Այս տարվա ՏԻՄ առաջին ընտրությունները Սյունիքում կայացան հունվարի 9-ին՝ Կապանի տարածաշրջանի Ձորաստան եւ Անտառաշատ համայնքներում: Ձորաստան գյուղական համայնքում անցկացվեց համայնքի ղեկավարի ընտրություն, իսկ Անտառաշատում` ավագանու: Ձորաստանում համայնքի ղեկավարի համար առաջադրվել էր մեկ թեկնածու՝ գործող գյուղապետ, անկուսակցական Ավետիս Ավետիսյանը: Համայնքի 64 ընտրողից 41-ն է մասնակցել ընտրությանը, որից 2 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, իսկ 39 ընտրող քվեարկել է ներկայիս գյուղապետի օգտին: Ձորաստանում ընտրողներին զարմացրել է այն փաստը, երբ ընտրատեղամաս են այցելել մի խումբ ոստիկաններ` 8-10 հոգի, ովքեր մի որոշ ժամանակ մնալուց հետո հեռացել են տեղամասից:
Իսկ Անտառաշատում անցկացվող համայնքի ավագանու ընտրությանը մասնակցել է ընտրողների 50 տոկոսը՝ 104 ընտրողից 53-ը: Առաջադրված 5 թեկնածուներն էլ դարձել են ավագանու անդամ: Թեկնածուներից 4-ն անկուսակցական է, իսկ մեկը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է:
Ամենաշատ ձայներ հավաքել է Անտառաշատի գյուղապետ, ԲՀԿ անդամ Արսեն Դավթյանի կինը՝ անկուսակցական Լիլիթ Հովհաննիսյանը, ով առաջադրված միակ կին թեկնածուն էր: Լիլիթ Հովհաննիսյանի օգտին քվեարկել է 19 ընտրող: