Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՄՐՑԱՇԱՐԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ

Հունվար 11,2011 00:00

\"\"
Կանանց առաջնության վիճակահանությունը:

Երեկ կայացավ շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության տղամարդկանց 71-րդ եւ կանանց 66-րդ առաջնությունների բացումը, որոնց մեկնարկները պետք է տրվեին այսօր: Սակայն Հայաստանի շախմատի ֆեդերացիան կայացրեց մի որոշում, որի նախադեպը դժվար է հիշել:
Տղամարդկանց առաջնությունը հետաձգվեց մեկ շաբաթով ու առաջին տուրը կկայանա հունվարի 17-ին: Պատճառը գրոսմայստեր Զավեն Անդրիասյանի հիվանդությունն է, որը հակառակ դեպքում ի վիճակի չէր լինելու հանդես գալ առաջնությունում: Բանն այն է, որ այս տարի առաջին անգամ հանդես գալու համար հայտ ներկայացրած բոլոր 12 շախմատիստներն էլ միջազգային գրոսմայստերի կոչում են կրում: Նրանք են. Արման Փաշիկյան, Հրանտ Մելքումյան, Տիգրան Լ. Պետրոսյան, Ավետիք Գրիգորյան, Աշոտ Անաստասյան, Արտաշես Մինասյան, Սամվել Տեր-Սահակյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Տիգրան Քոթանջյան, Դավիթ Պետրոսյան, Արա Մինասյան, Զավեն Անդրիասյան: Մասնակիցները որոշելու են ոչ միայն հանրապետության չեմպիոնին, այլեւ վիճարկելու են ազգային հավաքականի միակ թափուր տեղի ուղեգիրը: Այն, որ ֆեդերացիան մեկ մասնակցի համար որոշեց հետաձգել մի ամբողջ առաջնություն, վկայում է այն մասին, որ մենք արդեն ունենք այնպիսի շախմատիստներ, որոնցից յուրաքանչյուրն արժանի է լուրջ վերաբերմունքի, ինչը վերջին միջազգային բարձրակարգ մրցաշարերում ցույց տված պատկառելի արդյունքների հետեւանք է, ապա՝ մեր ընտրանիում արժանի տեղ ունենալու համար արդեն լիարժեք պայքար մղելու անհրաժեշտություն: Եվ ուրախալի է, որ հանրապետության շախմատի ֆեդերացիան այս ամենին իսկապես մեծ կարեւորություն է տալիս:
Ինչ վերաբերում է կանանց առաջնությանը, այստեղ մեկնարկը ժամանակին տալու խնդիրներ չկան: Այսօրվանից Հայաստանի չեմպիոնուհու կոչման համար պայքարի մեջ են ներգրավվելու Ն. Մովսիսյանը, Ս. Անդրիասյանը, Լ. Մարտիրոսյանը, Ա. Խառատյանը, Մ. Գեւորգյանը, Ա. Բաբայանը, Վ. Քալաշյանը, Շ. Սարգսյանը, Ա. Մեսելջյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել