Վստահեցնում է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը
– ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունները հայտարարել են, թե չեն մասնակցելու կոալիցիայի կազմակերպած ԸՕ-ի փոփոխություններին, այդ դեպքում որքանո՞վ կարող են արդյունավետ լինել միայն իշխանական ուժերի մասնակցությամբ քննարկումները:
– Ընդհանրապես, խորհրդարանի առանձնահատկությունն այն է, որ խորհրդարանում միշտ ձգտում են հասնել կոմպրոմիսի, համաձայնության, եւ եթե չի հաջողվում հասնել կոմպրոմիսի, այդ դեպքում, իհարկե, մեծամասնությունը ստանձնում է պատասխանատվությունը: Մենք փորձել ենք հասնել կոմպրոմիսի եւ աշխատանքային խմբի աշխատանքներին մասնակցելու ենք հրավիրել նաեւ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներին, ցավոք, նրանք հրաժարվեցին, ինչը ես համարում եմ ոչ ճիշտ մոտեցում: Դա ամենեւին չէր բացառվում, որ իրենք կարող էին նախապատրաստել իրենց այլընտրանքային նախագիծը: Սակայն հնարավոր կոմպրոմիսային լուծումներ գտնելը շատ կարեւոր կլիներ:
Քանի որ իրենք չմասնակցեցին մեր աշխատանքներին, սակայն ունեն առաջարկություններ, մենք ուզում ենք անդրադառնալ իրենց առաջարկություններին եւ տեսնել, թե որոնք կընդգրկենք մեր նախագծում, սակայն մի բան հստակ է՝ այս դեպքում արդեն ընդդիմադիր խմբակցությունները կարող են հանդես գալ որպես սովորական առաջարկություններ ներկայացնողներ: Մեր աշխատանքային խումբը աշխատում է հետեւյալ ռեժիմով՝ հրավիրում ենք բոլոր առաջարկություններ ներկայացնողներին, յուրաքանչյուր առաջարկությունը ներկայացվում է աշխատանքային խմբին, եւ եթե խմբի անդամներից մեկը հայտարարում է, թե պաշտպանում է ներկայացված առաջարկությունը, ապա տվյալ առաջարկը կարող է քննարկվել խմբում, իսկ եթե որեւէ մեկը չի պաշտպանում այս կամ այն առաջարկությունը, ապա մենք ուղղակի անցնում ենք հաջորդին: Ի դեպ, ասեմ, որ մենք ընդունել ենք բավականին առաջարկություններ, եւ կարծում եմ, որ այս աշխատանքի շնորհիվ մեր ԸՕ-ի նախագիծը էապես բարելավվեց եւ կշարունակի բարելավվել:
– Դուք ասում եք՝ թե, նախագիծը բարելավվեց, սակայն ինչո՞վ են պայմանավորված այս հերթական փոփոխությունները, եւ դարձյալ մի ծեծված հարց՝ ի՞նչ երաշխիք, որ այս փոփոխությունների արդյունքում կունենանք իդեալական ընտրություններ:
– Ընտրությունները, որպես այդպիսին, երբեք իդեալական չեն լինում, իհարկե, մեծ մասամբ ընտրությունների անցկացումը կախված է նաեւ ձեւավորված ավանդույթից: Այն դեպքում, երբ մենք տեսնում ենք, որ առկա մեխանիզմները չեն աշխատում ինչ-ինչ պատճառներով, փորձում ենք գտնել ավելի հաջողված մեխանիզմներ, որոնք լրացուցիչ արգելքներ կստեղծեն խախտումների կամ ձեւավորված արատավոր պրակտիկայի համար: Բերեմ մի պարզ օրինակ՝ ընտրական գործընթացների ֆինանսավորումը: Թեեւ առկա օրենսգրքում մենք ունեցել ենք դրույթներ, որոնք թույլ էին տալիս ընտրությունները պատշաճորեն անցկացնել, սակայն փորձը ցույց է տալիս, որ, այնուամենայնիվ, ֆինանսական առումով ընտրությունները պատշաճորեն չանցկացվեցին: Մենք փորձեցինք լուծումներ գտնել: Լուծումներ, որոնք ավելի արդյունավետ կլինեն, ենթադրենք՝ ամեն մի առանձին միջոցառման համար առանձին պետք է հաշվետվություն ներկայացվի, հաշվետվության ձեւերը պետք է միասնականացվեն, եւ ԿԸՀ-ն պետք է նշի այդ ձեւերը: Եթե առկա է, ենթադրենք, էական տարբերություն շուկայում ձեւավորված գնի եւ ներկայացված գնի միջեւ, ապա պետք է հստակ լինի, թե ինչ է տեղի ունենալու այս դեպքում, ինչպիսի սանկցիաներ պետք է լինեն եւ այլն: Ուզում եմ ասել, որ մենք փորձել ենք մշակել մանրամասնեցման այնպիսի աստիճան, որը օրենքը կդարձնի կենդանի օրենք:
– Համաձայնեք, եթե այդ նորմը դառնա օրենք, ապա Ձեր նշած խստապահանջությունը կգործի միայն ընդդիմադիր ուժերի կամ թեկնածուների ֆինանսական հաշվետվությունների դեպքում, իսկ իշխող ուժերին ոչ ոք չի համարձակվի այդ նույն խստությամբ ստուգել, ինչպես ասում եք՝ մանրամասնեցնել:
– Ես վստահ եմ հակառակում՝ այդ մասում մենք կունենանք բացարձակապես նույն մոտեցումը բոլորի նկատմամբ:
– Ձեր հանձնաժողովում քիչ առաջ քննարկվեց մի առաջարկ, ըստ որի՝ լրատվամիջոցը, մասնավորապես հեռուստատեսությունը, լրատվության բաժնում պարտավոր է միայն մաքուր լրատվությունը ներկայացնել՝ առանց վերլուծության կամ մեկնաբանության, իսկ վերլուծությունը կարող է արվել այլ հաղորդման ընթացքում, խնդրում եմ ասեք՝ իսկ ովքե՞ր են լինելու այս նորմի պահպանման պատասխանատուները, եւ ովքե՞ր են ստուգելու՝ տվյալ լրատվամիջոցը պահպանե՞ց օրենքը, թե՞ ոչ:
– Ես մեկ այլ օրինակի վրա բացատրեմ մեր մոտեցումը. մենք նախկինում էլ նշում էինք, որ պետք է լինի հավասարություն, թեկնածուների հավասար ներկայացվածություն, չնայած այդ հավասարությունը երբեւէ չի նշանակում թվաբանական հավասարություն, ուրեմն՝ ինչ-որ սուբյեկտիվ գնահատման դաշտ է գտնվելու: Հայտնի է, որ բազմաթիվ դիտորդական կազմակերպություններ վերլուծում են լրատվական դաշտը եւ ասում են՝ այսքանը չեզոք էին, այսքանը բացասական գնահատական են տվել, այսքանը՝ դրական եւ այլն: Գոյություն ունեն մեթոդիկաներ, որոնք հնարավորություն են ընձեռում հանգել որոշակի եզրահանգման: Քանի որ ավանդույթը դեռեւս ձեւավորված չէ, մենք ստիպված կատարեցինք հաջորդ քայլը՝ ասացինք, որ մեթոդիկան եւս պետք է հրապարակվի, եւ դրա հիման վրա հանրային հանձնաժողովը պետք է ուսումնասիրի, թե ինչ է տեղի ունենում դաշտում եւ պարբերաբար հրապարակի: Ուրեմն՝ պետք է գոյություն ունենա մեթոդիկա, որը պետք է լինի բոլորի համար բաց եւ թափանցիկ, պետք է լինի դրա գործադրում հանձնաժողովի կողմից եւ պետք է լինի հաշվետվություն: Այսինքն՝ մտցվել է երեք լրացուցիչ մեխանիզմ, քանի որ պարզ դարձավ, որ գործող օրենսգրքում առկա ձեւակերպումը թերի է եւ պատշաճորեն չի գործում: Յուրաքանչյուր այսպիսի դեպքում, երբ մենք հայտնաբերում ենք դրույթ, որը հնարավոր է ավելի մանրամասնեցնել եւ դեպի առաջ քայլ կատարել, մենք դա փորձում ենք անել: Ինքնին դա չի կարող համարվել բավարար, որովհետեւ ցանկացած օրենքի կատարմամբ է երեւում՝ մենք մեր նպատակին հասնո՞ւմ ենք, թե՞ ոչ, այնուամենայնիվ, նման քայլերը հնարավորություն են ընձեռում ձեւավորել համապատասխան մոտեցում ընտրական հանձնաժողովներում, հասարակության մեջ: