Զորամասի հրամանատարի ոտնձգություններից փախչելով՝ երիտասարդը մահացել է
Ծննդյան տոների ընթացքում լրատվամիջոցները հաղորդեցին Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքին «կպած» Գետահովիտ գյուղում տեղակայված զորամասում արձանագրված դեպքի մասին: Դեկտեմբերի 31-ին, ժամը 23-ի սահմաններում, գյուղի մի քանի երիտասարդներ գնացել են զորամասում ծառայող իրենց ընկերոջը տեսության: Հսկիչ-անցագրային կետի մոտ նրանց նկատելով` զորամասի հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանը նախ կրակ է բացել, ապա զենքի սպառնալիքով իր աշխատասենյակ «բերման» ենթարկել երիտասարդներին եւ ոտնձգություններ կատարել, ինքնաձիգով ահաբեկել: Երիտասարդներն էլ փախուստի դիմելով` ցած են նետվել երկրորդ հարկից: Դրա հետեւանքով 20-ամյա Տարոն Թաթուլի Ենգիբարյանը ստացել է գանգուղեղի վնասվածք, իսկ 21-ամյա Աշոտ Սպարտակի Ուլիխանյանը` ձախ ոտքի կոտրվածք: Տարոն Ենգիբարյանը 10 օր շարունակ «կայուն ծանր» վիճակում պառկած է եղել Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, իսկ հունվարի լույս 10-ի գիշերը մահացել է: Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցված 258 հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն): Մինչդեռ այս դեպքը հնարավոր էր կանխել, եթե պաշտպանության նախարարությունը համարժեք արձագանքեր ԶԼՄ-ների եւ մասնավորաբար՝ «Առավոտի» հրապարակումներին:
2010 թվականի օգոստոսի 26-ին «Թալան օրը ցերեկով եւ բարձր մակարդակով» հրապարակմամբ տեղեկացրել ենք զինվորականների կողմից Ջողազի ջրամբարի պոմպակայանի թալանի մասին, իսկ սահմանի այդ հատվածը հսկում են հենց գնդապետ Կարապետյանի զորամասի ծառայողները: Իսկ 2010թ. նոյեմբերի 20-ին «Ճաշարանս փակ թող մնա» հրապարակմամբ էլ հայտնել էինք, որ գնդապետ Կարապետյանի զորամաս այցելած Իջեւանի ավագ դպրոցի աշակերտները տեսել են, որ զորամասում սանհանգույցը եւ բուժկետը խիստ անմխիթար վիճակում են, բուժկետում շատ ցուրտ է: Զորամասի ճաշարանի դռները փակ են եղել դպրոցականների առաջ: Եթե պաշտպանության նախարարությունը մեր այս հրապարակումների վերաբերյալ քննություն կատարեր եւ համապատասխան միջոցներ ձեռնարկեր, ապա Սերգեյ Կարապետյանը կհարգեր օրենքն ու զինվորական կարգապահությունը, իրեն թույլ չէր տա զենք գործադրել գետահովիտցի երիտասարդների հանդեպ:
Մահվան ելքով դեպքից հետո՝ այս օրերին զորամասի բարձրաստիճան սպաները Իջեւան քաղաքում՝ ժողովրդի մեջ Կարապետյանին փորձում են արդարեցնել, ասելով, որ ղարաբաղյան պատերազմին մասնակցած Սերգեյ Կարապետյանը մարտերից մեկում կոնտուզիա է ստացել: Հնարավոր է: Բայց այս դեպքում նրան հարկավոր էր բուժել, ոչ թե զորամասի հրամանատարություն վստահել: Նշենք, որ Կարապետյանը ծնունդով Դաշտային Ղարաբաղից է, Շամխորի շրջանի հռչակավոր Չարդախլու գյուղից:
Հ. Գ. Նյութն արդեն պատրաստ էր, երբ «Արմինֆոն» հաղորդեց, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հունվարի 10-ի հրամանով զորամասի հրամանատար Սերգեյ Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Իսկ մեղադրանք դեռ ոչ ոքի չի առաջադրվել: