Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՈՄԻՆԳՈՆ, ԱՆԻՆ ՈՒ ԲԱՂՆԻՔՆԵՐԸ

Հունվար 11,2011 00:00

\"\"ՀՀ մշակույթի նախարարությունը եւս մեկ շանս բաց թողեց՝ անտեղյակության պատճառով

Աշխարհահռչակ տենոր Պլաչիդո Դոմինգոյի անունը Հայաստանում հիմնականում ասոցացվում է Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականի, այդ թեմայով անեկդոտների ու դրանց նախորդած հայտնի դեպքերի հետ: Հավանաբար ոչ բոլորը գիտեն, որ Դոմինգոն Ժառանգության կազմակերպությունների համաեվրոպական ֆեդերացիայի՝ «Եվրոպա Նոստրայի» նախագահն է ու լուրջ գործունեություն է ծավալում նաեւ որպես ժառանգության պահապան: Իսկ հիմա ամենաթարմ օրինակի մասին:
\"\"Արեւմտյան Թուրքիայում, Բերգամա քաղաքի մոտակայքում է գտնվում Ալլիանուա հռոմեական բաղնիքների համալիրը (մեր թվարկության 2-րդ դար), որը վտանգված է ջրածածկ լինելու՝ ոռոգման նպատակով ջրապատնեշի կառուցման հետեւանքով: Դեռեւս 2005-ից միջազգային հանրությունը եւ մասնավորապես ժառանգության բնագավառում մասնագիտացված կազմակերպությունները իրենց անհանգստությունն են հայտնել խնդրի առնչությամբ՝ թուրքական իշխանություններին հորդորելով հրաժարվել բարձրարժեք հնավայրի համար կործանարար սպառնալիքներ ունեցող շինարարական նախագծից: Ողջ համացանցը հեղեղված է ի պաշտպանություն Ալլիանուայի եւ անտիկ առողջարանային քաղաքի պահպանության կոչերով:
Ըստ www.europanostra.org կայքի, այս տարվա հունվարի 5-ին հատուկ նամակով Թուրքիայի վարչապետ Էրդողանին անձամբ դիմել է «Եվրոպա Նոստրայի» նախագահ Պլաչիդո Դոմինգոն՝ կոչ անելով վերանայել Յորթանլիի ջրապատնեշի կառուցման նախագիծը եւ թույլ չտալ մշակութային ողբերգություն, որը կհանգեցնի ինչպես անտիկ բաղնիքների համալիրի, այնպես էլ առանձնակի գիտամշակութային նշանակություն ունեցող ողջ հնագիտական տարածքի վերացմանը: Պ. Դոմինգոն մասնավորապես նշել է. «…Մենք վստահ ենք, որ Ալլիանուա հնավայրի պահպանությունը տեւական ու կենսունակ եկամուտներ կապահովի Թուրքիայի տեղական բնակչությանը, մինչդեռ ոռոգման նպատակներով կառուցվող պատնեշը մի կարճատեւ ժամանակաշրջան կօգնի գյուղատնտեսական հատվածում աշխատող սահմանափակ թվով մարդկանց միայն: Հնավայրի՝ այդ հնագույն գանձարանի պահպանությունը կհարստացնի մեզ բոլորիս՝ թե թուրքերին եւ թե եվրոպացիներին, սերնդեսերունդ հնարավորություն ընձեռելով այցելել հնավայր: Բացի այդ, ջրասույզ լինելու փոխարեն հնագիտական մեծ կարեւորություն ունեցող այս վայրը կհանդիսանա զբոսաշրջության զարգացման հզոր ակտիվ՝ ստեղծելով նորանոր աշխատատեղեր:
Ալլիանուան փրկելու ուղղությամբ բազմաթիվ տեղական եւ միջազգային բողոքները պարզորոշ ցույց տվեցին, որ մարդիկ բարձր են գնահատում այդ հուշարձանը, նրա պատմությունն ու պատմական հիշողությունը: Այդ հիշողությունը հարստացնում եւ նշանակություն է հաղորդում նրանց կյանքին»: Իր դիմումը աշխարհահռչակ տենորը ավարտում է՝ նշելով, որ պետք է գործադրել ամեն ջանք, փրկելու այն բոլոր վայրերը, որոնք մեզ կապում են նախորդ սերունդներին եւ որոնք մենք պարտավորություն ունենք փոխանցելու հաջորդ սերունդներին: Անմիջապես մտաբերում ես Անին՝ վտանգված ժառանգության մեկ այլ օրինակ Արեւելյան Թուրքիայում, դարձյալ ավերման դատապարտված՝ ինչպես իր 2010 թ. զեկույցում փաստեց հայտնի «Globale Heritage» հիմնադրամը:
Պլաչիդո Դոմինգոյի երեւանյան համերգը հաստատ պատեհ առիթ կարող էր հանդիսանալ վերջինիս հետ ՀՀ մշակույթի նախարարության պատասխանատուների հանդիպման համար՝ եթե, իհարկե, այդ նախարարությունում տեղեկացված լինեին «Եվրոպա Նոստրայի» եւ աշխարհահռչակ տենորի հասարակական գործունեության մասին: Եվ այդ հանդիպման ընթացքում տեղին կլիներ հայտնել մեր մտահոգությունը՝ Թուրքիայում հայկական ժառանգության պահպանության, մասնավորապես Անի միջնադարյան քաղաքի առնչությամբ: Բայց, ինչպես կյանքն է ցույց տալիս, ՀՀ մշակույթի նախարարության գործողությունների տրամաչափը որոշվում է միայն համերգային տոմսերի բաշխմամբ եւ առաքմամբ: Այս գերատեսչության համար ներկա աշխատակազմի պարագայում դեռեւս երկար ժամանակ անհաղթահարելի կմնա միջազգային կառույցների հետ գրագետ եւ դիպուկ աշխատանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել