Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ Է՝ «ԴԵԼՖԻՆԱՐԻԱՆ» ՈՒԶԲԵԿՆԵՐԻՆԸ ՉԻ

Հունվար 11,2011 00:00

Ուկրաինացիները հայ հանդիսատեսի համար ներկայացումը վարում էին ռուսերեն, իսկ նրանք, ովքեր չէին հասկանում, ստիպված էին հասկանալ դելֆինների կամ ծովային կատուների լեզուն:

\"\"
Չնայած շուկայականից եռակի-քառակի բարձր գներին, ծնողները ստիպված գնումներ էին կատարում՝ երեխաներին չլացացնելու համար:

\"\"
Սա ամենաթեթեւ օրերից էր, երբ դահլիճում կանգնելու
մի քանի տեղ կար:

\"\"
Դելֆինների այս գեղեցիկ հնարքների արդյունքում հատկապես առաջին շարքի նստածները ոտքից գլուխ ջուր էին լինում, երբեմն՝ այն աստիճան, որ չգիտեիր՝
վերարկուդ քամեի՞ր, թե՞ հետեւեիր կենդանիներին:

Ընդամենը մի քանի օր է, ինչ պաշտոնապես բացվել է Երեւանի «Դելֆինարիան», բայց արդեն ուկրաինական «Ներում» ընկերությունը, որը շահագործում է այն, սկսել է առաջին խախտումներն ու մեր ազգաբնակչության հետ առաջին ընդհարումները: Բանն այն է, որ «Դելֆինարիան» որդեգրել է նույն «Հարավկովկասյան երկաթուղիների» գործելաոճը. եթե երկաթուղու դեպքում մի տեղի համար երկու մարդու են տոմս վաճառում ու ուղեւորներին գցում կրակը, «Դելֆինարիայի» դեպքում մարդկանց տոմս են վաճառում այն դեպքում, երբ սրահում ասեղ գցելու, անգամ մեկ ոտնատեղ չկա: Ձմեռային արձակուրդի վերջին հանգստյան օրերին «Դելֆինարիայում» այդպիսի իրավիճակ էր. երեխաների հետ փուչիկներով, պոպկոռնով ժամանցի եկած ծնողները պատրաստ էին խեղդել տոմսավաճառին՝ պահանջելով վաճառված տոմսի դիմաց իրենց համար տեղ ապահովել. «Եթե տեղ չկար, ինչո՞ւ էիք տոմս ծախում, մեզ ինչի՞ տեղ եք դրել»,- տոմսավաճառին բողոքում էին այցելուները: Իսկ «Դելֆինարիայի» ադմինիստրացիան պահեստից նոր աթոռներ էր ավելացնում, ժողովրդին խնդրում խտանալ, որ եւս մի մարդու համար գոնե կանգնելու տեղ ճարեին: Նշենք, որ Հայաստանի պայմանների համար «Դելֆինարիա» այցելելը էժան հաճույք չէ՝ հանգստյան օրերին՝ 1 անձը 3000 դրամ, աշխատանքային օրերին՝ 2000 դրամ: Հաշվի առնելով, որ կառույցը նախատեսված է 900 հանդիսատեսի համար, միայն 1 օրվա 1 ներկայացման ընթացքում, փաստորեն, «Դելֆինարիայի» տնօրինությունը վաստակում է առնվազն 2 մլն 700 հազար դրամ, օրական 3 սեանսի ընթացքում՝ առնվազն 7 մլն դրամ՝ չհաշված կողմնակի ծառայությունները:
Օրինակ, դելֆինների հետ 1 լուսանկարն արժե 3000 դրամ, կառույցի ներսում գործում է խանութ, որտեղ մեր հանրապետությունում երեւի ամենաթանկ գներն են: Պատկերացում կազմելու համար, թե ինչ կարգի չհիմնավորված բարձր գներ են սահմանված այնտեղ, նշենք, որ, օրինակ, 200 դրամանոց հասարակ շոկոլադները 600-700 դրամ էին, Քինդեր ձվիկը 600 դրամ էր, աղի ձողիկը՝ 300 դրամ: Ուստի այս եկամուտների դիմաց այն խոստումը, թե Կոմիտասի անվան այգին կբարեկարգեն, ակնկալիք է ստեղծում, որ այգու պարիսպները ոսկուց պիտի անեն, ընդ որում՝ սպառողների իրավունքները ոտնահարելու, նրանց ու երեխաներին ստորացնելու գնով:
Իհարկե, իրենք՝ դելֆիններն ու ծովային կատուները, որոնք կազմակերպած շոուի գլխավոր հերոսներն էին՝ պարզապես հիասքանչ էին, բայց մի խնդիր կար, որը թույլ չէր տալիս հայ հանդիսատեսին լիարժեք մասնակցել ցուցադրությանը: Բանն այն է, որ ողջ ներկայացման ընթացքում արտերկրից հրավիրված հաղորդավարը խոսում էր ռուսերեն ու երեխաներից քչերն էին հասկանում, թե ինչ է առհասարակ խոսում նա: Լեզուն այնքան էլ չէր խանգարի կենդանիների անզուգական տանգոն, ռոքընռոլն ու պորտապարն ըմբոշխնելու համար, եթե շոուի ընթացքում խաղ չկազմակերպվեր հանդիսատեսի հետ: Երբ հայտարարվեց, որ այն 3 համարձակ երեխաները, ովքեր երգեն բեմի վրա, դելֆինների հետ անվճար կնկարվեն, ծնողներն իրենց երեխաներին ձրի նկարելու համար արագ լցրեցին բեմի վրա: Մոտ 15 րոպե պահանջվեց, մինչեւ հայ երեխաներին հաղորդավարը կարողացավ մի կերպ բացատրել, որ երգեն: Իսկապես անհարմար իրավիճակ էր թե՛ երեխաների, թե՛ կազմակերպիչների համար: Բայց քանի որ Հայաստանի Հանրապետությունում պետական լեզուն հայերենն է, անկախ նրանից, թե ովքեր են  այդ կառույցի շահագործողները, նրանք պարտավոր էին ապահովել հայերեն թարգմանություն: Ստացվում է, որ եթե ուզբեկներն առնեին «Դելֆինարիան», մեր երեխաները ստիպված պետք է նրանց լեզուն սովորեին: Տոմսի վրայի նշումներից սկսած՝ «Դելֆինարիայում» ամեն ինչ օտարալեզու էր, մինչդեռ այդքան խոշոր եկամտի դիմաց կարող էին ոչ միայն ապահովել հայերեն թարգմանությունը, այլեւ հայերենի իրենց իմացությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել