Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՆՈՒՄ ԼՐՏԵՍԱԿԱՆ ՑԱՆՑ Է ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ

Հունվար 11,2011 00:00

\"\"«Բոինգ-727»-ը վթարվել է

Իրանում բացահայտվել է իսրայելական լրտեսների գործակալական ցանց, որը մեղադրվում է միջուկային ֆիզիկոս Մասուդ Ալիմոհամմադիի սպանության մեջ: Trend-ի մատուցմամբ, այդ մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի անվտանգության նախարարությունը: Հաղորդագրության մեջ ասված է, թե նախարարության ունեցած տվյալներով, Իսրայելի «Մոսսադ» գաղտնի հետախուզությունը եվրոպական որոշ երկրներում, նաեւ Իրանի հետ հարեւան պետություններում բազաներ է ստեղծել ահաբեկչական ակտեր իրականացնելու նպատակով, որոնցից մեկն էլ եղել է իրանցի գիտնականի՝ 2010թ. հունվարին տեղի ունեցած սպանությունը: Գործակալական ցանցը բացահայտվել է Ալիմոհամմադիի սպանությունից հետո մի քանի ամիսների ընթացքում իրականացված հետաքննության արդյունքում: Հիշեցնենք, որ գիտնականը սպանվել էր Թեհրանում՝ իր տան մոտ կայանված մոտոցիկլին ամրացված պայթուցիկ սարքի պայթյունի արդյունքում: Վարկածներից մեկով, Ալիմոհամմադին սպանվել է իրանական միջուկային ծրագրի հետ առնչություններ ունենալու պատճառով: 2010թ. նոյեմբերին նույնպիսի հանգամանքներում սպանվել էին նաեւ Թեհրանի բուհերում դասավանդող եւս երկու գիտնականներ: Դեռ այն ժամանակ Իրանը այդ սպանությունների կազմակերպման համար մեղադրել էր ԱՄՆ-ին, Իսրայելին, Մեծ Բրիտանիայի հետախուզությանն ու ՆԱՏՕ-ին:
Իրանից ստացված մեկ այլ տեղեկատվության համաձայն, եղանակային վատ պայմանների պատճառով, կիրակի օրը Իրանի հյուսիս-արեւմուտքում վթարի է ենթարկվել «Իրան-Էյր» ընկերությանը պատկանող եւ Թեհրան-Ուրմիա չվերթ իրականացնող «Բոինգ-727» ինքնաթիռը: Այդ երկրի տրանսպորտի եւ ճանապարհային հաղորդակցության նախարարության հայտարարության համաձայն, ինքնաթիռը վթարի է ենթարկվել այն բանից հետո, երբ թռիչքից որոշ ժամանակ անց օդաչուն փորձել է վերադառնալ եւ հարկադրված վայրէջք կատարել Թեհրանում, բայց եղանակային վատ պայմանները խանգարել են դրան, եւ ինքնաթիռը կործանվել է: Արդյունքում զոհվել է 78 մարդ, այդ թվում՝ ինքնաթիռի 12 հոգանոց անձնակազմը, վիրավորվել է 26 հոգի: Ինքնաթիռի «սեւ արկղերն» արդեն հայտնաբերվել են: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը ցավակցություն է հայտնել աղետի զոհերի ընտանիքներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել