Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ԼԻՆԵԼ ԱՐԴԵՆ ԻՍԿ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍՆԱԿԻՑ

Հունվար 11,2011 00:00

\"\"ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» հրաժարվել են մաս կազմել «Ընտրական օրենսգրքի» բարեփոխման նպատակով ձեւավորված աշխատանքային
խմբին: Նրանք միասին հանդես են գալու այլընտրանքային նախագծով:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը 2010 թվականի դեկտեմբերի 13-ին դիմել էր ԱԺ խմբակցություններին՝ խնդրելով ներկայացնել երկուական պատգամավորների թեկնածություն՝ «Ընտրական օրենսգրքի» նախագծի «լրամշակման աշխատանքները շարունակելու նպատակով»: Խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցություններն էլ մերժել են այդ առաջարկը: Պատճառների մասին՝ ստորեւ:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյան. «Նամակում, որով մեզ առաջարկվում էր դառնալ այդ խմբի անդամ՝ մատնանշված էր աշխատանքը համատեղ շարունակելու հանգամանքը: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ աշխատանքի սկզբնական մասում մեզ ոչ ոք չի հրավիրել, այսինքն՝ սկզբնական փուլում մենք մաս չենք կազմել այդ աշխատանքային խմբին: Մեզ փաստորեն կանգնեցնում են փաստի առջեւ՝ ինչ-որ նախնական տեքստ պատրաստելով, որը պետք է լրամշակենք: Այդ տեքստը պատրաստելուց առա՛ջ կամ այդ տեքստը պատրաստելու ժամանա՛կ էր պետք մեզ մասնակից դարձնել՝ սա մեկ: Երկրորդը՝ մենք մեր առաջարկությունները ներկայացրել ենք թե՛ Վենետիկի հանձնաժողովին, թե՛ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի եւ միջազգային մի շարք կազմակերպությունների կողմից կազմակերպված համաժողովի ժամանակ: Եվ եկել ենք եզրակացության, որ կպատրաստենք մեր սեփական՝ այլընտրանքային նախագիծը: Եթե հետագայում լինի ընդդիմության այդ այլընտրանքային նախագիծը եւ իշխանությունների նախագիծը համադրելու խնդիր՝ թերեւս կաշխատենք այդպիսի համաձայնողական հանձնախմբում: Բայց հիմա՝ առնվազն այս փուլում, նման խմբի մեջ մտնելու անհրաժեշտություն չենք տեսնում, քանի որ այն սկզբունքները, որոնք մենք կարեւորում ենք՝ մեծ մասամբ ներառված չեն իշխանական ճամբարի կողմից պատրաստված նախագծում»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյան. «ԱԺ նախագահին դեկտեմբերի 20-ին պատասխան նամակ ենք ուղարկել, որտեղ տարակուսանք ենք հայտնել իր գրության մեջ օգտագործված «նախագծի լրամշակման աշխատանքները շարունակելու նպատակով» ձեւակերպման կապակցությամբ, քանի որ այդ նախագծի մշակման աշխատանքներին երբեւէ մասնակցություն չենք ունեցել, հետեւաբար անհասկանալի է «աշխատանքները շարունակելու» առաջարկը: Իսկ եթե խոսքն «Ընտրական օրենսգրքի» գործող տարբերակի լրամշակման մասին է, ապա հիշեցրել ենք նոյեմբերի 22-23-ին ԱԺ-ի, եվրոպական կառույցների հայաստանյան ներկայացուցչությունների համատեղ կազմակերպած Ընտրական օրենսդրության համաժողովը, որտեղ հայտարարվեց, թե «Ընտրական օրենսգրքի» բարեփոխման հաջորդ քայլը պետք է լինի խորհրդարանական լսումների հրավիրումը, խնդիրների սահմանումը եւ դրանց լուծումների շուրջ քաղաքական համաձայնությունների ձեռք բերումը: Ենթադրվում էր, թե հավաքվելու են բոլոր առաջարկները եւ ձեւավորվելու է աշխատանքային խումբ՝ այդ առաջարկները գործող օրենսգրքում ամրագրելու համար: Եվ եթե հիմա Դավիթ Հարությունյանը պարզապես փորձում է իր՝ արդեն իսկ լրամշակած նախագծին մեզ մասնակից դարձնել, ապա մենք չունենք նման ցանկություն: Բայց «Ժառանգությունը» պատրաստակամություն է հայտնել մասնակցել եւ աշխատանքային խմբում անդամներ առաջադրել նախօրոք արված վերոնշյալ հայտարարությունների քայլերը իրականացնելուց, այսինքն՝ խորհրդարանական լսումներից հետո: ԱԺ լսումները կոչված են ավելի հստակեցնելու կատարվելիք փոփոխությունների քաղաքական առաջնահերթությունները եւ հիմնական շեշտադրումները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել