Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԻ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԹԵԶԻՍՆԵՐԸ

Հունվար 11,2011 00:00

\"\"«Մեր խնդիրները մենք ենք լուծելու»,- հայտարարեց ՀՀ նախագահը 2011-ի շեմին

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը տարվա վերջին օրերին ակտիվ հանդիպումներ էր ունենում հասարակական կյանքի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, եւ այդ հանդիպումների ժամանակ գրեթե ծրագրային ելույթներ էին հնչում: Ամփոփելով տարին՝ ՀՀ նախագահը իր խոսքում կարծես նաեւ մեսիջներ էր հղում 2011-ի զարգացումների, ակնկալիքների եւ ծրագրերի մասին: Ըստ ամենայնի, այդ բոլոր մեսիջների ոգով էլ այս տարվա ընթացքում կփորձեն աշխատել առաջին հերթին Հանրապետական կուսակցությունը, ապա՝ իշխանական կոալիցիան եւ ինչու ոչ՝ նաեւ ընդդիմությունը, եւ չեն մոռանա մեջբերումներ կատարել այդ ելույթներից: Տարեմուտի գիշերը, երբ մարդիկ շամպայնի շշերը ձեռքներին սպասում էին Նոր տարվա գալուստին, ՀՀ նախագահը, ընդ որում՝ հոտնկայս, եթե ճիշտ եմ հիշում, առաջին անգամն էր, որ մեր երկրի որեւէ նախագահ իր տարեմուտի խոսքը հնչեցնում էր ոչ թե նստած, այլ կանգնած, ասաց. «Մենք 2011 թվական ենք մտնում վստահությամբ եւ լավ գիտենք, որ մեր խնդիրները մենք ենք լուծելու: 2011 թվականը լինելու է աշխատանքի տարի, նոր ու համառ ջանքերի, կարծրացած արատների դեմ հետեւողական պայքարի ու պակասը լրացնելու տարի: Եվ պիտի խոստովանենք, որ իսկապես պակաս շատ բան կա: 2011 թվականը լինելու է նաեւ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հետագա ամրապնդման եւ հայոց իղձերի իրականացման ուղղությամբ նոր քայլերի տարի»:
ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ տարեվերջյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը լրագրողներին ասաց, թե անցած տարին բավականին արդյունավետ էր լրագրողական աշխատանքի տեսանկյունից: Ըստ նախագահի, տարին առանձնացավ հիմնականում առողջ քաղաքական բանավեճով. «Շատ լրատվամիջոցներ կարողացան պատվով կատարել իրենց առաքելությունը եւ չդառնալ գործիք ինչ-ինչ հարցերի լուծման համար: Մաղթում եմ, որ գալիք տարում էլ մեր երկրի լրագրողներից մեծ համարձակություն չպահանջվի որեւէ՝ հասարակայնորեն կարեւոր ասելիք բարձրաձայնելու համար: Դա ես դիտում եմ ոչ միայն ձեր՝ իբրեւ պրոֆեսիոնալների, այլեւ մեր ողջ հասարակության հասունության չափանիշ»:
Գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե հաջողվել է միասնաբար դիմագրավել դժվարությունները. «Կառավարության հետ սերտ համագործակցության աշխատաոճը առավել ակտիվությամբ շարունակելու ենք նաեւ 2011 թվականին: Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ գալիք տարին լինելու է համառ աշխատանքի տարի: Այն պետք է լինի լիարժեք վերականգնման, տնտեսության դիվերսիֆիկացման միտումների խորացման, նոր իրողությունների պայմաններում նոր ու ստեղծագործ քայլերի տարի»: Նաեւ զգուշացրեց, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը փոխել է եւ դեռ շարունակելու է փոխել համաշխարհային տնտեսական մոդելը. «Աշխարհն այլեւս երբեք նույնը չի լինելու, ինչ ճգնաժամից առաջ էր: Այնպես, ինչպես ապրում էինք մինչեւ 2008 թվականի աշունը, այլեւս չենք կարող ապրել ու գործել: Կյանքն ուղղակի թույլ չի տա: Բայց դա չի նշանակում, որ ավելի վատ ենք ապրելու: Ոչ: Պարզապես այլ կերպ պետք է մտածենք ու այլ կերպ պետք է գործենք»: Անցած տարվա վերջին օրվա վերջին սահմանապահ զինվորների հետ հանդիպմանը զինվորներին մաղթելով ուժ, կորով, հավատ՝ ասել է. «Հայրենիքի սահման պաշտպանող զինվորը մեր աչքի լույսն է, եւ որքան այդ զինվորը տոկուն լինի, հաստատակամ լինի, այնքան մենք լինելու ենք ավելի վստահ եւ ավելի կազմակերպված»:
Հայաստանի արտաքին գերատեսչության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը հայտարարել է. «Կարծում եմ՝ մենք պետք է կարողանանք համեմատվել միջին եվրոպական չափանիշների հետ: Եթե կարողանանք ասել, որ մենք ապահովում ենք այդպիսի կրթություն, այն ժամանակ մեր արածով կարող ենք բավարարվել: Ասածս, սակայն, չի նշանակում, որ ոչինչ չի արվել, բոլորը ձեռքերը ծալած նստել են, եւ չկա որեւէ տեղաշարժ: Ես տեսնում եմ տեղաշարժ»:
Հավելեմ, որ մեզ՝ լրագրողներիս շնորհավորելով, ՀՀ նախագահն ուղղակի հարցրեց, թե ինչ ենք կամենում եկող (արդեն եկած) տարվա համար: Մեր պատասխանը՝ խաղաղություն, նախագահը ընդունեց ժպիտով եւ ապա, պատասխանելով հարցին՝ իսկ ինքն ի՞նչ է կամենում, ասաց. «Հավատ»:
Դե, ուրեմն, հավատա՞նք, որ ամեն ինչ լավ է լինելու երկիրը երկիր դարձնելու ճանապարհին, թե՞ շարունակենք սպասել նոր ժամանակների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել