Լրահոս
Օրվա լրահոսը

Թիվ 37 դպրոցի ծնողները բողոքում են

Հունվար 11,2011 00:00

\"\"Որոշ դասասենյակներում երեխաները ցրտից սառչում են

Երեկվանից Երեւանի 166 կրթական հաստատություններում վերսկսվել են դասերը: Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության հանրակրթության բաժնի պետ Անահիտ Մելքոնյանը «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց, որ երեխաները ուսումնական առաջին օրը անցկացրել են տաք դասասենյակներում: Նրա խոսքով, Երեւանի 200 կրթական հաստատությունից միայն 34-ում ձմեռային արձակուրդները դեռ մի շաբաթ էլ կշարունակվեն՝ ջեռուցման համակարգերի բացակայության պատճառով. «Դրանք այն դպրոցներն են, որտեղ ջեռուցումն ապահովվում է հին սալիկներով, էլեկտրական ջեռուցիչներով: Այս դպրոցներում ձմեռային արձակուրդները կերկարաձգվեն՝ աշնանային արձակուրդը ժամանակին չօգտագործելու հաշվին: Այս մի շաբաթը ինչ-որ ձեւով խնայողություն կլինի»: Կաթսայատուն չունեցող 34 դպրոցներից բացի, տիկին Մելքոնյանի խոսքով, երեկվա դրությամբ ջեռուցման խնդիրներ են առաջացել եւս 10 կրթօջախներում. «Մեկի կրակայրիչն է վատ աշխատել, մեկի՝ անջատիչը, նման փոքր խնդիրներ առաջացել են, բայց մնացած բոլոր դպրոցներում երեխաները տաք դասասենյակներում են անցկացրել դասերը: Մնացած դպրոցները ջեռուցվել են նույնիսկ արձակուրդների շրջանում, որովհետեւ ջեռուցումն անջատելը խնդիրներ է առաջացնում»: Տիկին Մելքոնյանը, անդրադառնալով հաճախումներին, դրական ցուցանիշներ արձանագրեց. «Երեկվա դրությամբ 72-74% հաճախումներ ենք ունեցել: Սա էլ հայավարի մտածելակերպի արդյունք է, ծնողների մեծամասնությունը մտածում է՝ թող դպրոցը տաքանա, հետո նոր իմ երեխային կուղարկեմ: Բայց վաղը ավելի շատ աշակերտներ կհաճախեն»:
Երեկ «Առավոտին» դիմած թիվ 37 դպրոցի աշակերտների մի խումբ ծնողներ պատմում էին, թե իրենց դպրոցում այնքան ցուրտ է եղել, որ աշակերտները երկրորդ դասաժամից փախել են դպրոցից: «Ջեռուցման խնդիրները մեր դպրոցում միշտ անպակաս են: Երեխաների առողջության հաշվին խնայողություններ անելը մեր դպրոցում սովորություն է դարձել: Այսօր էլ, ինչպես ամեն ձմեռ, երեխաս զանգում ու պատմում է, թե ոտքերի սառնությունից չի դիմանում ու արդեն երկրորդ դասաժամից տուն եկավ, ինչպես մնացած աշակերտները: Գլխներիս գալիքը գիտենք՝ աշակերտները կցրտահարվեն մինչեւ ձմեռն ավարտվի»,- պատմում էր ծնողներից մեկը: Թիվ 37 դպրոցի ջեռուցման խնդրին անդրադառնալով՝ Ա. Մելքոնյանն ասաց, որ առաջիկայում խնդրի պատճառները կպարզեն: Դպրոցի տնօրեն Մանուշակ Մանասերյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ուսումնական առաջին օրն անցել է շատ լավ, դպրոցի 178 աշակերտից 107-ը պարտաճանաչ դասի է գնացել. «Դպրոցը միշտ էլ լավ է ջեռուցվում, երբեք խնդիրներ չենք ունեցել: Դասերը նորմալ ընթացել են մինչեւ վերջ: Մեր կաթսայատունն աշխատում է, ու արձակուրդների շրջանում էլ է աշխատել: Դասղեկներին էլ հանձնարարել եմ պարզել՝ ինչո՞ւ է 35 աշակերտ բացակա: Վաղը բացակաների թիվը կնվազի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել