կարգով է նախատեսված, որ մինչեւ մրցույթների ամփոփման փուլը հանձնաժողովի անդամներն իրավունք չունեն իրար հետ քննարկումներ անցկացնելու»: Հետաքրքիր է, եթե նման քննարկումներ իրոք չեն եղել՝ ՀՌԱՀ անդամներն ինչպե՞ս հանդես եկան նման միանման գնահատականներով:

Իսկ փաստաթղթերի պատճենահանումը թույլատրելու ՀՌԱՀ-ի առաջարկած ժամկետը մասնավորապես այսպես է հիմնավորված. «ՀՌԱՀ-ը, ունենալով փոքրաթիվ աշխատակազմ եւ վիճարկվող ժամանակահատվածում գերբեռնված լինելով աշխատանքով, հայտարարել եւ անցկացրել է թվով 25 մրցույթներ, վերաձեւակերպել եւ երկարաձգել է տարածքային հեռուստառադիոընկերություններին տրամադրված լիցենզիաները, տրամադրել է նոր լիցենզիաներ, ի վիճակի չէր աշխատակազմից աշխատակից տրամադրել պատճենահանումը կազմակերպելու համար: Թեեւ սկզբունքորեն չունենալով առարկություն հայցվոր կողմի տեխնիկայով պատճենահանումը կազմակերպելու դեմ՝ միաժամանակ պատճենահանումը կարող էր իրականացվել միայն ՀՌԱՀ համապատասխան աշխատակցի կողմից, քանի որ նախկինում եղել են նախադեպեր, երբ պատճենահանումը իրականացվել է դիմող կողմի միջոցով եւ փորձ է արվել պատռել համապատասխան փաստաթղթերը»: Արտակ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հաստատեց այն տեղեկությունը, թե վերջին ակնարկը վերաբերում է ժամանակին «Նոյան տապանի» մի ներկայացուցչի:

Պատասխանում վերստին նշված է, որ մինչ արտոնագրերի տրամադրման ժամկետի ավարտը՝ 2011թ. հունվարի 20-ը, «ՀՌԱՀ-ը չունի ազատ մարդկային ռեսուրսներ համապատասխան պատճենահանումը կազմակերպելու համար: Հետեւաբար, նաեւ այդ նկատառումից ելնելով է առաջարկվել վերոհիշյալ փաստաթղթերի պատճենահանումը կազմակերպել 2011թ. հունվարի 20-ից հետո, երբ ՀՌԱՀ աշխատակազմի գերբեռնվածությունը կթուլանա»: Հիշեցնենք, որ այդ գերբեռնվածությունը չէր խանգարել ՀՌԱՀ-ին, որ իր կայքէջում «Ա1+»-ի առաջարկից հրապարակի առանձին փաստաթղթեր:

Այսուհանդերձ՝ երեկվա նիստի ընթացքում ՀՌԱՀ ներկայացուցիչը պատրաստակամություն հայտնեց ավելի վաղ ներկայացնել մրցութային առաջարկները, քան դա կլիներ համապատասխան դատական գործընթացների դեպքում: Ավելի ստույգ՝ հենց հունվարի 20-ին: «Ա1+»-ը համաձայնեց առաջարկին: Դատաքննությունը նշանակվեց հունվարի 20-ին, որի ընթացքում թերեւս ի վերջո գաղտնազերծվեն այս խի՜ստ բաց ու թափանցիկ մրցույթի առաջարկներից երկուսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել