Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՏԵՔ ԼԱՎ ԽՈՐՀՐԴԱՏՈՒՆԵՐ

Հունվար 11,2011 00:00

Բաց նամակ՝ պարոն Ռուբեն Վարդանյանին

\"\"

Հարգելի պարոն Վարդանյան.
Ինչպես եւ ցանկացած հայի, այնպես էլ ինձ համար շատ կարեւոր է Հայաստանի զարգացման եւ բարգավաճման համար կատարված ցանկացած նախաձեռնության, անկախ դրա կոմերցիոն կամ բարեգործական լինելուց, հաջողությունն ու շարունակականությունը: Այս նամակին չէի նվիրի նաեւ Ամանորի իմ հանգստյան օրերը, եթե չունենայի հարգանք Ձեր կատարած աշխատանքների եւ Ձեր մարդկային տեսակի հանդեպ: Նման ձեւով Ձեզ դիմելու կարիք չէր լինի նաեւ, եթե Ձեր կողմից ստեղծված բազմաթիվ աշխատատեղերում գտնվեին մարդիկ, ովքեր այս խոսքերը Ձեզ ասելու ցանկության դեպքում նաեւ նման հնարավորություն ունենային:
Ինչպես արդեն նշեցի, Ձեզ դիմելու ու անկեղծ մի քանի խնդիրների վերաբերյալ բարձրաձայնելու բազմաթիվ առիթներ եմ զգացել՝ ե՛ւ որպես մասնագետ, ե՛ւ որպես քաղաքացի: Յուրաքանչյուր անգամ ինչ- ինչ պատճառով մտածել եմ՝ որ միգուցե չարժե հատկապես մամուլով նման բան նախաձեռնել:
Սակայն վերջերս Ձեր կողմից հիմնադրված ընկերություններից մեկի հայտարարած մրցույթը ինձ ստիպեց գրել այդ մասին, ինչպես նաեւ մի քանի այլ նախաձեռնությունների մասին:
Թույլ տվեք սկսել առաջին՝ 2007 թվականին տեղի ունեցած դեպքից, երբ Ձեզ պատկանող «Ամերիա» խորհրդատվական ընկերությունը հայտարարել էր մրցույթ՝ Դիլիջանում կառուցվելիք դպրոցի համար: Այն ժամանակ հայտարարած մրցույթի կազմակերպչական բոլոր գործողությունների ընթացքում կարծես թե բացակայում էր ճարտարապետական արհեստավարժ մոտեցումը, որի համար պարզապես անհրաժեշտ էր մասնագետների ներգրավումը աշխատանքներին: Այն նախադեպ հանդիսացավ Հայաստանի տարածքում ճարտարապետական տենդեր-մրցույթի հիբրիդի կայացմանը՝ որտեղ գնային առաջարկ-ժամկետ-ընկերության անցյալ չափորոշիչներին զուգահեռ, պահանջվում էր նաեւ ճարտարապետական էսքիզ, ասել է թե՝ հայեցակարգ: Նշեմ, որ ավանդաբար թե՛ տեղական, թե՛ միջազգային պրակտիկայում գոյություն ունի ե՛ւ գնային առաջարկ՝ տենդերի, ե՛ւ ճարտարապետական մրցույթ անցկացնելու նախադեպը: Եթե առաջինում կարեւորվում են սեղմ գումարային հնարավորությունների սահմաններում եւ ժամկետներում մատուցել ճարտարապետական ծառայություններ, ապա երկրորդում նախ եւ առաջ կարեւորվում է ճարտարապետական լուծումների միջոցով ընտրության կազմակերպումը: Դիլիջանի դեպքը մարսվեց այն ժամանակ մասնակից եւ ոչ մասնակից ճարտարապետական ընկերությունների կողմից: Նշեմ, որ ապագայում էկոնոմիկայի նախարարությունը եւս կրկնեց նույն սխալը Գյումրիի տեխնոպարկի դեպքում ու չնայած խնդիրն իմ կողմից բարձրացվեց, սակայն, ցավոք, այն կայացավ մեկ անգամ չեղյալ հայտարարվելուց հետո:
Սա բավականին օրինաչափ երեւույթ կարող է դիտարկվել Հայաստանում ճարտարապետական մասնագիտական գործունեության շրջանակում, քանի որ վերջին տարիներին մի քանի ճարտարապետների «թեթեւ» ձեռքով առհասարակ մասնագիտությունը կարծես թե կորցրել է իր դերակատարությունը հանրային կյանքում: Չնայած նրան, որ մասնագիտության վերաարժեւորման վերաբերյալ մամուլով եւ այլ միջոցներով մեր բազմաթիվ քննարկումներին, այն դեռեւս նույն տխուր վիճակում է: Ասածս բնականաբար շատ ընդհանրական բնույթ ունի եւ անժխտելի է այն փաստը, որ բազմաթիվ արհեստավարժ մասնագետներ ծավալում են իրենց գործունեությունը Հայաստանում եւ արտերկրում:
Նույն տրամաբանությամբ է ընթացել մոտ մեկ ամիս առաջ հայտարարված Երեւան քաղաքում բազմաֆունկցիոնալ համալիրի ճարտարապետական հայեցակարգի մշակման մրցույթը, որը հայտարարվել է «Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի» ՓԲԸ-ի կողմից` «Ամերիա» ընկերությունների խմբի մասնակցությամբ: Այդ տարածքում են գտնվում երկու շինություններ, որոնք Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում են, սակայն մրցույթի պայմաններում նշված է «այս մրցույթի շրջանակներում տվյալ փաստը կարող է հաշվի չառնվել` առավել ճկուն ճարտարապետական լուծումներ ներկայացնելու նպատակով» (հայերեն տարբերակում էջ 3, կետ 1.4): Սա ոչ միայն հակասում է ՀՀ տարածքում գործող օրենքներին ու ոտնձգություն է հայ ժողովրդի մշակութային ժառանգությանը, այն նաեւ հակասում է Ձեր ղեկավարած ընկերության 100 տարիների մասին բարձրաձայնվող կարգախոսներին: Ավելին, Երեւանում առկա երկու հնագույն բանկերի կանգուն կառույցները, որոնք նախագծվել են 19-րդ եւ 20-րդ դարերի մեծագույն երկու հայ ճարտարապետների կողմից հենց որպես բանկային շինություններ, կարող են լավագույնս պահպանվել եւ անցյալ ունեցող, վստահելի բանկային ծառայություններ մատուցող ընկերության համար հրաշալի օրինակ հանդիսանալ՝ ներքին տարածության հոյակերտ կամարների ու լուծումների ներքո: Ավելին, ոչ միայն այս ամենի պահպանման մասին պարտադիր նշում չկա, այլեւ չկան առկա շենքի մասին ամբողջական նյութեր, որոնք հնարավորություն կտան պահպանելով շենքի առկա պատմական համակառույցը՝ կիրառել այն նախագծային լուծումներում:
Հարգելի պարոն Վարդանյան.
Արդեն մոտ 15 տարի առնչվում եմ քաղաքաշինության ոլորտի խնդիրներին, մասնավորապես՝ պատմաճարտարապետական ժառանգության պահպանման ու ճարտարապետական միջավայրային խնդիրներին, ու գիտեմ՝ ինչքան հեշտ է մեր երկրում լուծել նմանատիպ խնդիրները: Վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունների տարբեր մակարդակներում Ձեզ կխոստանան (եթե արդեն չեն խոստացել) հանել այդ շենքերը պետության կողմից պահպանվող շինությունների ցանկից, ինչպես արեցին մոտ մեկ տարի առաջ Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի դեպքում, ինչպես նաեւ արեցին «Լեզվի մասին» օրենքում (չնայած որ կան բազմաթիվ փորձագիտական կարծիքներ, որոնք պնդում են, որ Ձեր դպրոցը կարող էր եւ գործել առանց նշված օրենսդրական փոփոխությունների): Նաեւ բազմաթիվ օրինակներ կարելի է բերել հենց նույն շինության հարեւանությամբ գտնվող հրապարակի այլանդակման ու առհասարակ Երեւանի 17-19-րդ դարերի պատմական շերտի ավերման մասին, որոնք մարսվել են նախկինում, ու ցավոք մեղավորները դեռ ոչ միայն չեն կրել պատասխանատվություն, այլեւ շարունակում են բարձր պետական պաշտոններ զբաղեցնել:
Սակայն մի պահ խնդրում եմ ուշադրություն դարձրեք, թե ինչպես են հիշելու Ձեզ մեր ապագա սերունդները: Նմանատիպ հարցերին նայեք Ձեր աչքերով ու մտածեք Ձեր մարդկային տեսակը կարեւորող անձանց մասին: Ես ինքս մի քանի անգամ բախտ եմ ունեցել ներկա գտնվելու Ձեր անմիջական նախաձեռնությամբ մի շարք բարձրակարգ երաժշտական միջոցառումների, սակայն եկեք մտածենք մի քիչ ավելի հեռուն: Եթե մենք մեր երկրում չենք կարողանում պաշտպանել ու զարգացնել մեր ազգային մշակույթն ու ժառանգությունը, ինչներիս է պետք այս ամենը:
Ես չեմ մեղադրում Ձեզ եւ ոչ էլ մեղադրում եմ կառավարությանը: Երկուսդ էլ շրջապատված եք վատ խորհրդատուներով ու նրանք ժամանակին ճիշտ չեն ներկայացնում խնդիրներն ու չեն դիտարկում դրանք տարբեր կողմերից: Կարծում եմ՝ որպես հաջողակ գործարար ու լայն մտածողության տեր անձնավորություն, կկարեւորեք ապագայում ոլորտային արհեստավարժ մասնագետ-խորհրդատուների ներգրավումը Ձեր ապագա նախաձեռնությունների ծրագրման ու իրականացման գործում:
Ցանկանում եմ նաեւ խոսել Ձեր մեկ այլ նախաձեռնության՝ Տաթեւի վերածննդի ծրագրի մասին: Այն շատ հոգեհարազատ է ինձ, քանի որ նախկինում առնչվել եմ նույն Տաթեւի զարգացման մեկ այլ ծրագրի:
Չնայած նրան, որ այն մեծ աղմուկ հանեց իր ճարտարագիտական լուծումներով ու աննախադեպ քարոզչությամբ, այնուհանդերձ այն ստացվեց այնպես, ինչպես միշտ ստացվում է: Հիմնադրման հսկայական ներդրումներ, որոնք դառնում են անտեսանելի, երբ կան մի քանի մեծ բացթողումներ: Ձեր դեպքում, երբ ունեք Ձեզ պատկանող մի շարք կազմակերպություններ ու շատ լուրջ, որակյալ ռեսուրսներ, այդ ծրագրի կառավարման ու կազմակերպման ներկա մակարդակը ուղղակի հիասթափեցնող է: Վստահ եմ, որ խորհրդատվական լուրջ ծառայություններ մատուցող Ձեր կազմակերպությունում մարդիկ կան, ովքեր կարող են պարզապես Տաթեւի վանական համալիրում ապահովել միջազգային զբոսաշրջային նվազագույն մակարդակին համապատասխան ծառայությունների մատուցման կազմակերպում: Խնդիրն այն է, որ հաճախ նման ծրագրերի իրականացման ժամանակ նույն սկզբնական եւ հիմնական գաղափարը այնքան է կարեւորվում, որ այն երկրորդական պլան են մղում շատ ավելի կարեւոր մանրուքներ, որոնք, ինչպես գիտեք, զբոսաշրջության եւ հանրային ծառայությունների ոլորտում շատ կարեւոր է:
Ցավով եմ նշում, որ այդ խոշոր ներդրումից հետո այնտեղ դեռեւս բացակայում են պարզագույն ցուցանակների համակարգը, հանրային նվազագույն ծառայությունները եւ ամենակարեւորն է՝ ողջ ծրագրի տրամաբանությունը հաշվի չի առել գյուղի ինտեգրումը զբոսաշրջային ակտիվությանը: Այս ամենը մանրուքներ են, որոնք նկատելի են դառնում ու քննվում են միայն ու միայն սրտացավության ու արհեստավարժության դեպքում: Ցավոք, Տաթեւի վանական համալիրում ես տեսա միայն խոշոր ներդրման ու զարմացնելու ցանկություն:
Հուսով եմ՝ այս ծրագրի ապագա փուլերում այն կքննվի ավելի համալիր մոտեցմամբ ու հնարավորություն կընձեռվի, ավելի արդյունավետ դարձնելով դրա կառավարումը, այն Հայաստանի զբոսաշրջային բիզնեսի ոլորտում հանդիսանա օրինակելի օրինակ:
Հարգելի պարոն Վարդանյան.
Հույս ունեմ, որ իմ այս նամակը կընկալեք որպես սրտացավ անձնավորության անկեղծ, կշռադատված պոռթկում, որտեղ չկա ոչ հետին ու առաջնային անձնական, խմբային կամ որեւէ այլ խնդիրներ լուծելու ցանկություն: Կա միայն մեկ ցանկություն, որ մեր հանրային եւ մասնավոր միջոցները ծախսվեն լավագույնս ու մենք պարզ ճակատով մեր աշխարհասփյուռ հայությանը ցույց տանք, որ իրենց ներդրումները նպաստում են իրական արդյունքների արձանագրմանը:

Մեծագույն հարգանքով
Ձեր անձին ու գործին՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել