Լրահոս
Օրվա լրահոսը

Հրեական հարսանիքի ավանդույթները

Հունվար 11,2011 00:00

\"\"Նախաամուսնական այցելությունը շոգեբաղնիք՝ լավ ավանդույթ է

Ընտանեկան կյանքը նման է ադամանդի մշակմանը: Ադամանդը շատ ամուր է, միեւնույն ժամանակ՝ շատ նուրբ, իսկ նրան հղկելու համար պետք է ամուր սեղմել այն քարը, որը պետք է մշակի այն. հակառակ դեպքում՝ քարերից մեկը կփշրվի…
Հարսանեկան արարողության ավանդույթները տարբեր են՝ կախված ազգային եւ կրոնական պատկանելությունից: Հարսանիքը հարսանքավորների համար նույնանում է գեղեցիկ սպիտակ զգեստով, հմայիչ փեսայով, ժպտադեմ հարսով ու մի ամբողջ օրվա «տաշի-տուշի»-ով: Սակայն հարսանիքն ու ամուսնությունը այնքան էլ հեշտ չեն, որքան թվում է առաջին հայացքից. մի քանի ավանդույթների պետք է հետեւել: Օրինակ, հրեական հարսանիքի արարողակարգը մյուսներից եւս չի տարբերվում ավանդույթների հարցում: Իհարկե, նմանություններ կան բոլոր հարսանիքների մեջ, սակայն հրեական հարսանիքը ունի իր հետաքրքիր առանձնահատկությունները: Հրեական հարսանիքի ավանդույթները սկսվում են հենց նշանադրության օրվանից: Ամուսնանալու կամ նշանադրվելու համար հրեաները չունեն հատուկ արգելող օրեր, բացառությամբ տոն օրերից: Հարսանեկան մատանին պետք է լինի ոսկյա: Շատ ազգերի մոտ, այդ թվում եւ հայերի, կա ափսե կոտրելու ավանդույթը: Հրեաների մոտ ափսե կոտրում են նշանադրության օրը, իսկ հարսանիքի ժամանակ՝ բաժակներ:
Նախաամուսնական տոները սկսվում են հարսանիքից մեկ շաբաթ առաջ: Նախանձելի մի ավանդույթ ունեն հրեաները. հարսանիքից մեկ օր առաջ հավաքվում են բոլոր հարազատներն ու ընկերները եւ միմյանց նվերներ են տալիս: Հրեաների նախաամուսնական այցելությունը շոգեբաղնիք՝ իրոք լավ ավանդույթ է, չնայած դա չի նշանակում, թե մյուս հարսնացուներն ու փեսացուները ամուսնությունից առաջ չեն լողանում: Պարզապես նրանց մոտ դա հատուկ արարողակարգ է, հարսնացուն մի խումբ աղջիկների, իսկ փեսացուն՝ իր ընկերների հետ այցելում է ֆիթնես ակումբ հիշեցնող մի վայր, որտեղ գնում են բացառապես նրանք, ովքեր պատրաստվում են ամուսնանալ: Հարսնացուն ջուրը մտնելուց առաջ ազատվում է բոլոր զարդերից եւ մաքրում կոսմետիկ միջոցները, նույնիսկ եղունգների լաքը: Լողանալու ընթացքում ընթերցվում է հատուկ աղոթք: Հարսանեկան արարողության ժամանակ դահլիճ են մտնում ոչ թե «թագավոր» եւ «թագուհի» նորապսակները, ինչպես կասեն բոլոր թամադաները, այլ գալիս է փեսան՝ երկու հայրերի (իր եւ հարսնացուի) եւ հարսնացուն՝ երկու մայրերի (իր եւ փեսացուի) հետ: Ամենազվարճալին այն է, որ հարսանիքը օրինականացվում է երեկոյան, կարելի է ասել՝ քեֆի ճիշտ կեսն անցնելուց հետո: Նրանց օրենքները իրոք որ հետաքրքիր են. հատկանշական է, օրինակ, այն, որ փեսացուն ռաբբիի առաջ կանգնած, մինչեւ ամուսիններ հայտարարելը, մեկ անգամ եւս բարձրացնում է հարսի քողը՝ համոզվելու համար, որ նա, իրոք, իր ընտրյալն է: Հրեական հարսանիքի ժամանակ չի հնչում ոչ մի օտար երաժշտություն: Ինչպես բոլոր ազգերի մոտ, հրեաների հարսանիքը եւս տեղի է ունենում փոխադարձ սիրո եւ երկու ընտանիքների փոխհամաձայնության շնորհիվ, միայն մեկ տարբերությամբ, որ հրեա փեսացուները իրենց հարսնացուների համար նաեւ բավականին մեծ գումար են տալիս: Անկախ ազգությունից եւ ավանդույթներից՝ հարսանեկան արարողությունները միշտ էլ գեղեցիկ են եւ հուզումնառատ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել