Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

5 տարում գները 37-40%-ով բարձրացել են

Հունվար 11,2011 00:00

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2010թ. հունվարից դեկտեմբեր ընկած ժամանակաշրջանի սպառողական գների ինդեքսը: Ըստ այդմ՝ 2010թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1,8% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գների 3,4% գնաճով: Ոչ պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում աճել են 0,1%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0,2% նվազում: Դա՝ մեկ ամսվա կտրվածքով:
 Ավելի վատ է իրավիճակը՝ տարեկան կտրվածքով: 2010թ. դեկտեմբերին, 2009թ. դեկտեմբերի համեմատությամբ, սպառողական գների ինդեքսը կազմել է 109,4%, այդ թվում՝ պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)՝ 114,0%, ոչ պարենային ապրանքներինը՝ 104,6%, ծառայությունների սակագներինը՝ 104,2%:
2010թ. հունվար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0,8%, ինչը 0,3 տոկոսային կետով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը (0,5%):
2010թ. հունվար-դեկտեմբերին, 2009թ. հունվար-դեկտեմբերի համեմատությամբ, սպառողական գների ինդեքսը կազմել է 108,2%, այդ թվում՝ պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)՝ 108,6%, ոչ պարենային ապրանքներինը՝ 109,6%, ծառայությունների սակագներինը՝ 106,8%:
2010թ. դեկտեմբերին, 2005թ. համեմատությամբ, սպառողական գների ինդեքսը կազմել է 137,7%, այդ թվում՝ պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)՝ 139,8%, ոչ պարենային ապրանքներինը՝ 126,1%, ծառայությունների սակագներինը՝ 139,9%:
2010թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատությամբ, հանրապետությունում գրանցվել է պարենային ապրանքների 3,7% գնաճ, ինչը հիմնականում ձվի, մրգի, բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբերի 8,4-18,8% գնաճի արդյունք է: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0,1-18,8% գնաճ:
2010թ. դեկտեմբերին, 2009թ. դեկտեմբերի համեմատությամբ, հանրապետության բոլոր քաղաքներում բանջարեղեն եւ կարտոֆիլ ապրանքախմբի գներն աճել են 8,3-24,0%-ով, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում:
Մրգի ապրանքախմբում 2010թ. դեկտեմբերին, 2009թ. դեկտեմբերի համեմատությամբ, արձանագրվել է 19,0 տոկոս գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում մրգի գներն աճել են 0,3-28,3%-ով, այդ թվում՝ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Հրազդան, Չարենցավան քաղաքներում: Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 18,2%-ով:
2010թ. դեկտեմբերին, 2009թ. դեկտեմբերի համեմատությամբ, ձվի հանրապետական միջին գինն աճել է 25,7%-ով:
Մսամթերքի ապրանքախմբում 2010թ. դեկտեմբերին, 2009թ. դեկտեմբերի համեմատությամբ, գրանցվել է 17,6% գնաճ: Հանրապետության դիտարկված քաղաքներում 2010թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատությամբ, մսամթերքի գներն աճել են 0,7-3,2%-ով:
2010թ. դեկտեմբերին, 2009թ. դեկտեմբերի համեմատությամբ, կաթնամթերք ապրանքախմբում արձանագրվել է 21,1%, գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է մածունի 2,2%, «Չեդեր» տեսակի պանրի 2,2%, թարմ կաթի 2,3%, տնական (կովի կաթից) պանրի 4,2% գնաճով:
Կենդանական եւ բուսական յուղերի ապրանքախմբում 2010թ. դեկտեմբերին, 2009թ. դեկտեմբերի համեմատությամբ, գրանցվել է 10,9% գնաճ, իսկ 2010թ. նոյեմբերի համեմատությամբ՝ 1,7% գնաճ: Հանրապետության դիտարկված քաղաքներում 2010թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատությամբ, կենդանական եւ բուսական յուղերի գներն աճել են 0,4-2,2%-ով:
2010թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատությամբ, հանրապետությունում գրանցվել է հացամթերքի, այլ մթերքների, ոգելից խմիչքի եւ ծխախոտի, հրուշակեղենի, սուրճի, թեյի, կակաոյի, ոչ ոգելից խմիչքի, շաքարավազի, ձկնամթերքի 0,1-1,1% գնաճ:
2010թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատությամբ, ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0,1% գնաճ: Բենզինի եւ դիզելային վառելիքի գները նշված ժամանակահատվածում աճել են համապատասխանաբար 2,4% եւ 2,2%-ով: 2010թ. դեկտեմբերին, 2009թ. դեկտեմբերի համեմատությամբ, հանրապետությունում գրանցվել է բենզինի եւ դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 0,8% եւ 8,2% գնաճ, իսկ 2005թ. համեմատությամբ՝ համապատասխանաբար 13,1% եւ 27,5% գնաճ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել