«Քանի որ Ադրբեջանի Հանրապետությունը շարունակում է մերժել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի՝ ինքնորոշման եւ ազատ զարգացման իրավունքը, ապա Ղարաբաղի համար նախադեպ են հանդիսանում Կոսովոյի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչումը: Ինչպես հայտնի է, այդ երկրների միջազգային ճանաչումը տեղի է ունեցել՝ հակառակ նախկին մետրոպոլիաների կամքի: Հարավային Սուդանում հանրաքվեն չի կարող նախադեպային նշանակություն ունենալ, քանի որ այն անցկացվում է մետրոպոլիայի՝ Խարտումի համաձայնությամբ: Վերջին 20 տարում նման կերպ անկախություն են ձեռք բերել նաեւ այլ երկրներ, մասնավորապես՝ Էրիթրեան՝ Եթովպիայից եւ Արեւելյան Թիմորն՝ Ինդոնեզիայից»: Այդ մասին Ստեփանակերտում «Արմինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը:
«Ինչ վերաբերում է հանրաքվեին՝ որպես ինքնորոշման համար ընթացակարգ, ապա ժողովրդավարական այդ մեխանիզմը հաջող կերպով կիրառվել է ԼՂՀ-ում դեռ 1991 թվականի դեկտեմբերին, իսկ հետագա տարիներին ԼՂՀ ժողովուրդը տարբեր համահանրապետական ընտրությունների եւ ԼՂՀ Սահմանադրության ընդունման հանրաքվեի ժամանակ հաստատել է անկախ պետականության կառուցման իր կողմնակցությունը: Այդ պատճառով Ղարաբաղին անհրաժեշտ է ոչ թե նոր հանրաքվե, այլ ժողովրդի՝ արդեն կայացած կամարտահայտման արդյունքների միջազգային ճանաչում»,- ասել է Մասիս Մայիլյանը: