Դատելով իրերի դրությունից եւ զարգացումներից՝ Արտակ Շաբոյանին պետական պաշտոն է վստահվել օլիգարխների բիզնես շահերը պաշտպանելու համար:
2010 թվականի հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ հանձնաժողովը նախատեսում է 2010-ին հանրապետության մարզերում իրականացնել մրցակցային իրավիճակի գնահատում: «Փորձելու ենք լայնածավալ գործունեություն իրականացնել մարզերում՝ հասկանալու, թե իրականում ինչպիսին է այնտեղ իրավիճակը»,- ասել էր Դավիթ Հարությունյանը: Հայտարարությունից երկու ամիս անց՝ 2010 թվականի մարտին Դավիթ Հարությունյանը հրաժարական տվեց եւ ՏՄՊՊՀ նախագահ դարձավ Արտակ Շաբոյանը: Դավիթ Հարությունյանի հրաժարականից հետո համառ լուրեր եղան, թե դեղ ներկրող յոթ խոշոր ընկերությունների դեմ ՏՄՊՊՀ կտրուկ քայլերից՝ նրանց հակամրցակցային պայմանավորվածության համար տուգանելու որոշում ընդունելուց հետո, Դավիթ Հարությունյանին ստիպել են հրաժարական տալ եւ անգամ սպառնացել են զենքով: Արտակ Շաբոյանը եկավ, եւ հանձնաժողովը չեղյալ հայտարարեց Դավիթ Հարությունյանի օրոք ընդունված՝ դեղ ներկրողներին տուգանելու որոշումը: Այս ամենից հետո, 2010-ի մայիսի 12-ին «Առավոտը» «Մարզերին կգնահատեն» հրապարակմամբ անդրադարձավ Արտակ Շաբոյանի ՏՄՊՊՀ նախագահ դառնալուն հաջորդած զարգացումներին: Հենվելով հանձնաժողովից ստացած պաշտոնական տեղեկությունների վրա, գրեցինք, որ ՏՄՊՊՀ-ն խոստանում է, որ մարզերի գործարարները դեղ ներկրողների «բախտին» չեն արժանանա:
«ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ներկայումս աշխատում է հանրության հետ կապերի ընդլայնման ծրագրի վրա, որտեղ էական տեղ է հատկացված մարզերում մրցակցային իրավիճակի գնահատման, իրազեկման եւ քարոզչության աշխատանքներին: Մարզերին գնահատելու ծրագիրը հանձնաժողովի աշխատանքային օրակարգում է, եւ արդեն գործնական քայլեր են ձեռնարկվել դրանք իրագործելու համար: Հանձնաժողովի նախագահի փոփոխությունից հետո ծրագիրը ընդլայնվել է եւ այնտեղ՝ մարզերում մրցակցային իրավիճակի գնահատումից բացի, ընդգրկվել են նաեւ հանրապետության մարզերում մրցակցության քարոզչության եւ իրազեկման աշխատանքների իրականացումը, հետագայում նաեւ բարելավմանն ուղղված քայլերի մշակումը: Ծրագիրը մեծ մասշտաբներ է ընդգրկում եւ մարզերում մրցակցային իրավիճակի գնահատման մտադրության մասին հայտարարելուց ի վեր, այս ընթացքում հանձնաժողովը կազմել է միջոցառումների պլան, կոնկրետ թիրախային խմբեր (տնտեսվարող սուբյեկտների ցանկեր եւ այլն), որոնց ուղղված կլինեն քարոզչության եւ իրազեկման աշխատանքները, ընտրվել են մեխանիզմները, որոնց միջոցով կկատարվեն մրցակցային իրավիճակի գնահատման աշխատանքները («կլոր սեղանի» քննարկումներ, հանդիպումներ, մասնագիտացված սոցիոլոգիական հարցումներ) եւ այլն: Որոշ կազմակերպչական խնդիրներից ելնելով, այս պահին հստակորեն հնարավոր չէ նշել, թե կոնկրետ երբ տեղի կունենա այս կամ այն միջոցառումը, սակայն դա կլինի այս տարվա ընթացքում: Բնականաբար, հանձնաժողովը ծրագիրը կիրականացնի առավելագույն հրապարակայնության պայմաններում»,- պաշտոնապես հայտարարել էր ՏՄՊՊ հանձնաժողովը:
2010 թվականը ավարտվել է: Ավելին, ավարտվել է նաեւ 2011 թվականի առաջին տասնօրյակը, սակայն այս ընթացքում ՏՄՊՊ հանձնաժողովը մարզերում մրցակցային իրավիճակը գնահատելու ուղղությամբ բան չի արել: Անցած տարի սուտ խոստում է տվել, փաստորեն:
Այսքանից հետո զարմանալի չէ, որ Արտակ Շաբոյանի ղեկավարած պետական կառույցը 2010-ի դեկտեմբերի 3-ին ներկայացնելով «Պանիր» ապրանքային շուկայի ուսումնասիրությունները, հայտարարում է, որ կաթնամթերք արտադրող մի շարք տնտեսվարողներ կաթի մեջ օգտագործում են կաթի փոշի եւ սոդա, ինչը օրենսդրությամբ եւ ստանդարտներով արգելված է, սակայն անուններ չի տալիս: Կամ նախատոնական օրերին ձուն Հայաստանում վաճառվում է մինչեւ 100 դրամով, իսկ Արտակ Շաբոյանը ԱԺ-ում հայտարարում է, որ ձվի շուկայում չհիմնավորված թանկացումների մասին փաստեր չունի։
Ըստ հանձնաժողովի կայքի (www.competition.am), հանրության հետ կապերի ակտիվացման, քաղաքացիների դիմում-բողոքների քննարկման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու եւ հանձնաժողովի գործունեությունն առավել թափանցիկ եւ հրապարակային դարձնելու նպատակով ՏՄՊՊՀ-ում գործում է «Թեժ գիծ» եւ ցանկացած քաղաքացի կարող է տնտեսվարողների կողմից շուկայում հակամրցակցային դրսեւորումների, գերիշխող դիրքի չարաշահման, սպառողներին մոլորության եւ շփոթության մեջ գցելու (այլ տնտեսվարողին պատկանող ապրանքային նշանի կիրառում կամ նմանակում, պարտադիր մակնշման բացակայություն, սխալ մակնշում) հնարավոր դեպքերի մասին ահազանգել: Ահազանգել, իհարկե, կարելի է, բայց դատելով դեղ ներկրողների, պանիր եւ ձու արտադրողների շուրջ զարգացումներից, մարզերում մրցակցային վիճակը գնահատելու չիրականացված խոստումից, քիչ հավանական է, որ ահազանգին ընթացք տրվի:
Շնորհավորում ենք ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի եւ հանձնաժողովի անդամների Ամանորն ու Սուրբ ծնունդը, մաղթում նրանց անկոտրում կամք եւ անսպառ եռանդ: