Լրահոս
Օրվա լրահոսը

2010-Ը ԴԺՎԱՐ ՏԱՐԻ ԷՐ

Հունվար 11,2011 00:00

2010 թվականն «Առավոտի» իրավական էջի համար դժվարին տարիներից մեկն էր

Նախ, քաղաքացիների բողոք-դիմումները բազմաթիվ էին: Գրեթե ամեն օր «Առավոտի» իրավական էջն ընդունել է 10-20 քաղաքացու: Դրան գումարած՝ ամենօրյա էլեկտրոնային փոստով իրավական բաժնին ուղարկված տասնյակ խնդրագրերն ու նամակները, փոստով ուղարկված նամակները:

Բողոքները, որոնցից շատերին ընթացք ենք տվել եւ հրապարակայնացրել, ստացվել են հատկապես արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների կալանավորներից, ոստիկանությունից եւ պաշտպանության նախարարության տարբեր ստորաբաժանումներից, դատարաններից, տեղական ինքնակառավարման մարմնիններից տուժածներից:

Անցյալ տարի արդարադատության նախարարության ՔԿՀ-ներից ստացվել է 78 նամակ: Մենք անդրադարձել ենք հացադուլներին, ազատազրկվածների ինքնավնասման առանձին դեպքերին, որոնք բողոքի յուրահատուկ ձեւ էին նրանց նկատմամբ իրականացված իրավական խտրականության: ՔԿՀ կալանավորների գերակշիռ մասը, որոնք դիմել են «Առավոտին», բողոքել են հանրապետության նախագահի հրամանով ստեղծված «անկախ» հանձնաժողովից, որը զբաղվել է նրանց վաղաժամկետ ազատման խնդիրներով:

Անցյալ տարի մենք ականատես եղանք եւ նաեւ լուսաբանեցինք զանգվածային «տանիքային ցույցերը», որոնք տեղի ունեցան «Սեւան», «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում: Ազատազրկվածները բարձրանում էին տանիքներ եւ չէին իջնում այնքան ժամանակ, մինչեւ չեն տրվում երաշխիքներ:

«Առավոտն» անցյալ տարի պարբերաբար անդրադարձել է պաշտպանության նախարարությանն ու բանակին: Չենք ուզում հիշեցնել խաղաղ պայմաններում տեղի ունեցած ծանր մահացու դեպքերի մասին եւ ՊՆ-ն արատավորած կադրերի մասին: Միայն նշենք, որ աշնանային զորակոչի ընթացքում՝ սեպտեմբերից մինչեւ դեկտեմբեր ստացել ենք 25 բողոք -նամակ նորակոչիկների ծնողներից: «Առավոտի» իրավական էջի միջամտության եւ հրապարակումների շնորհիվ 2 նորակոչիկներ՝ Սուրեն Աթաբեկյանն եւ Արթուր Պայտյանը հնարավորություն են ստացել լրացուցիչ հետազոտվել ՊՆ բուժհաստատությունում, ստանալ տարկետում: Մինչ թերթին դիմելը, նրանք հետազոտվել էին տարբեր բուժհիմնարկներում եւ ստացել իրարամերժ ախտորոշումներ: «Առավոտը» դիմել էր նաեւ ՊՆ հասարակական խորհրդին, որը օպերատիվ ընթացք էր տվել մեր բարձրացրած հարցերին:

Միայն 1 զինվորի՝ Դավիթ Թադեւոսյանի հարցով ունենք սպասելիքներ, քանի որ «Առավոտի» 4 հրապարակումներ դեռեւս պաշտոնական պարզաբանում չեն ստացել: Շենգավիթ համայնքից բանակ զորակոչված Դավիթ Թադեւոսյանը ներկայումս գտնվում է հոգեբուժարանում: Նա զորացրվելուց անմիջապես հետո հայտնվեց տարբեր բուժհաստատություններում, հայտնեց, որ ծառայության ընթացքում իրեն դաժան ծեծի են ենթարկել: Որեւէ մեկը չի ստանձնում պատասխանել մեկ հարցի. արդյոք հոգեկան խանգարում ստանալը կապ ունի՞ ծեծի հետ, թե՞ պարզապես Դավիթին զինվորագրել են, երբ նա տառապել է հոգեկան հիվանդությամբ: Մենք հետամուտ ենք լինելու այս գործին, ինչպես նաեւ անցյալ տարվա մեկ այլ սահմռկեցուցիչ՝ հոկտեմբերի 28-ին հիվանդանոց տարված ժամկետային զինծառայող Էդիկ Գրիգորյանի գործին: Ըստ նախնական տեղեկատվության, նրան ծեծի էր ենթարկել հրամանատարի տեղակալ Արմեն Բարեղամյանը՝ ժամանակին չարթնանալու համար: Զինվորն անցյալ տարի ուղեղի ցնցումով գտնվում էր հիվանդանոցում:

Ինչպես անցյալ տարի, այս տարի եւս մենք չենք լքելու դատական նիստերի դահլիճները: Հետեւելու ենք, որ որեւէ դատավոր չփորձի միանձնյա տնօրինել կողմերի դատավարական իրավունքները, սահմանափակելով դրանք: Այս տարի էլ դուք հնարավորություն կունենաք հետեւել դատական նիստերի ռեպորտաժներին: Միայն անցյալ տարի մենք լուսաբանել ենք 7 տասնյակից ավելի դատական նիստեր, որոնք անկախ կողմերից՝ լիներ հավաքարար, թե զորամասի հրամանատար, նույնքան աղմկահարույց էին: Պարբերաբար մեր տեսախցիկն ու ձայնագրիչն են միացվել ու միացվելու են մարզերում՝ հատկապես Գյումրիում, Լոռիում, Սյունիքում ու Տավուշում:

Պետք է նշել, որ թերթը մարզերում համագործակցել է նաեւ Գյումրիի եւ Լոռիի իրավապաշտպան կառույցների հետ:

Ինչ վերաբերում է արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությանը, ապա շնորհիվ այս կառույցի մամուլի ծառայության, ամենօրյա թարմ տեղեկատվությունը մաս է կազմել «Առավոտի» «Իրավունք» էջում: Մեր ֆոտոխցիկը (մասնավորապես՝ Գագիկ Շամշյանի շնորհիվ) փորձել է առաջ անցնել նույնիսկ ոստիկանության օպերատիվ տեղեկատվությունից, դեպքի վայրերից տալ ամբողջական այլընտրանքային տեղեկատվություն:

«Իրավունքի» «Ֆոտոմեղադրանք» խորագրում զետեղված հրապարակումների շնորհիվ ստացել ենք պաշտոնական տասնյակ արձագանքներ: Պատասխան խոսքի իրավունքից որեւէ պետական մարմին չի զրկվել:

Մեր թերթում իրենց հարցերն են բարձրացրել իրավապաշտպանները, իրավաբանները, փաստաբանները, նոտարները, դատական համակարգին առնչվողները: Գրեթե ամեն շաբաթ փորձել ենք թարմ տեղեկություն տալ հայրենի իրավապաշտպան կառույցների գործունեությունից: «Առավոտում» բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ են առաջարկել, ինչպես նաեւ իրենց գործունեության մասին առանձին հրապարակումներով հանդես եկել «Ընդդեմ իրավական կամայականության», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա-Վանաձորի գրասենյակ», «Ինֆորմացիայի ազատության կենտրոն», «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» կազմակերպությունները:

«Առավոտը» եղել է բաց՝ բոլոր լրագրողական հասարակական կազմակերպությունների առաջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31