Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՔԹԻՑ ԲԵՐԵՑԻՆ

Հունվար 11,2011 00:00

\"\"Մինչ պաշտոնյաներն իրենց տաք ու շքեղ առանձնատներում Նոր տարի էին նշում, հազարավոր թոշակառուներ տոնական օրերին ստիպված էին իրենց մի քանի կոպեկ թոշակը ստանալու համար օրերով հերթ կանգնել:

Նոր տարին հազարավոր թոշակառուների համար սկսվեց տհաճ անակնկալներով: Նախատոնական օրերին նրանք իրենց առանց այն էլ չնչին թոշակները ծախսել էին՝ հույս ունենալով, որ Ամանորի տոներից անմիջապես հետո կենսաթոշակ են ստանալու, սակայն վերջին կոպեկը ծախսած թոշակառուները այս տարի ստիպված էին պարտքով յոլա գնալ, քանի որ թոշակների տրամադրման նոր կարգն արդեն քանի օր է՝ իսկական խառնաշփոթ է առաջացրել:
Նշենք, որ դեռ անցյալ տարի ՀՀ կառավարությունը որոշեց սոցիալական ապահովության պետական ծառայությունից վերցնել թոշակներ բաժանելու պարտականությունը՝ հանձնելով «Հայփոստին», արդյունքում՝ այսօր կենսաթոշակ ստանալու համար թոշակառուները ստիպված են ժամերով, նույնիսկ օրերով հերթ կանգնել «Հայփոստի» բաժանմունքներում: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի քանի բաժանմունքներում հունվարի 4-ից մինչ օրս թոշակառուների հսկայական հերթեր են գոյանում: Նրանք ստիպված էին նույնիսկ առավոտ կանուխ, մինչ բաժանմունքի բացվելը, գնալ ու հերթ պահել, որ գոնե երեկոյան կամ էլ մյուս օրը առավոտյան կարողանան ստանալ իրենց թոշակը: «Հայփոստի» աշխատակիցները թոշակառուներին պատճառաբանում էին, թե գումարները մաս-մաս են փոխանցվում, դրա համար էլ չեն հասցնում բոլորին բաժանել: Բացի այդ, նրանք նաեւ բացատրել են, որ թոշակառուների ցուցակները աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից բավականին խառն են իրենց փոխանցվել եւ այդ պատճառով չեն կարողանում արագ սպասարկել: «Հայփոստի» 0064 բաժանմունք մեր այցելության ժամանակ զայրացած թոշակառուները կառավարության անդամների հասցեին լուտանքներ էին թափում. «Իրենք տաք տներում ու Դուբայում իրենց համար հանգստանում են, իսկ մենք 4 աստիճան ցրտին ժամերով դրսում կանգնած սպասում ենք, թե երբ ենք 20 հազար դրամ թոշակը ստանալու: Ցուցակի եղածն ի՞նչ է, որ դա էլ չեն կարողացել նորմալ կազմակերպել, որպեսզի նման խնդիրներ չառաջանային: Նոր բաներ են մոգոնել, իբր թե փոստից ստանալու դեպքում փոստատարն է՛լ մեզանից գումար չի պահելու: Սաղ սուտ է, ամեն անգամ նոր բաներ են մտածում՝ «լեւի» փողեր աշխատելու համար»: Երեկվա դրությամբ մարդկանց հերթերը մի փոքր թեթեւացել էին, բայց թոշակառուների զայրույթը՝ չէր մեղմվել: 0064 փոստային բաժանմունքում 80-ամյա մի թոշակառուի անընդհատ մի սեղանից մյուս սեղանի մոտ էին ուղարկում: Կնոջ անուն- ազգանունը ոչ մի տեղ չկար, այդ առիթով փոստատարի եւ թոշակառուի միջեւ բուռն վեճ ծագեց՝ նրանք սպառնում էին միմյանց «գլուխ ջարդել»:
«Առավոտի» հետ զրույցում թոշակառուներից ոմանք նեղսրտած պատմում էին. «Ախր ձեռքներս կոպեկ չկա, թէ չէ մի 2 օր կհամբերեինք, կթեթեւանար հերթը, նոր կգայինք: Համ էլ ասել էին, որ տուն են բերելու, բայց որ դրան սպասենք՝ մի 5 օր էլ պիտի առանց փող մնանք»:
Բանն այն է, որ «Հայփոստի» այդ բաժանմունքում մոտ 3 հազար թոշակառուների ընդամենը 3 փոստատար է սպասարկում եւ մինչեւ տեղում հավաքված թոշակառուներին չբաժանեն թոշակները՝ չեն կարող այցելել տներ:
«Առավոտի» հարցերին ի պատասխան՝ «Հայփոստի» պատասխանատուները հայտնեցին, որ ստեղծված խառնաշփոթն այնքան էլ իրենց մեղքով չէ, եւ որ հիմնական խնդիրը խառնիխուռն ցուցակներն են առաջացրել, որոնք «Հայփոստին» է տրամադրել սոցիալական ապահովության պետական ծառայությունը: Այս առնչությամբ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Արա Հարությունյանն «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց, որ «Հայփոստին» գումարների փոխանցման հետ կապված ուշացում չի եղել. «Ես անձամբ եղել եմ մի քանի փոստային բաժանմունքներում, տեսել եմ, որ ցուցակների հետ կապված խնդիրներ կան, փոստը մեզ ներկայացրել է ցուցակներ, մենք նոր երթուղիներ ենք մշակել եւ ուղարկել «Հայփոստի» բաժանմունքներին: Խնդիրն այն է, որ օպերատորները մի շարք գործառույթներ են կատարում, դրա համար էլ այդպես խառնաշփոթ է առաջացել: Ե՛վ պիտի տներ այցելեն, ե՛ւ հերթերը սպասարկեն, դրա համար էլ չեն հասցնում: Այս «պիկը» մինչեւ վաղը կհարթվի: Ժողովրդին էլ հնարավոր չէ բացատրել, որ գնացեք տուն, թոշակը կբերեն տուն: «Հայփոստի» աշխատակիցներն այդ ցուցակները դեռեւս չեն մարսել, քաղաքացիներն էլ դեռ չգիտեն, որ բաժանմունք պիտի գնան, նրանց պետք է ծանուցումներ բաժանվեին, թե՝ որ բաժանմունք գնան, դա չարվեց, դրա համար էլ ամեն ինչ խառնվեց իրար, բայց մյուս ամիս արդեն նորմալ հերթով առանց բարդությունների կլինի: Նոր տարուց հետո մարդիկ ուզում են օր առաջ ստանալ իրենց փողերը, փոստատարներ էլ դեռ չեն յուրացրել ցուցակները: Հերթերն էլ այնքան շատ են, որ փոստատարները դեռ ոչ մի տուն չեն հասցրել գնալ: Առաջին ամիսն է, դրա համար էլ որոշակի խնդիրներ եղան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել