Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սպասելի է, որ կսահմանափակեն նաեւ համացանցով հեռարձակումը

Հունվար 11,2011 00:00

Այս մտավախությունն ունի Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը

ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը դեռ 2009-ի նոյեմբերին «Առավոտի» դիտարկմանը, թե արտոնագիրը տրամադրվում է կոնկրետ կապուղու համար եւ չի կարող վերաբերել հեռարձակման ընդհանրապես բոլոր այլ ձեւերին՝ այսպես էր արձագանքել. «Հեռուստահեռարձակումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված է որպես գործունեության ձեւ, եւ ըստ էության՝ հեռուստահեռարձակող համարվում են օրենսդրությամբ արտոնագրված ընկերությունները»: Ըստ նրա դիրքորոշման՝ իրական ժամանակում հեռարձակումները՝ անգամ բջջային հեռուստատեսությամբ կամ համացանցով, պետք է իրականացվեն միայն արտոնագրի առկայության դեպքում: Սա հաշվի առնելով՝ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք մտավախություն չունի՞, որ այժմ՝ մրցութային գործընթացի ավարտից հետո, կարող է փորձ արվի խոչընդոտել նաեւ համացանցային հեռարձակումը: «Կարող ենք սպասել, որ այդպիսի քայլ լինի,- պատասխանեց պրն Նավասարդյանը:- Մանավանդ որ՝ ինտերնետը զարգանում է, եւ ավելանում է ինտերնետով հեռարձակում իրականացնելու եւ քաղաքացիների կողմից այն դիտելու հնարավորությունը: Մոտենում է ընտրությունների հերթական փուլը, եւ պարզ է, որ այս պայմաններում կարելի է սպասել այդպիսի փորձերի: Եվ հենց այդ պատճառով շատ կարեւոր է՝ ինչքան հնարավոր է արագ հստակեցնել Հայաստանի օրենսդրությունը: Դրա համար կա լուծում՝ ցանկացած հեռարձակում, այդ թվում՝ ինտերնետային, պիտի թույլատրվի արտոնագրման պարզ ընթացակարգով: Ես կողմնակից եմ, որ այդ կարգի հեռարձակումն ընդհանրապես չդառնա արտոնագրման առարկա»:
Հետաքրքրվեցինք, թե «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը լրամշակող՝ Մարդու իրավունքների պաշտպանի ղեկավարությամբ գործող աշխատանքային խմբում, որին մաս է կազմում նաեւ ԵՄԱ նախագահը՝ այս կապակցությամբ ի՞նչ մոտեցում կա, արդյոք կա՞ միասնական դիրքորոշում: «Ցավոք, աշխատանքներն այդ խմբում շատ դանդաղ են ընթանում եւ որեւէ սկզբունքային հարցի շուրջ առայժմ վերջնական որոշում կամ որեւէ դրույթի վերջնական ձեւակերպում չկա խմբում: Այդ պատճառով գտնում եմ, որ կա՛մ այդ խմբի աշխատանքները պետք է դարձնել շատ ավելի արդյունավետ եւ արագ, կա՛մ պետք են այլընտրանքային գործընթացներ օրենսդրությունը բարելավելու համար, որպեսզի փակենք բոլոր հնարավոր մանիպուլյացիաների ճանապարհն այդ գաղափարի շուրջ՝ եղած կոմունիկացիաներով հեռարձակման արտոնագրման բոլոր պլատֆորմներով»:

Հ. Գ. Ամանորից առաջ «Լրագիր» կայքէջին տված հարցազրույցում վարչապետ Տիգրան Սարգսյանն օգտագործել էր մի ձեւակերպում, որն իրեն թույլ չի տվել անգամ ՀՌԱՀ նախագահը: Նա հայտարարել էր. «Ինչքանով ես այդ խնդրից տեղյակ եմ, «Ա1+»-ում տեղի է ունեցել կեղծարարություն»: Որ պրն Սարգսյանը խնդրից այնքան էլ տեղյակ չէ՝ ապացուցում է նույն հարցազրույցի մեկ այլ դիտարկում. «Իսկ «Ա1+»-ը, եթե հասկանում է աշխարհում ինչ է կատարվում, եթե այդ ֆինանսական հնարավորություններն ունի, ինքն այսօրվանից պետք է մտնի ինտերնետային դաշտ եւ իր հեռուստաալիքը ստեղծի, եւ ոչ մի սահմանափակում այնտեղ չկա»: Հայտնի է, որ «Ա1+»-ը վաղուց՝ թերեւս Հայաստանում առաջիններից մեկն է իրականացնում ինտերնետային հեռարձակում: Իսկ թե Հայաստանի իշխանությունը նաեւ այս առումով իրոք չի փորձի կիրառել սահմանափակումներ՝ ցույց կտա ապագան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել