Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԱՆՏԱԿՏ ՀԱՐՑԵՐԻՆ

Հունվար 11,2011 00:00

Որքան էլ Օստապ Բենդերը մեզ համոզի, որ մարդկանց դուր է գալիս ցինիզմը, բարեկրթությունը միշտ էլ մեզ  ապացուցում է հակառակը: Իսկ կյանքում այնքա՜ն շատ են անտակտ մարդիկ եւ հատկապես նրանց տված անտակտ հարցերը: Արձակելով իրենց լեզվի կապերը՝ այդ մարդիկ համոզված են, որ դա անում են ելնելով բարի կամեցողությունից:  Դժվար կլինի  նրանց ապացուցել, որ այդպիսի  հարցեր տալուց առաջ դու այդ իրավունքը պետք է վաստակես: Իսկ ավելի լավ  չի՞ լինի, եթե նման դեպքերի համար դուք պատրաստի պատասխաններ ունենաք: Եվ այսպես,
Հարց 1. «Քանի՞ տարեկան ես»:
Պատասխաններ՝ ա) դեռ 100 չկամ,
բ) քեզնից մեծ եմ, թե քանի տարով՝ որոշիր ինքդ:
Հարց 2. «Ինչո՞ւ մինչեւ այժմ չես ամուսնացել»:
Պատասխաններ՝ ա) ես դեռ չեմ հանդիպել իմ ասպետին,
բ) ոչ ոք դեռեւս ինձ չի արել առաջարկություն, որից չէի կարող հրաժարվել:
Հարց 3. «Ե՞րբ ես վերջապես երեխա բերելու»:
Պատասխաններ՝ ա) շնորհակալություն, որ ինձ հիշեցրիր այդ մասին, վաղուց էի որոշել դիմել քեզ, որ օգնես քո խորհուրդներով եւ նշես երեխայի սաղմնավորման ամենալավ ժամանակը,
բ) Երեխա ոչ թե բերում են, այլ ծնում, ծննդաբերում, առայժմ ինձ այդ հարցում խանգարում է դիպենտորֆիան, ատենֆորիան, եւ ասում եք նմանատիպ  մի հիվանդություն, որի անունը նա չի լսել:
Հարց 4. «Այդ ինչքա՜ն ես գիրացել: Չե՞ս ուզում նիհարել: Մի լավ նոր դիետա գիտեմ, ասեմ, փորձիր»:
Պատասխաններ՝ ա) հազիվ թե քո դիետան ինձ օգնի, ես լսել եմ, որ այն չի ներգործում խելացի եւ տակտով  մարդկանց վրա,
բ) ինչո՞ւ չէ, կփորձեմ, ես էլ եմ զգում, որ վերջերս շատ եմ գիրացել… (նա ուզում էր դա լսել քեզնից եւ ժպտում է):
Հարց 5.- «Չե՞ս հիշում, թե ինչ էր  գրել Մարկեսը «Սերը խոլերայի օրերին» գրքում «Արդարություն» թերթի մասին»: (Հարցի նպատակը քեզ ավելի շուտ նվաստացնելն է եւ ապացուցելը, որ դու Քամյու, Բոդլեր կամ Կաֆկա չես կարդացել:
Պատասխաններ՝ ա) ոչ, չեմ հիշում, հիշեցրու (նա հաճույքով  կխոսի, մոռանալով քեզ նվաստացնելու ցանկությունը),
բ) գիտակ ես ձեւանում եւ քո խոսքում այնպիսի բառեր ես օգտագործում, որոնց իմաստը նա չի հասկանում: Օրինակ՝  կոնտրուենտ, տրանսցենդենտալ եւ այլն:
Հարց 6. «Ինչքա՞ն աշխատավարձ ես ստանում»: Այս հարցը տալիս են  ամենից շատ, քանի որ ուրիշի ֆինանսական բարեկեցության հարցերը միշտ հետաքրքրում են շրջապատողներին:
Պատասխաններ՝ ա) ես համեստ մարդ եմ, եւ առայժմ այդ գումարը ինձ  բավականացնում է:
բ) հարցին պատասխանում  ես հարցով՝ «Իսկ դո՞ւ ինչքան ես վաստակում»:
Կասկածում եմ, որ զրուցակիցդ ճիշտ կպատասխանի քո հարցին, սակայն պատասխանը լսելուց հետո՝ համեմատելով ձեր եկամուտները նրա ասածի հետ, պատասխանեք՝ «Մի փոքր ավելի քիչ, քան դու» կամ «Մի փոքր քեզնից  շատ»:

Անտակտ հարցերից խուսափող՝ ՄԵԼՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ 

Հ. Գ. Իհարկե, ցանկացած անտակտ հարցի համար կարելի է գտնել համարժեք եւ քաղաքավարի այլ պատասխաններ: Ճիշտ է, երբեմն՝ հազվագյուտ դեպքերում, կարելի է մի կողմ դնել քաղաքավարությունը: Այո, կան դեպքեր, երբ հոգեբանական այսպիսի պատասխանների փոխարեն պարզապես կարելի է ասել.
ա) ինձ հանգիստ թողեք,
բ) դա ձեզ ամենեւին չի վերաբերում:
Եվ, վերջապես, նման դեպքերում ամերիկացիներն օգտագործում են շատ հարմար մի արտահայտություն. «Ես չեմ ցանկանում դա քեզ հետ քննարկել»:
Հիշիր, որ դու նույնիսկ այդպես վարվելու իրավունք ունես: Այնուամենայնիվ, խորհուրդ կտայի սկզբում օգտվել իմ առաջարկած պատասխաններից: Իսկ եթե դա չի օգնում, վարվիր դիմացինի հետ այնպես, ինչպես կկամենայիր, որ քեզ հետ վարվեին ուրիշները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել