BBC-ի փոխանցմամբ, արդեն երկրորդ օրն է, ինչ Սուդանում անցկացվող հանրաքվեն ընթանում է ընդհանուր առմամբ առանց լուրջ միջադեպերի:
Հիշեցնենք, որ Սուդանի հարավը, որը բնակեցված է քրիստոնյաներով եւ նավթի հարուստ պաշարներ ունի, հանրաքվե է անցկացնում Հարավային Սուդանի անկախությունը հռչակելու նպատակով: Նախօրեին քվեարկության ընթացքում երկրի հյուսիսային եւ հարավային շրջանների սահմանին բախումներ էին եղել ապստամբների եւ կառավարական զորքերի միջեւ: Զինվորականները հայտարարել են, թե բախման ընթացքում սպանվել է 4 ապստամբ: Հարավային Սուդանի ընտրական հանձնաժողովի նախագահ Չան Մադուտը վստահեցրել է, որ տեղի իշխանություններն ի վիճակի են ապահովել քվեարկության ընթացքի անվտանգությունը, եւ որ լուրջ խնդիրներ չեն լինի:
Փորձագետների մեծ մասը չի կասկածում, որ քվեարկության արդյունքում, որն ընթանալու է մեկ շաբաթ, Աֆրիկայի ամենամեծ այս պետությունը կմասնատվի երկու հատվածի եւ Հարավային Սուդանը կանկախանա:
Հիշեցնենք, որ տասնամյակներ տեւած՝ Սուդանի մահմեդականներով բնակեցված հյուսիսի եւ քրիստոնյաներով բնակեցված հարավի միջեւ քաղաքացիական պատերազմին, որը մղվում էր Հարավի ինքնորոշման համար, վերջ դրվեց 2005թ. խաղաղության համաձայնագրով: Հանրաքվեի անցկացումից առաջ Հյուսիսային Սուդանի իշխանությունները հայտարարել էին, թե թույլ կտան հարավցիներին խաղաղ ճանապարհով առանձնանալ, եթե այդպիսին լինեն հանրաքվեի արդյունքները:
Միաժամանակ Սուդանի նախագահ Օմար Բաշիրը հայտարարել է, որ եթե դա տեղի ունենա՝ Հարավային Սուդանին անկայունություն կսպառնա: Նա նաեւ շեշտել է, թե Հարավային Սուդանի անկախացուման դեպքում հյուսիսային հատվածում բնակվող հարավցիներին երկքաղաքացիություն չի տրամադրվի: