Ըստ edu.am-ի, ԿԳ նախարար Ա. Աշոտյանի հրամանով հաստատվել է «Կրթական համակարգում կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի 2011-2012թթ. համալիր գործողությունների ծրագիրը»: Այն արժանացել էր ՀՀ կառավարության հավանությանը: Ծրագրի էլեկտրոնային տարբերակն առաքվել էր Հայաստանում կրթական գործունեություն իրականացնող բոլոր միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպություններին՝ քննարկելու եւ առաջարկություններ ներկայացնելու նպատակով:
Քննարկումներ են կազմակերպվել ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովում, ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում, ՀՀ Հանրային խորհրդում, ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհրդում, ՀՀ կրթության եւ գիտության նախարարին կից կոլեգիայի նիստում, ինչպես նաեւ ուսանողական տարբեր միավորումներում:
«Կրթական համակարգում կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի 2011-2012թթ. համալիր գործողությունների ծրագիրը» հրապարակվել էր «Կրթություն» շաբաթաթերթի դեկտեմբերի 1-ի համարում եւ տեղադրվել՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության edu.am կայքէջում:
ՀՀ ԿԳ նախարարությունը կազմակերպություններից եւ քաղաքացիներից ստացել էր 108 առաջարկություն, որոնք ամփոփվել եւ ներառվել են ծրագրում: