Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

550 ԴԵՊՔ ԵՂԵԼ Է, ԲԱՅՑ ԴԵՌ ՉԵՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՎԵԼ

Հունվար 11,2011 00:00

Մեքենա ունեցող Հայաստանի քաղաքացիները, որոնք չունեն ավտոտրանսպորտային պատահարների պարտադիր ապահովագրման (ԱՊՊԱ) պայմանագիր, այս տարվա հունվարի 1-ից սկսած՝ ճանապարհային ոստիկանության տեսուչների կողմից կտուգանվեն տարեկան 50 հազար դրամի չափով: Այդ է պատճառը, որ այս օրերին ԱՊՊԱ պայմանագիր կնքող բոլոր ապահովագրական ընկերությունների գրասենյակների դիմաց հերթեր են գոյացել: Մեծ հերթեր էին նաեւ Ամանորից առաջ, սակայն այդ ժամանակ, պաշտոնական տվյալներով, մեքենա ունեցող քաղաքացիներից ընդամենը 20%-ն էր ԱՊՊԱ պայմանագիր կնքել, իսկ երեկվա դրությամբ Կենտրոնական բանկից տեղեկացրին, որ մեքենա վարողների 60%-ն արդեն ապահովագրվել է:
Երեկ «Առավոտը» ոստիկանությունից էլ փորձեց ճշտել, թե հունվարի առաջին տասնօրյակին քանի՞ վարորդի են հասցրել տուգանել ԱՊՊԱ պայմանագիր չունենալու պատճառով, սակայն ի պատասխան մեր հարցին՝ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ իրենք դեռեւս ոչ բոլոր տվյալներն են ամփոփել եւ դրանք պատրաստ կլինեն այսօր: Իսկ Հայաստանի ապահովագրողների բյուրոյի հասարակայնության եւ արտաքին կապերի գծով մասնագետ Արմինե Հակոբյանի ներկայացմամբ էլ՝ հունվարի 1-10-ն ընկած ժամանակահատվածում ավտոտրանսպորտային պատահարների 550 դեպք է գրանցվել. «Ինչ վերաբերում է ապահովագրական ընկերությունների վճարումներին, ապա նշեմ, որ դեռեւս ոչ մի վճարում չի եղել, քանի որ դրա համար, ըստ օրենքի, կա ֆիքսված ժամանակահատված, որի ընթացքում ուսումնասիրություններ են կատարվում»:
Նշենք, որ այս պայմանագրերի կնքումն ըստ էության այնքան էլ մեծ եկամուտներ չի ապահովում պետբյուջեի համար, քանի որ ապահովագրական ընկերություններն ազատված են ավելացված արժեքի հարկից, որը կազմում է պայմանագրերի ընդհանուր արժեքի 20%-ը: Այդուհանդերձ, նրանք պետությանը հարկ են մուծում յուրաքանչյուր «կլիենտից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել