Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄԱԼՅԱ՛Ն, JUST DO IT

Հունվար 11,2011 00:00

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը չի կարողանում վերահսկել հեռուստատեսային գովազդի խայտառակ իրավիճակը:

Հաշվի առնելով, որ Ամանորի տոնական օրերին հեռուստաեթերում գովազդների քանակը եռապատկվում է, «Առավոտը» դեկտեմբերին գովազդի մոնիտորինգ կատարեց՝ պարզելու, թե Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից 40-48 միավոր ստացած հեռուստաընկերությունները մեկ ամսվա ընթացքում քանի անգամ են ոտնահարում «Գովազդի մասին» օրենքը: Հիշեցնենք, որ հեռուստատեսային գովազդի վերահսկողը հենց նույն հանձնաժողովն է, որը վերջին մի քանի տարիներին ընդհանրապես «Գովազդի մասին» օրենքի խախտումներ չի գտել:
Ներկայացնում ենք մեր մոնիտորինգի արդյունքները, ըստ որի՝ «Գովազդի մասին» օրենքի խախտում կատարել են բոլոր հեռուստաընկերությունները, ընդ որում, հատկապես հանձնաժողովի բոլոր չափորոշիչներին համապատասխանած ընկերություններ, որոնք 1 գովազդային ընդմիջման ժամանակ խախտումների քանակը հասցնում էին 10-11-ի:
«Գովազդի մասին» օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում գովազդի լեզուն հայերենն է, մինչդեռ ՀՌԱՀ-ը այսքան տարիների ընթացքում չկարողացավ հեռուստաընկերություններին պարտադրել, որ կատարեն օրենքի գոնե այս մի կետը: Օրենքում հստակ նշված է, որ «անհրաժեշտության դեպքում, որպես լրացում, գովազդատուի հայեցողությամբ գովազդի շարադրանքը կարող է զուգորդվել նաեւ այլ լեզուներով՝ համեմատաբար փոքր տառերով»։ Սակայն եթերում հակառակ պատկերն է: Լավագույն դեպքում օտարալեզու գովազդներն ուղեկցվում են հայերեն թարգմանությամբ, այն էլ, եթե հատուկ նստես հեռուստաէկրանի առաջ՝ գովազդի թարգմանությունը կարդալու համար, դարձյալ չի հաջողվի, որովհետեւ տառերը համակարգչային շարվածքի 7.5 չափսով են ու հեռարձակվում են վազող տողով: Դա, կարելի է ասել, ոչ թե օրենքի պահանջի կատարում էր, այլ՝ «ձեռառնոցի»: Բազմաթիվ գովազդներ նույնիսկ ձեւի համար այդ թարգմանությունն էլ չունեին: Օրինակ, «Արարատ» բնական հյութերի գովազդում, բացի այն, որ հյութի փոխարեն ասվում է Արարատ juice՝ անգլերեն, կարգախոսն էլ ռուսերեն է՝ «ՉՏսվՈ ՉՍցրՏՉ»: «Մեդեսթ» էսթետիկայի կենտրոնի գովազդը եթերում շաբաթներ շարունակ հնչում էր միայն ռուսերեն: Իսկ «Nike»-ի գովազդը ոչ թե ռուսերեն, այլ անգլերեն է, եւ հայ հեռուստադիտողներին թելադրում է՝ «Nike-just do it»:
Օրենքի 5-րդ հոդվածի համաձայն, գովազդը պետք է լինի օրինական, հավաստի եւ պատշաճ: Այն պետք է նշվի՝ որպես այդպիսին, սակայն որոշ հեռուստաընկերություններ, բացի այն, որ գովազդային հոլովակները ցուցադրում էին առանց բլումի նախազգուշացման՝ հեռարձակում էին նաեւ թաքնված գովազդներ: Օրինակ, «Ա թի-վի»-ով հեռարձակվող «Ամենից ամենա» հաղորդման ժամանակ աստղային հարցազրույցների ընթացքում մեկ էլ անհարկի մեջ էր մտնում «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության գործադիր տնօրենն ու խոսում, թե ինչու պետք է կնքել «ԱՊՊԱ» պայմանագիրը: Դա առնվազն անհարգալից վերաբերմունք է հեռուստադիտողների նկատմամբ, որովհետեւ մարդը պետք է իմանա՝ ինքը ինչ է նայում՝ հաղորդո՞ւմ, թե՞ գովազդ: «Արմենիայով» ցուցադրվող «Դիմակահանդես» սերիալում գլխավոր հերոս Սոսին թշնամին պատժելու համար գցում է, չգիտես ինչու, հենց ՄԱՊ-ի Մակար գինիների մառանը, կադրում 15 րոպե ցուցադրում են խնամքով շարված տակառներն ու գինիների տեսականին: Գուցե Ամալյանը սերիալ չի նայում եւ չի նկատել, բայց դա «Գովազդի մասին» օրենքի կոպիտ խախտում է, որի համար պետք է կիրառվի վարչական պատասխանատվություն: Նմանապես եւս մի խախտում՝ նույն հեռուստաընկերության կողմից. «Ուր է իմ տղամարդը» հեռուստասերիալում մի սերիան ամբողջությամբ նվիրված էր «Ակվատեկ» համալիրին: Սերիալի հերոսուհիները լողում էին հենց այդ կենտրոնում, հանգստանում ու ցուցադրում, թե որտեղ են գտնվում այդ վայելքները: Մեկ այլ սերիա նվիրված էր «Անի» ընկերությանը. բոլորը խմում էին «Անի» լիմոնադները, ուտում «Անի» պաղպաղակներն ու կաթնամթերքը: Հետո արդեն եկան «Արմենիա» գինին խմելու սերիաները:
Ըստ օրենքի, գովազդը չպետք է պարունակի սուտ տեղեկություններ, չպետք է մոլորեցնի սպառողներին, այլապես դրանք կհամարվեն անբարեխիղճ եւ կանխամտածված կեղծ գովազդներ: Մինչդեռ բազմաթիվ գովազդներ իսկապես մոլորեցնում են սպառողներին ու սխալ տպավորություն ստեղծում: Բոլոր մազի ներկերի գովազդում հերոսուհիների մազերը շլացուցիչ փայլով պսպղում են, մինչդեռ իրականում դա ճիշտ տեղադրված լույսերի արդյունքն է, ոչ թե ներկի որակի: Դեկտեմբեր ամսին ցուցադրված «Օրբիթ» մաստակի գովազդում վստահեցնում են, որ 7 բաժակ սուրճից հետո Մաքսը մի հատ ծամոն է ծամում, ու լուսատուների պես սպիտակում են ատամները, մինչդեռ իրականում մեզանից ցանկացածը կարող է ամեն օր փորձել այդ մաստակն ու համոզվել գովազդի մոլորության մեջ: Եթե հայկական գովազդներին հավատալու լինենք, ուրեմն թիվ 1 ըմպելիքն աշխարհում «Հայ կոլան» է, իսկ բազմաթիվ էլիտար թաղամասերում ու էլիտար շենքերում վերջին բնակարաններն են մնացել: Ո՞վ է տեսել, որ մարգարինով խենթացնեն կանանց: Մեր հեռուստաեթերում «Մարկոնա» մարգարինի գովազդում համոզում են, որ միայն մարգարինով կարող են հանել կնոջ զգեստը, այն էլ՝ Կարգին Հասոյին, ու թողնել նրան այդպես խենթացած՝ գիշերանոցով մարգարինի սպասելիս:
Ինչ վերաբերում է ժամանակային խախտումներին, ինչպես գիտենք, արգելվում է հեռուստատեսային հաղորդման ընթացքում հեռարձակել գովազդ՝ ավելի քան 20 րոպեն մեկ հաճախությամբ եւ յուրաքանչյուր եթերային ժամի հաշվով 10 րոպեից ավելի տեւողությամբ: Ոչ մի հեռուստաընկերություն այս կետը չի պահպանել, ավելին՝ գովազդներ ցուցադրվում էին նույնիսկ լրատվական հաղորդումների ժամանակ՝ որպես սովորական լուրի թողարկում, իսկ գովազդների ցուցադրության տեւողությունը երբեմն հասնում էր 18-20 րոպեի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել