Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՐԹԱԿԱՆ» ՇՈՒԿԱՆ ԹՈՒՅԼ Է, ՎԱՐՉԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ՝ ՄԵԾ

Հունվար 11,2011 00:00

Հայաստանի ազգային մրցունակության 2010թ.  զեկույցը մտածելու տեղիք է տալիս

Նախորդ տարվա վերջին օրերին կայացավ «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի հրատարակած Հայաստանի ազգային մրցունակության 2010թ. զեկույցի շնորհանդեսը:
Համաշխարհային տնտեսական ֆորումի 2010-2011 թվականների Համաշխարհային մրցունակության զեկույցում Հայաստանը 139 երկրների շարքում զբաղեցնում է 98-րդ տեղը՝ նախորդ զեկույցի համեմատությամբ իր դիրքերը զիջելով 1 կետով:
Զեկույցը Հայաստանի համար կարեւոր է համարում միջազգայնորեն մրցունակ կրթության ոլորտը, եւ հատկապես՝ բարձրագույն կրթության համակարգը: Ինչպես նշված է հետազոտության մեջ, կրթության որոշ բնագավառներում Հայաստանը դեռեւս ունի համաշխարհային մակարդակի հետազոտողների եւ դասախոսների ժառանգություն, բայց ուսումնառության տարրերը մեր երկրում խնդրահարույց են: Հիմնական խնդիրներից են բավականաչափ ռեսուրսներ չունեցող հիմնական եւ միջնակարգ կրթությունը, մասնագիտական կրթության ցածր մակարդակը, մոտիվացիայի պակասը, ծերացող դասախոսական կազմը եւ վերջինիս բարելավման սահմանափակ հնարավորությունները, դասավանդման հնացած մեթոդները, արդյունաբերության եւ հետազոտությունների ոլորտի միջեւ կապի բացակայությունը: Չնայած նրան, որ հայերն ավանդաբար բարձր են գնահատել կրթությունն ու կրթվածությունը, ներկա հասարակության մեջ այդ արժեքները լուրջ մարտահրավերների առջեւ են կանգնած՝ փաստվում է զեկույցում: Ըստ նույն աղբյուրի, երիտասարդության «իդեալները» կասկածի տակ են դնում կրթության արժեքը եւ կարեւորությունը:
Զեկույցը փաստում է, որ դպրոցում ստացած գիտելիքները եւ վերլուծական ունակությունները նորմալ չեն պատրաստում աշակերտներին բուհ ընդունվելու համար: Ինչ վերաբերում է բարձրագույն կրթությանը, վերջինիս զարգացումը եւ գործունեությունը բավարար չափով կապված չեն տնտեսության այլ ճյուղերի, դրանց զարգացման ռազմավարությունների, ինչպես նաեւ հանրակրթական դպրոցներում ուսումնական պլանների մշակման հետ:
Հայաստանում ներկայումս գործում է 63 պետական եւ մասնավոր բուհ, ու չնայած կրթության ոլորտի մասնակիցների մեծ քանակին՝ ոլորտում դեռեւս չի ձեւավորվել արդյունավետ մրցակցային միջավայր: Հայաստանում չեն կիրառվում բուհերի վարկանիշավորումներ, դասախոսական կազմի հետազոտական գործունեության կամ հղումների համաթվեր (citation index), շրջանավարտների աշխատանքի ընդունման վիճակագրական համեմատականներ եւ համեմատական կատարողականներ, որոնք սովորաբար հանդիսանում են բուհերի միջեւ մրցակցության խթանման լուրջ գործիքներ: Զեկույցում անդրադարձ կա Բոլոնյան գործընթացի շրջանակներում իրականացվող բարեփոխումներին ու դրա հետեւանքներին՝ հաճախ համալսարանները չեն կարողանում քայլել բարեփոխումներին եւ դրանց իրականացմանը համընթաց, ինչի արդյունքում փոփոխությունները մնում են ֆորմալ մակարդակում, նաեւ իրազեկության բարձրացման կարիք կա: Հայաստանի կրթական ծառայությունների շուկան թույլ է՝ կապված աշխատուժի շուկայի հետ:
Եվրոպական երկրներում բարձրագույն կրթության ֆինանսավորման մեջ գերակշռում են պետական միջոցները, Հայաստանում պետության մասնակցությունը բարձրագույն կրթության ոլորտի ֆինանսավորմանը կազմում է 15%, այն որոշ երկրներում, այդ թվում Գերմանիայում, Ֆինլանդիայում հասնում է 100 %-ի:
Տխրելու ուրիշ պատճառ էլ ունենք:
Ըստ Հայաստանի ազգային մրցունակության 2010 թ. զեկույցի, բյուրոկրատական գործընթացներով պայմանավորված՝ հայկական բուհերում վարչական ծախսերը բավականին մեծ են: Հայաստանյան համալսարաններում վարչական աշխատակիցների թվաքանակը գրեթե հավասար է պրոֆեսորադասախոսական անձնակազմի թվին: Օրինակ, ԵՊՀ-ում այդ հարաբերակցությունը կազմում է 1.3, մինչդեռ եվրոպական բուհերի մեծ մասում վարչական/դասախոսական կազմի հարաբերակցությունը տատանվում է 0.3-0.4-ի միջակայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել