Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՂԵՐԸ ՄԱՏՆԱՀԵՏՔ ՉԵՆ ԹՈՂԵԼ

Հունվար 12,2011 00:00

\"\"Ենթադրվում է, որ հունվարի 10-ին «Հանրապետություն» կուսակցություն ներխուժած հանցագործները աշխատել են շատ զգուշորեն՝ ձեռնոցներով, կամ մաքրել են իրենց ու նույնիսկ «տանտերերի» մատնահետքերը:

ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչությունում ՔՕ 177 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ գողություն, քրեական գործ է հարուցվել հունվարի 10-ին «Հանրապետություն» կուսակցության գրասենյակում կատարված գողության փաստի առիթով: Սույն հոդվածի երկրորդ մասը ենթադրում է, որ կոնկրետ դեպքում գողությունը կատարվել է կամ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ եւ կամ՝ կրկին անգամ:

Հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամսվա ընթացքում սա կուսակցության գրասենյակում եւ մասնավորապես «Հանրապետության» քաղխորհրդի անդամ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի աշխատասենյակում կատարված արդեն երկրորդ գողությունն է: Առաջին դեպքի առնչությամբ էլ քրգործ էր հարուցվել, բայց հանցագործներն այդպես էլ դեռ չեն բացահայտվել: Առաջին դեպքը գրանցվել էր դեկտեմբերի 13-ին: Այն ժամանակ հանցագործները դարձյալ պատուհանով մտել էին գրասենյակի տարածք, փորփրել էին իրավապաշտպանի աշխատասենյակի դարակները, սեղանին դրված փաստաթղթերն էին քրքրել, տարել էին համակարգչի մոնիտորն ու ստեղնաշարը, նաեւ խոհանոցում եղած սուրճը, բայց դարակում եղած 16 հազար դրամին ձեռք չէին տվել: Այս անգամ եւս իրավապաշտպան Զեյնալյանն իր աշխատասենյակը տակնուվրա արած էր գտել երկուշաբթի առավոտյան: Նա ենթադրում է, որ հանցագործները գրասենյակ են ներխուժել կիրակի երեկոյից մինչեւ երկուշաբթի առավոտն ընկած ժամանակահատվածում, երբ գրասենյակում մարդ չի եղել: Էլի քրքրել են Զեյնալյանի աշխատասենյակի դարակները, պատառոտված ու բացված են եղել նրան հասցեագրված ծրարները, փորփրել են նաեւ կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի որոշ թղթեր: «Առավոտի» հետ զրույցում պարոն Զեյնալյանն ասաց, թե ինքը որեւէ գողացված իր կամ փաստաթուղթ դեռ չի հայտնաբերել, եւ համոզված է, որ գողության երկու դեպքերն էլ կապված են իր մասնագիտական գործունեության հետ: Այդպես են կարծում նաեւ նրա գործընկեր իրավապաշտպանները՝ մասնավորապես Հայաստանի Հելսինկյան ասոցիացիան եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Վերջիններս դեռ երկուշաբթի օրը տարածած հայտարարության մեջ համոզմունք էին հայտնել, թե նախկինում կատարված նմանատիպ դեպքը չի բացահայտվում ոստիկանության անգործության պատճառով, եւ այս մեկն էլ չի բացահայտվելու. «Հայտարարում ենք, որ վերոհիշյալ հարձակումները իշխանության պատվերն են, որն ուղղված է միմիայն Արտակ Զեյնալյանի իրավապաշտպան գործունեության դեմ: Այս տեսակ քայլերը իրավապաշտպանի գործունեությունը խոչընդոտելու նպատակ են հետապնդում»: Հիշեցնենք, որ Զեյնալյանը ներկայացնում է ոչ միայն «Մարտի 1»-ի զոհերի, այլեւ ոստիկանության Չարենցավանի բաժանմունքում մահացած Վահան Խալաֆյանի իրավահաջորդների շահերը: Ա. Զեյնալյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացրել է մի շարք գործեր, այդ թվում նաեւ՝ «Մելտեքս» ՍՊԸ եւ Մ. Մովսեսյանը՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործը՝ «Ա1+»-ի վերաբերյալ:

Կատարված հանցագործության վերաբերյալ, սակայն, այլ կարծիք ունի ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետ Աշոտ Կարապետյանը: «Առավոտի» հետ զրույցում երեկ նա վստահեցրեց, թե օպերատիվ աշխատանքների փորձ ունեցող լավագույն աշխատակիցների մասնակցությամբ եւ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ խումբ, եւ աշխատանքներ են տարվում հանցագործության բացահայտման ուղղությամբ: Նրա համոզմամբ, կատարվածը սովորական հանցագործություն է, որը, նրա ասելով՝ պետք չէ քաղաքականացնել ու ֆետիշացնել: «Մենք դա համարում ենք նաեւ մեր պատվի հարցն ու ամեն ինչ անելու ենք դա բացահայտելու համար, որպեսզի ցույց տանք, որ սա շարքային գործ է, սովորական հանցագործություն»,- հայտարարեց Ա. Կարապետյանը՝ նախորդ նույնատիպ հանցագործության բացահայտված չլինելու մասին մեր հարցադրմանն ի պատասխան հավելելով, թե ոչ միայն շարքային քաղաքացիների, այլ նույնիսկ բարձրաստիճան ոստիկանների բնակարաններ են թալանի ենթարկվել, որոնք տարիներով չեն բացահայտվել կամ բացահայտվել են մի քանի տարի անց ու նույնիսկ պատահաբար՝ դեպքերի բերումով:

Ա. Զեյնալյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե տպավորություն ունի, որ երկու հարձակումներն էլ իրականացրել է նույն մարդը, որն արդեն ծանոթ է եղել գրասենյակին, «որովհետեւ տեղեր կային, որոնք նախորդ անգամ տակնուվրա արած են եղել, այս անգամ դրանց ձեռք չեն տվել»:

Կենտրոնի ոստիկանապետ Ա. Կարապետյանն իր հերթին «Առավոտին» ասաց, թե երեկ ինքը մի գրությամբ դիմել է «Հանրապետություն» կուսակցությանը՝ առաջարկելով գրասենյակն առնել ոստիկանության պահպանության տակ: Այս գրավոր առաջարկը Ա. Զեյնալյանը դեռ չի ստացել, բայց ասաց, թե՝ հետաքրքիր առաջարկ է, ու նամակը ստանալուց եւ դրա բովանդակությանն ու պայմաններին ծանոթանալուց հետո հարցը կքննարկի կուսակցության ղեկավարների հետ: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել