ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով կալանավորվել է ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնին կից պահպանության բաժնի ոստիկան, ոստիկանության ավագ Ա. Հովհաննիսյանը: Նա մեղադրվում է ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 մարդու մահ:
Ինչպես հաղորդեցին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2010թ. դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը ժամը 24-ի սահմաններում, Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 30 շենքի դիմաց ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնին կից պահպանության բաժնի ոստիկան, ոստիկանության ավագ Ա. Հովհաննիսյանն իր վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Կարինե եւ Անահիտ Գասպարյաններին: Ապա Ա. Հովհաննիսյանը թողել է դեպքի վայրը եւ բախվել Կոմիտասի պողոտայի եւ Վաղարշյան փողոցի խաչմերուկում կանգնած մեկ այլ ավտոմեքենայի: Կ. Գասպարյանը տեղում մահացել է, իսկ Ա. Գասպարյանը մահացել է հիվանդանոցում: Բժշկական ստուգմամբ պարզվել է, որ Ա. Հովհաննիսյանը դեպքի պահին եղել է ալկոհոլային 2-րդ աստիճանի հարբածության վիճակում:
Ա. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) եւ 244-րդ հոդվածով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը):