Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱԿԱՆ ԽԱՂԵՐ

Հունվար 11,2011 00:00

\"\"Ի՞նչ հակադրել գազի գնի բարձրացմանը

«Գազպրոմ»-ի Մերձավոր երկրների հետ աշխատանքի վարչության պետ, «ՀայՌուսգազարդ»-ի վարչության նախագահի տեղակալ Անատոլի Պոդմիշալսկին 2010-ի դեկտեմբերի վերջերին Երեւանում հայտարարեց, որ 2011 թվականի ապրիլի 1-ից Հայաստանը պետք է անցնի Ռուսաստանից գազի գնման շուկայական գնի: Պոդմիշալսկին նաեւ ասել էր, որ հնարավոր այլ տարբերակներ կարող են լինել, եթե առաջիկա 2-3 ամիսներին դրա վերաբերյալ բանակցություն ընթանա։ Այս հայտարարությունից մեկ-երկու օր անց Սանկտ Պետերբուրգ մեկնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով այնտեղ հանդիպելու էր ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին: Կոմպետենտ պաշտոնյաների պնդմամբ՝ Տիգրան Սարգսյան-Պուտին հանդիպման օրակարգում եղել է գազի խնդիրը: Բանակցությունները, փաստորեն, ընթանում են: «Առավոտի» աղբյուրները վստահեցնում են, որ նախագահ Սարգսյանն էլ ձեռքերը ծալած նստած չէ եւ ջանքեր է գործադրում այս ուղղությամբ: Մինչդեռ պրակտիկան ցույց է տալիս, որ այդ հարցը լուծելու՝  Ռուսաստանից հնարավորինս էժան գնով գազ ստանալու համար Հայաստանը պարբերաբար գնում է զիջումների՝ տնտեսության կամ քաղաքականության բնագավառում: Միեւնույն է՝ լուծումը ստացվում է ժամանակավոր, քանի որ Ռուսաստանը պարբերաբար սահմանում է գազի նոր՝ ավելի բարձր գին, եւ Հայաստանը ստիպված է լինում մտածել նոր զիջումների մասին: Ստացվում է, որ իրականում տարիներ շարունակ իբր լուծվում է խնդիրը, բայց ոչ մի հարց էլ չի լուծվում: Մի՞թե չկա որեւէ «հակաթույն», որը ՀՀ իշխանությունները կարողանան ներկայացնել հակընդդեմ, եւ եթե ոչ՝ մեկընդմիշտ, գոնե երկարատեւ ժամանակահատվածի համար՝ գազային խնդիրը լուծելու համար: Այս հարցի շուրջ «Առավոտի» հետ զրույցում ՀՀ նախկին վարչապետներից մեկը, ով խնդրեց առայժմ իր անունը չնշել, չհամաձայնեց այն առաջարկին, որ այդ արգումենտը կարող են լինել ՀՀ-ում երկարատեւ ժամկետով տեղակայված ռուսական ռազմաբազաները, որոնց հետ կապված բոլոր ծախսերը հոգում է Հայաստանի Հանրապետությունը: Մեր զրուցակիցը հիշում է, որ 1995 թվականին, երբ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք կնքվում էր ՀՀ-ում ռուսական ռազմաբազաների տեղակայման մասին առաջին  պայմանագիրը, եւ ՀՀ-ն առաջարկում էր ռազմաբազաների գոյության ծախսերը հոգալ, դա շահագրգիռ հանգամանք էր ՌԴ-ի համար: Բայց լուրջ եւ սոլիդ չի համարում այժմ ՀՀ-ի կողմից նման հարց հակադրել գազի գնի թանկացմանը: Նրա կարծիքով՝ իբրեւ արգումենտ կարող է լինել Հայաստան-Ռուսաստան ռազմավարական գործընկերությունը. Ռուսաստանին ստիպելով մտնել ՀՀ-ի վիճակի մեջ՝ դա ավելի պարտավորեցնող կլինի, քան տնտեսական որեւէ հարց դնելը բանակցությունների սեղանին, մանավանդ որ՝ մենք այլեւս չունենք մի բան, ինչով կարելի կլինի զարմացնել: Ի դեպ, այն, որ Վրաստանն արագորեն ապահովում է իր տնտեսության ազատականացման ռեֆորմների հաջողությունները եւ մեծ քանակությամբ արտաքին կապիտալ է ներդնում իր  տնտեսության մեջ, թվում է, թե պետք է անհանգստացնի Ռուսաստանին, եւ նրանց համար էլ շահեկան պետք է լինի Հայաստանի տնտեսական վերելքը: 
Բայց արի ու տես՝ մի խնդիր էլ կա. ՀՀ-ՌԴ հարաբերությունները թեեւ պաշտոնական ինչ-ինչ փաստաթղթերով հայտարարվել են գործընկերային, իրականում դրանք եղել են եւ կան ֆորպոստային:
ՀՀ ԿԲ նախկին նախագահ, ՀԱԿ անդամ Բագրատ Ասատրյանը, սակայն, կիսում է այն մոտեցումը, որ ՀՀ-ում ռուսական ռազմաբազաների մասին միակողմանի պայմանագրերը կարող են վերանայվել: Նա վկայակոչում է Ղրղըզստանի փորձը, որը ՌԴ-ի հետ ավելի գործընկերային հարաբերություններ ունի, քան Հայաստանը, բայց միեւնույն է՝ ՌԴ-ն վճարում է այդ երկրում իր ռազմաբազաների տեղակայման համար: Նա նույնիսկ անհեթեթ է համարում այն, որ երբ խոսքը գնում է ՀՀ-ում ռուսական ռազմաբազաների մասին՝ բոլորը միաբերան ասում են, որ դա քաղաքական խնդիր է, մի կողմ են թողնվում բիզնես շահերը, բայց գազի գնի բարձրացումը դիտարկում են զուտ տնտեսական եւ բիզնես շահի համատեքստում: Այդ պարագայում պարոն Ասատրյանը չի հասկանում ՀՀ-ի բիզնեսմեն իշխանություններին, որոնք պատրաստվում են ՌԴ-ից եվրոպական գնով գազ գնել՝ 250 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց, երբ քթի տակ ունեն գազ արտահանող երկիր՝ Իրան: Նման իրավիճակում նա շատ բնական է համարում ՌԴ-ի պահվածքը՝ վարվել այնպես, ինչպես այդ պահին իր շահն է թելադրում: Ի դեպ, պարոն Ասատրյանին այդքան էլ չի անհանգստացնում, թե Ռուսաստանն իր ընկերությանը՝ «ՀայՌուսգազարդին», երբ եւ ինչ գնով գազ կվաճառի: Նա խորհուրդ է տալիս համեմատել եւ վերլուծել այն սակագները, որոնցով գազ է վաճառվում ժողովրդին:
ՀՀ խորհրդարանի նախկին պատգամավոր, Ռուսաստան-Բելառուս-Հայաստան նախաձեռնության ակտիվիստ Աղասի Արշակյանն էլ այսպես արձագանքեց. «Այն, ինչը որ ժամանակին Աղասի Արշակյանն էր ասում՝ Ռուսաստան-Բելառուս-Հայաստան միությանը հավասար անդամակցության համար, նաեւ նման բաների դեմ էր: Ցավոք, մենք այսօր մեր կարգավիճակով անգամ Ռուսաստանի մարզի կարգավիճակ էլ չունենք: Մեր անկախության ատրիբուտները տվել ենք օտարերկրացիներին ու առավելապես՝ Ռուսաստանին, դրա համար էլ հայտնվել ենք այս իրավիճակում: Եթե ՀՀ-ն ունենար ՌԴ-ի մարզի կարգավիճակ, բայց ես ու իմ ընկերները բոլորովին այլ բան էինք առաջարկում, այսօր գազը կառնեինք Ռուսաստանի ներքին գներով»: Այս առիթով պարոն Արշակյանի մտորումներն ավելի մանրամասն կներկայացնենք առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել