Լրատվամիջոցներին ընտրարշավի ժամանակ կարգելվի՞ վերլուծություններ անել
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի գլխավորած ԸՕ-ի փոփոխությունների փաթեթի քննարկումներին աշխատանքային խմբին ներկայացված էին բազմաթիվ առաջարկություններ, այդ թվում՝ առաջարկներ էր ներկայացրել նաեւ ԲՀԿ խմբակցությունը, որոնք ընդունվեցին ամբողջությամբ, սակայն որոշները ենթակա են խմբագրական փոփոխությունների: Ի դեպ, ի թիվս ԲՀԿ-ի այլ առաջարկների, ընդունվեց նաեւ այն առաջարկը, ըստ որի՝ լրատվամիջոցները նախընտրական քարոզչության շրջանում իրավունք չպետք է ունենան լրատվությունը ներկայացնել ընտրողաբար կամ վերլուծություններով, այլ պարտավոր են ներկայացնել զուտ տեղեկատվություն այս կամ այն քաղաքական ուժի կամ թեկնածուի կողմից կազմակերպված հանդիպման, միջոցառման մասին: Իսկ վերլուծությունները պետք է կատարվեն այլ բլոկում, այսինքն՝ նախընտրական շրջանում հեռուստադիտողին կամ ընթերցողին պետք է տրվի «մաքուր լրատվություն»՝ առանց վերլուծության կամ մեկնաբանության: Այս առաջարկի հետ կապված՝ կլինեն քննարկումներ ԶԼՄ-ների խմբագիրների մասնակցությամբ: ԲՀԿ-ի ներկայացրած առաջարկներից ընդունվեցին նաեւ հետեւյալները՝ ընտրախախտումներ կատարողների վրա չի կարող տարածվել համաներումը, նախընտրական քարոզչության ժամանակահատվածում թեկնածուները կամ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը, այդ ուժերի անունով այլ անձինք իրավունք չունեն բարեգործություն կատարելու: ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե շատ կարեւոր է, որ իրենց բոլոր առաջարկները ընդունվեցին. «Առանց որեւէ տեսակավորման աշխատանքային խմբի կողմից մեկ առ մեկ քննարկվում են բոլոր առաջարկությունները: ԲՀԿ-ի առաջարկների իմաստն այն էր, որ պատասխանատվության ինստիտուտներն ավելի բարձր լինեն»:
Աշխատանքային խմբի երեկվա քննարկումներին հրավիրված էր նաեւ «Գերագույն խորհուրդ. պատգամավորական ակումբ» հ/կ-ի նախագահ Ռուբեն Թորոսյանը, ով եւս առաջարկներ էր ներկայացրել, սակայն պարոն Թորոսյանն այդպես էլ չներկայացավ քննարկումներին: Այնուամենայնիվ, աշխատանքային խումբը վերջինիս բացակայությամբ քննարկեց եւ չընդունեց նրա առաջարկները: Աշխատանքային խմբի անդամ, ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանն ասաց, թե բավականին մեծ թիվ են կազմում ներկայացված առաջարկները, եւ յուրաքանչյուրը քննարկվում է մեկ առ մեկ. «Մոտ 20 հ/կ-ներ եւս ներկայացրել են իրենց առաջարկությունները եւ քննարկվում են ինչպես կոալիցիայի, այնպես էլ ընդդիմադիր ուժերի առաջարկությունները: Օրինակ, այսօր մենք պետք է քննարկեինք Ռուբեն Թորոսյանի առաջարկությունները, ինքը, ցավոք, չէր ներկայացել, ես որպես մարդ կուզենայի մեկ-երկու հարցադրում անել պարոն Թորոսյանին, բայց նա չներկայացավ: Չեն ներկայանում, թեպետ առաջարկություններ են անում, ապա ամպագոռգոռ հայտարարություններ են անում տարբեր ատյաններում: Ինքը հասարակական կազմակերպությունների մասին արտահայտվել էր այսպես՝ «գրանտակեր», կուզենայի իրեն հարցնել՝ իսկ իր կազմակերպությունը «ինչակե՞ր» է»։ Ըստ Հովհաննես Սահակյանի, քննարկումները աշխատանքային խմբում բավականին արդյունավետ են եւ իրենք ընդունում են անգամ ընդդիմադիրների առաջարկները. «Մենք խնդիր չունենք ԸՕ-ով որեւէ բան արգելափակելու, մեր խնդիրը օրենսգիրքը բարելավելն է, իսկ նրանք, ովքեր չեն ուզում մասնակցել, իրենց խնդիրն է: Մենք հասարակական գործընթացը սկսել ենք, եւ պասիվությունը չի բխում ոչ իրենց եւ ոչ էլ հասարակության շահերից»: