Երեկ լրացավ աստղաֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) ավագ գիտաշխատող, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Արսեն Տիգրանի Քալլօղլյանի ծննդյան 80-ամյակը: Նա ԲԱ-ի հնագույն աշխատակիցներից է, Վիկտոր Համբարձումյանի աշակերտներից, մեծ հետք է թողել արտագալակտիկական աստղագիտության բնագավառում:
Վ. Քալլօղլյանը Միջազգային աստղագիտական միության եւ Հայկական աստղագիտական ընկերության անդամ է, երկար տարիներ եղել է ԲԱ-ի գիտական խորհրդի անդամ: Շուրջ 35 տարի «Աստղաֆիզիկա» ամսագրի պատասխանատու քարտուղարն է եւ մեծ ներդրում ունի նրա կայացման եւ պահպանման գործում: Գիտական աշխատանքները վերաբերում են գալակտիկաների խմբերին եւ կույտերին, ձողիկավոր եւ գերմանուշակագույն ավելցուկով գալակտիկաներին: Նա առաջինն էր, ով մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկեց ձողիկավոր պարուրաձեւ գալակտիկաները: Մեծ ներդրում ունի Մարգարյանի գալակտիկաների ձեւաբանական եւ լուսաչափական հատկությունների ուսումնասիրության մեջ: Համագործակցել է Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Բուլղարիայի եւ Վրաստանի աստղագետների հետ: Հրապարակել է ավելի քան 100 գիտական աշխատություն: