Անցյալ՝ 2010 թվականը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն ամփոփեց համացանցում իր վեբ-կայքի՝ www.erebuni.am-ի բացմամբ: Արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը կարեւորեց ինտերնետային էջի՝ որպես հավաստի տեղեկատվական ռեսուրսի, ինչպես նաեւ առցանց տեղեկատվություն տարածելու անհրաժեշտությունը: Նա նաեւ նշեց, որ ունենալ վեբ-կայք՝ ինքնին նշանակում է մշտապես ներկա լինել հասարակության համար. հետեւաբար նաեւ մեծանում է արգելոց-թանգարանի պատասխանատվությունը հանրության առջեւ: Գ. Գյուրջյանը հույս հայտնեց, որ վեբ-կայքը կնպաստի «Էրեբունիում» պահվող թանգարանային հարուստ հավաքածուի հանրահռչակմանը եւ նորանոր այցելուներ կբերի հնավայր ու թանգարան:
Ծրագրավորող Ռուբեն Մնացականյանը՝ ներկայացնելով գրաֆիկական միջավայրի համար օգտագործված լոգոտիպն ու խորհրդանշական պատկերները (Սարդուր 2-րդի սաղավարտից մանրամասն, հատված «Վազող նժույգը» որմնանկարից, եղջերագավաթների պատկերներ եւ այլն), ասաց, որ Էրեբունի, Թեյշեբաին եւ Շենգավիթ հնավայրերի մասին տեղեկատվությունից զատ, կայքը ներառում է թանգարանին, հուշանվերների կրպակին, տարվա ընթացքում տեղի ունեցած միջոցառումներին վերաբերող բաժիններ, հնարավորություն է տալիս հեշտորեն «նավարկել» բաժնից բաժին, բեռնել համապատասխան լուսանկարներ, տեսանյութեր եւ մամուլի հաղորդագրություններ:
erebuni.am-ը եռալեզու է՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն: Ներկայումս այն ակտիվ է միայն հայերենով: Ռուսերեն եւ անգլերեն տարբերակները կգործարկվեն 2011-ի 1-ին եռամսյակի ավարտին: