ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ տասնհինգերորդ
ՎԱՐՊԵՏՆ ՈՒ ՄԱՐԳԱՐԻՏԸ
Նշածս տարաբախտ հանգուցյալը, որ ինձ պես բանաստեղծությունից սկսելով՝ ինձ պես արձակի էր անցել, աջուձախ հայտարարում էր թե՝ էս վեպս ոչ մի անգամ չի կարդացել եւ չի էլ պատրաստվում կարդալ, եւ նշածս նրբաճաշակ ու բարձրաճաշակ հանգուցյալն սկզբում ինձ պես բանաստեղծությունից արձակին անցնելով՝ կյանքի վերջին շրջանում բացառապես դրական ու բացառապես վճարովի գրախոսություններ էր գրում մեծահարուստների սիրուհիների բանաստեղծությունների գրքույկների մասին, ավելի ճիշտ՝ դրանք ոչ թե գրախոսություններ էին, այլ համապատասխան սիրուհու համապատասխան գրքի գինեձոնի ելույթներ՝ որ հետո որեւէ թերթում գրախոսության տեսք էին ձեռք բերում, եւ չնայած տեքստը գրեթե նույնն էր, գինեձոնի ելույթի համար առանձին էին վճարում, գրախոսության համար՝ առանձին, եւ շատ էլ ճիշտ էին անում, որովհետեւ տարաբախտն էդ գործը բարեխղճորեն ու պատասխանատվությամբ էր անում, եւ տարաբախտի բախտից՝ սիրուհիները շատ էին, եւ սիրուհիների ու պոեզիայի կապը՝ մշտական ու հարատեւ, եւ չնայած հիմնականում տեքստերը կրկնվում էին՝ ի տարբերություն սիրուհիների անունների ու ազգանունների, տարաբախտն ինքնամոռաց ու գերծանրաբեռնված էր աշխատում, եւ եթե քիթը սրբելու ժամանակ էր գտնում, քիթը սրբելու փոխարեն աջուձախ հայտարարում էր թե՝ էս վեպս չի կարդում, եւ տարաբախտն էստեղ ու էնտեղ նաեւ հայտարարում էր, որ չի ճանաչում ու չի հանդիպել մեկին՝ ով էս վեպս կարդացած լինի, ու էդ բանը տարաբախտն ամենուր ու տեղին-անտեղի էր հայտարարում՝ առանց ենթադրելու, որ էս վեպս «Առավոտի» էջերում ոչ միայն ակադեմիկոս Սարինյանն է կարդում, այլեւ՝ Երեւանի Թատրոնի ու կինոյի ինստիտուտի ռեժիսորական բաժնի ավարտական կուրսի ուսանող Վահրամը, որին վիճակված էր ուսանողական իր պրակտիկան անցկացնել էն հեռուստաընկերությունում, որի լրատվականով եթեր հեռարձակվեց տարաբախտի մահվան բոթը, եւ էդ բոթն էնքան հստակ ու էնքան ուժեղ հեռարձակվեց, որ ձեր խոնարհ ծառան էդ բոթն իր ականջներով լսեց ու իր աչքերով տեսավ Ծաղկաձորի ստեղծագործական տան իր սենյակում՝ միանգամայն հանկարծակի, եւ աչքերս ավելի էին զարմացած, քան՝ ականջներս, որովհետեւ Թատրոնի ու կինոյի ինստիտուտի ավարտական կուրսի ուսանող Վահրամը, որ էս վեպիս երդվյալ ու անդավաճան ընթերցողներից է, ճակատագրի ու դեպքերի բերումով՝ անձամբ էր նկարահանել հանգուցյալի գրասեղանը, որի ողջ լայնքով ու երկայնքով փռված էին «Առավոտի» շաբաթօրյա զույգ էջերս, եւ ձախից խոշոր տառերով գրված էր՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ, եւ աջ կողմում լուսանկարս էր, եւ Թատրոնի ու կինոյի ինստիտուտի ավարտական կուրսի ուսանող, պրակտիկանտ ու իմ երդվյալ ընթերցող Վահրամն առիթից օգտվելով՝ տեսախցիկն էնքան երկար էր պահել ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ-ի ու լուսանկարիս վրա, որ ծանոթներիցս ոմանք առաջին պահին կարծել էին թե՝ մեռնողը ոչ թե մշակութաբան գրախոսն է, այլ՝ ձեր խոնարհ ծառան, մինչդեռ Թատրոնի ու կինոյի ինստիտուտի ավարտական կուրսի պրակտիկանտը միանգամայն մաքուր սրտով էր էդ բանն արել, եւ չնայած էդ բանն անելու համար ինքը դույն հեռուստաընկերության ղեկավարությունից բանավոր նկատողություն էր ստացել, ինքն իր արածից ամենեւին չէր փոշմանել, եւ երբ էդ գույժից տարիուկես անց միանգամայն պատահաբար ծանոթացանք, ինքն անկեղծանալով ինձ ասաց, որ միանգամայն գիտակցաբար էր տեսախցիկն էդքան երկար պահել «Առավոտի» էդ զույգ էջերիս վրա՝ էդպիսով արտահայտելով ու ընդգծելով իր ու էս վեպիս նվիրական ու անշահախնդիր առնչությունը, եւ քանի որ իմ ու երիտասարդ Վահրամի էդ անակնկալ ծանոթությունն ու հանդիպումը աշխատանքային բնույթ ուներ, մենք ավելի ծավալվելու հնարավորություն չունեցանք, որովհետեւ մեր հաղորդմանը հաշված րոպեներ էին մնացել, եւ Վահրամն էլ արդեն դույն մասնավոր հեռուստաընկերության գլխավոր ռեժիսորն էր, բայց իր հույժ սահմանափակ ժամանակի ու հնարավորության սահմաններում հասցրեց ինձ ասել, որ չնայած աշխատանքով շատ է ծանրաբեռնված, այդուհանդերձ, առաջվա պես ամեն շաբաթ «Առավոտում» շարունակում է կարդալ վեպս, եւ երբ ինձ հետ հեռուստահարցազրույցն ավարտվեց, ես Վահրամին հրաժեշտ տալով խոստացա վեպիս մեջ անպայման անդրադառնալ իր էդ ուսանողական պրակտիկային, եւ արդեն գլխավոր ռեժիսոր Վահրամը մեծահոգաբար ժպտալով ինձ ասաց՝ «հարմարությանդ նայի, վարպետ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «կարեւորն էն ա, որ վեպդ դրանից չտուժի», եւ ես ժպտալով ասացի՝ «չի տուժի», եւ երբ հրաժեշտ տվի ու շենքից դուրս եկա, փերթ-փերթ ձյուն էր գալիս, եւ ոտով Կիեւյան կամուրջը կտրելով՝ ոտով հասա Բարեկամության մետրո, եւ մետրո մտնելով՝ թրջվածությունս բացարձակապես չէի զգում եւ իմ գոյությունից ու գոհությունից թեւավորված ու երջանիկ էի, եւ Վահրամի հետ ծանոթանալով՝ եւս մի անգամ համոզվեցի, որ էս վեպս կարդացող կա, որովհետեւ էդ պահի դրությամբ տարաբախտն ու ընթերցողներիցս մի քանիսը կյանքից հեռացել էին, բայց հիմա՝ երբ իմ ու երիտասարդ ռեժիսոր Վահրամի էդ առաջին ու միակ հանդիպումը հիշելով գրի եմ առնում, արդեն լիքը նոր ընթերցողներ ունեմ, ընդ որում՝ միանգամայն որակյալ, եւ հետաքրքիրն էն է, որ էս նորերն ավելի սիրով են կարդում, քան՝ հները, եւ, որ ավելի հետաքրքիր է, էս նորերն էս վեպս կեսից սկսելով՝ հեչ չեն էլ մտածում թե՝ սկզբներում ինչ եմ գրել, եւ էդ մասին չմտածելով՝ ինձ հետ համընթաց շարունակում ու առաջանում են, եւ քանի որ էս նորերը թերթով են էս վեպս կարդում, արդեն գրքով տպելու ցանկությունս էլ է վերացել, եւ քանի որ համեստությունից առանձնապես չեմ փայլում, պիտի էս հարմար առիթն օգտագործելով ասեմ, որ էս նորերից ամենանորը մեր ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանն է, եւ եթե վարպետն անձամբ չզանգեր ու անձամբ չավետեր, որ էս վեպս ամեն շաբաթ կարդում է, ուրիշի ասելով դժվար թե հավատայի, մինչդեռ վարպետն ինձ անձամբ զանգել ու անձամբ է էդ ուրախ լուրն ասել, եւ, որ կարեւոր է, ուրիշ նորեր էլ կան, եւ, որ շատ կարեւոր է, էդ ուրիշ նորերն էլ իրենց գործի մեջ են վարպետ, ու դրանցից մեկն արվեստաբան ու կինոգետ Սուրեն Հասմիկյանն է, եւ չնայած Հասմիկյանն ինձ անձամբ չի զանգել, Հախվերդյան Հովիկից եւ ուրիշներից լսել եմ, որ կինոգետն ամենայն սիրով ու հետեւողականորեն էս բոլոր գրածներս մեկ առ մեկ կարդում է, եւ չնայած Հասմիկյանին էս նորերի մեջ նշեցի, Հախվերդյան Հովիկից եւ ուրիշներից լսել եմ, որ Հասմիկյանն էս վեպիս ընթերցանությունն առաջին իսկ օրվանից սկսել եւ, փաստորեն, առ էսօր համբերությամբ ու հաջողությամբ շարունակում է, եւ չնայած էս պահին ու էս առիթով նկարիչ Հակոբ Հակոբյանին ու կինոգետ Հասմիկյանին նշեցի, հավատացնում եմ ձեզ, որ ուրիշ նորեր էլ կան՝ Տիմոշենկոյի, Նալբանդյանի, Տերյանի, Գորկու դպրոցների եւ Շիլաչու անանուն ցերեկօթիկի իմ համադասարանցիներից, չհաշված՝ Մանկավարժականի ու Թերլեմեզյանի ուսանողական ընկերներս, եւ շատ ուրիշ նորեր էլ կան, բայց էդ ուրիշների անունները չեմ նշում, որովհետեւ էդ ուրիշների անունները ձեզ ոչինչ չեն ասի, մինչդեռ ինձ շատ բան են ասում, քանզի էդ մարդիկ իմ ու իրենց ամենաբովանդակալից ու ամենաքաղցր օրերի վկաներն են, ու էն ամենը՝ որ էսօր հիշելով գրում եմ, մենք ժամանակին ապրել ենք, ընդ որում՝ միանգամայն լիասիրտ ու լիաթոք ենք ապրել, եւ, ինչպես ամեն անգամ, էս անգամ էլ մոռացա նշել էն ընթերցողներիս, որոնց բացարձակապես չեմ ճանաչում եւ բնականաբար անուններն էլ չգիտեմ, բայց համոզված եմ, որ էդպիսիք կան, որովհետեւ շատ անծանոթներ փողոցում ինձ հանդիպելով ասում են՝ «ձեր հոդվածները կարդում ենք, պարոն Շեկոյան», եւ լավագույն դեպքերում ասում են՝ «ձեր հոդվածները մեծ հաճույքով ենք կարդում, պարոն Շեկոյան», եւ վատագույն դեպքերում հարցնում են՝ «ձեր էդ հոդվածները ե՞րբ են ավարտվելու, ընկեր Շեկոյան», ու էդպես պատահաբար օրվա մեջ մեկը կամ երկուսը պատահում են, եւ հիմնականում ինձ պարոն են ասում, եւ երբեմն՝ ընկեր, եւ երիտասարդ գլխավոր ռեժիսոր Վահրամն ընթերցողներիցս առաջինն էր՝ որ ինձ վարպետ անվանեց, եւ, հիշում եմ, էդ իրիկուն շատ ուժեղ ձյուն էր գալիս, եւ ես թրջված ու երջանիկ էի, որովհետեւ կյանքումս առաջին անգամ էին ինձ վարպետ ասել, եւ կյանքումս առաջին անգամ էդ բառն իմ վերաբերյալ լսելով՝ փորձում էի էդ բառի էության մեջ թափանցել, եւ երբ Երիտասարդական մետրոյից դուրս եկա եւ թրջված ու երջանիկ մտա Տերյանի «Եվրոֆուտբոլ», շախմատիստ Վաչոն ժպտալով ինձ ասաց՝ «մեր ստավկեն կպել ա, վարպետ», եւ ես հարցրի՝ «ի՞նչ ստավկա», եւ Վաչոն ժպտալով ասաց՝ «հենց նոր «Բավարիան» չորսով մեկ կրեց», եւ ես հարցրի՝ «ո՞ւմ կրեց», եւ Վաչոն զարմացած հարցրեց՝ «չէիր դրե՞լ, որ «Բավարիան» «Վերդերին» կկրի», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «դրել էի», եւ Վաչոն ժպտալով հարցրեց՝ «ինչքա՞ն էիր դրել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հինգ հազար», եւ Վաչոն ժպտալով ասաց՝ «դե գնա՝ տասը հազարդ ստացի, վարպետ ջան», եւ ես ժպտալով ասացի՝ «մերսի, Վաչո ջան», եւ Վաչոն ծիծաղելով ասաց՝ «ի՞նձ ինչի ես մերսի ասում. կարող ա՞ էդ չորս գոլերը ես եմ խփել, ա՛յ վարպետ», եւ ես ժպտալով ասացի՝ «կարելի՞ ա քեզ մի բան հարցնեմ», եւ Վաչոն ասաց՝ «հարցրու, վարպետ ջան», եւ ես ժպտալով հարցրի՝ «ինչի՞ ես ինձ վարպետ ասում», եւ Վաչոն զարմացած ինձ նայեց, բավական երկար մտածեց ու ասաց` «մտածում եմ՝ որ Արմեն ասեմ, կարող ա նեղանաս» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «երեւի ինձնից ամենաքիչը քսանհինգ տարով մեծ կըլնես», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «Արմեն ասա» եւ մի քիչ էլ մտածեցի ու ժպտալով հարցրի՝ «լավ կըլնի՞, որ ես էլ քեզ վարպետ ասեմ», եւ գորիսցի շախմատիստ Վաչո Շեկունցը ծիծաղելով ինձ ասաց՝ «ինձ որ վարպետ ասես, հեչ չես սխալվի» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «արդեն տասը տարուց ավել ա՝ վարպետ եմ», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ վարպետ ես», եւ Վաչոն ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «սպորտի վարպետ» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «շախմատի գծով», եւ ես ժպտալով ասացի՝ «ինձ էլ թվում էր՝ գրոսմայստեր ես», եւ Վաչոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ մի քանի ամիս ոտս էս բուքմեյքերականներից կտրեմ, կարող ա գրոսմայստեր էլ դառնամ», եւ ես հարցրի՝ «բա խի՞ չես կտրում», եւ Վաչոն մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «որ գրոսմայստեր դառնամ, դրանից բան չի փոխվի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «հիմի գրոսմայստերները շնից շատ են», եւ ես հարցրի՝ «Հայաստանո՞ւմ», եւ Վաչոն պատասխանեց ու ասաց՝ «համ Հայաստանում, համ էլ՝ աշխարհում», եւ հիմա, երբ էս ամենը գրի եմ առնում, Վաչոն շախմատը լրիվ է մի կողմ դրել եւ արդեն ողնուծուծով է խրվել բուքմեյքերական խաղերի ու խարդավանքների մեջ, եւ, որ ամենակարեւորն է, ինձ արդեն վարպետ չի ասում եւ ոչ էլ՝ Արմեն, այլ միայն՝ Շեկոյան, եւ երբ ամեն ինձ տեսնելիս ասում է՝ «բարեւ, Շեկոյան ջան», ես հաճույքով իր բարեւին պատասխանում ու ասում եմ՝ «բարեւ, Շեկունց ջան», ու երկուսս էլ գոհ ենք, ու հատկապես ե՛ս եմ գոհ, որովհետեւ Վաչոյի վարպետից վերջնականապես եմ ազատվել, եւ չնայած կգերադասեի, որ ինքն ինձ պարզապես Արմեն ասեր, այդուհանդերձ, Շեկոյանից էլ եմ գոհ, մանավանդ՝ Վաչոյի՛ Շեկոյանից, որովհետեւ ես էլ իրեն Շեկունց եմ ասում, եւ, փաստորեն, քվիտ ենք լինում, մանավանդ որ՝ Շեկունցն ու Շեկոյանն իրարից առանձնապես հեռու չեն, եւ Վաչոյի վարպետից ազատվելն ինձ համար ինքնին իրադարձություն է՝ ցանկալի եւ նույնիսկ ցնծալի, որովհետեւ Վաչոյի վարպետը, ի տարբերություն Վահրամի վարպետի, ահավոր քերում էր ականջներս, մինչդեռ Վահրամի՝ ընդամենը մի անգամ արտաբերած վարպետը ոչ միայն ականջներս շոյեց, այլեւ՝ սիրտս ու հոգիս, եւ էդ իրիկուն ու մանավանդ հիմա էդ երկու վարպետների տարբերության մասին մտածելով՝ հասկանում եմ, որ հայերեն բառերի իմաստները հիմնականում կախված են էդ բառերն օգտագործողի նպատակից ու նպատակաուղղվածությունից, եւ երբ շախմատի վարպետ գորիսցի Վաչոն էր ինձ վարպետ ասում, իր ասած վարպետն էն վարպետն էր, որը սովորաբար կպցնում են սվաղչիներին կամ, ասենք, պատշարներին ու քարտաշներին, մինչդեռ երիտասարդ ռեժիսոր Վահրամի արտաբերածն էն վարպետն էր, որն Իսահակյանի կամ, ասենք, Սարյանի վերաբերյալ ենք ասում ու օգտագործում, եւ չնայած նախկինում վարպետի էս երկրորդ ու պատվավոր տարբերակն էլ առանձնապես չեմ սիրել, այդուհանդերձ, հանկարծակի շատ հավանեցի ու շատ սիրեցի, երբ դույն մասնավոր հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր Վահրամն էդ երկրորդ ու պատվավոր տարբերակն անձամբ իմ վերաբերյալ կիրառեց ու օգտագործեց, եւ վարպետի էդ երկրորդ ու պատվավոր տարբերակը երիտասարդ գլխավոր ռեժիսոր Վահրամից արտաբերվելով՝ օդի մեջ ադամանդի ու մարգարիտի պես շողշողաց, որովհետեւ էդ բառն էդ բարձրագույն իմաստով առաջին անգամ էր ինձ վերագրվում ու հասցեագրվում, ու էդ վերագրումից էդ իրիկուն ինձ շատ լավ զգացի՝ մինչեւ էն պահը, երբ մտա Տերյանի «Եվրոֆուտբոլ», եւ գորիսցի շախմատիստ Վաչոն ինձ տեսնելով՝ ուրախացած բացականչեց՝ «մեր ստավկեն կպել ա, վարպետ», եւ Վաչոյի էս վարպետը Վահրամի էն վարպետից էականորեն էր տարբեր եւ չէր կարող տարբեր չլինել՝ էն պարզ ու հասկանալի պատճառով, որ շախմատի գորիսցի վարպետ Վաչոն, ի տարբերություն ձեզ ու երիտասարդ գլխավոր ռեժիսոր Վահրամի, ոչ միայն տեղյակ չէր, որ աշխարհի ամենաերկար վեպն եմ գրում, այլեւ բանաստեղծ ու արձակագիր լինելուս վերաբերյալ էլ որեւէ տեղեկություն չուներ, ու իր էդ չիմացությունը միանգամայն ներելի ու նույնիսկ հարգելի էր, քանի որ ինձնից կախված ամեն ինչ անում եմ, որ բուքմեյքերական տարածքներում գրող լինելս հանկարծ չիմանան, որովհետեւ երբ էդ տարածքներում գրող լինելս իմանում են, անմիջապես իմ հանդեպ իրենց վերաբերմունքը փոխում են՝ հավասարապես դրական ու բացասական իմաստով, եւ եթե հաշվի առնենք, որ էդ դրական ու բացասական փոփոխություններն ինձ վրա հավասարապես բացասաբար են անդրադառնում, ձեզ համար էլ պարզ կդառնա՝ ինչու եմ ամեն անգամ տեղս փոխում, երբ բուքմեյքերական տվյալ տարածքում խաղընկերներս ու աշխատողները գրող լինելս իմանում են, եւ որպեսզի էս ասածս ճիշտ ու լրիվ հասկանաք, պիտի նաեւ տեղեկացնեմ, որ բուքմեյքերական էս տարածքներում էլ են գրողներին ավելի լուրջ վերաբերվում՝ քան հարկավոր է վերաբերվել, եւ երբ էստեղ գրող լինելս իմացվում է, խաղընկերներս հանկարծակի սկսում են իմ հանդեպ միանգամայն ավելորդ հարգանք հանդես բերել եւ հանկարծակի սկսում են հետս դուք-ով խոսել, եւ չնայած դուք-ով խոսելու մեջ որեւէ վատ բան չկա, այդուհանդերձ, շատ վատ է, երբ հանկարծակի սկսում են հետդ դուք-ով խոսել մարդիկ՝ ովքեր նախկինում հետդ միմիայն դու-ով են խոսել, եւ նմանապես շատ վատ է, երբ հանկարծակի սկսում են հետդ դու-ով խոսել նրանք՝ ում հետ նախկինում ու մշտապես դու-ով ես խոսել, եւ ամեն անգամ ինձ հետ էս նույնն է տեղի ունենում, երբ բուքմեյքերականների աշխատողներն ու խաղընկերներս գրող լինելս իմանում են, եւ ամեն անգամ ահավոր նեղսրտում եմ իրենց էդ հանկարծակի ու միանգամայն ավելորդ հարգանքից, չնայած, այդուհանդերձ, էս ասածս տարբերակն ամենեւին էլ վատագույնը չի, որովհետեւ մարդիկ էլ կան, որ գրողների հանդեպ ոչ թե ավելորդ հարգանք են հանդես բերում, այլ՝ միանգամայն ավելորդ զգուշություն ու զգուշավորություն, եւ ամեն անգամ, երբ բուքմեյքերական առանձին վերցրած որեւէ տարածքում գրող լինելս իմացվում է, խաղընկերներիցս ոմանք սկսում են իմ հանդեպ միանգամայն ավելորդ ու անտեղի հարգանք հանդես բերել, իսկ ոմանք էլ սկսում են զգուշանալ ինձանից, որովհետեւ մեզանում նաեւ կարծիք կա, որ գրողը ոչ թե մյուսների պես սովորական մարդ է, այլ հատուկ տեսակի մարդ, որն ընդունակ է գրել միանգամայն վտանգավոր ու միանգամայն անցանկալի բաներ, եւ էսպես կարծողներն ու էսպես մտածողները մշտապես գրողին լրագրողի հետ շփոթելով՝ չեն էլ կարող ենթադրել, որ մեր գրողները մեր կյանքից ու մեր իրականությունից մշտապես կտրված լինելով՝ հիմնականում գրում են բաներ, որոնք մեր կյանքի ու մեր իրականության հետ որեւէ առնչություն չունեն, ու էդպես մեր գրողներին ու լրագրողներին նույնացնելով՝ նաեւ ինձնից են զգուշանում, եւ, խոսքը մեր մեջ, շատ էլ ճիշտ են անում, որովհետեւ ես նույնիսկ լրագրողներից եմ վտանգավոր՝ էն առումով, որ, ի տարբերություն մեր լրագրողների, ես ոչ միայն էսօրվա մեր կյանքից եմ որոշ ու որոշակի բաներ գրում, այլեւ բուքմեյքերական էս միջավայրի ու մթնոլորտի մասին եմ մի գլուխ գրում ու տպում, եւ էստեղ ինձնից ամենից շատ Խչոն է զգուշանում, որովհետեւ Խչոյին ասել ու զգուշացրել են, որ անխտիր բոլորի մասին գրում եմ, եւ Խչոյին հատկապես Արթուրն է պերմանենտ զգուշացնում, եւ Խչոն մանավանդ Արթուրին չհավատալու որեւէ հիմք չունի, որովհետեւ Արթուրն անխտիր բոլոր գրածներս կարդացել ու շարունակում է կարդալ, եւ երբ ամեն անգամ Արթուրը Խչոյին կատակով ասում է՝ «զգուշ խոսա. Արմենն էս սաղ ասածներդ գրում ա», Խչոն տագնապած ասում է՝ «ես ի՞նչ եմ ասել, որ գրի կամ չգրի», եւ երբ Արթուրը ժպտալով ասում է՝ «ինչ էլ ասես, մեկ ա՝ գրում ա», Խչոն տագնապահար ինձ հարցնում է՝ «ճիշտ ա՞ ասում», եւ ես ժպտալով ասում եմ՝ «հանաք ա անում», եւ Խչոն հանգստացած ժպտում ու ասում է՝ «պարզ ա, որ հանաք ա անում», բայց, այդուհանդերձ, վերջերս հետս համարյա չի խոսում՝ առանց ենթադրելու, որ իր մասին ինչ որ գրելու էի՝ վաղուց գրել ու տպել եմ, եւ Տերյանի «Եվրոֆուտբոլի» էդ տարածքում Արթուրը միակն է, որ գրածներս կարդացել ու կարդում է, եւ Արթուրի շաբաթօրյա բազմիմաստ ժպիտներից եմ կռահում, որ շարունակում է կարդալ, եւ Խչոյին վերաբերող հատվածներս էլ էր մանրամասն կարդում ու հատկապես էդ օրերին Խչոյին նախազգուշացնելով ասում էր՝ «զգուշ խոսա. Արմենն էս սաղ ասածներդ մեկ առ մեկ գրում ա», եւ երբ Խչոյին ասում էի՝ «Արթուրը հանաք ա անում», եւ երբ Խչոն խաղաղվելով ասում էր՝ «պարզ ա, որ հանաք ա անում», Արթուրն ինձ բազմանշանակ ժպտալով՝ Խչոյին ավել բան չէր ասում, որովհետեւ Արթուրը, ի տարբերություն Խչոյի ու ինձ, ոչ թե խաղացող է, այլ՝ Տերյանի «Եվրոֆուտբոլի» աշխատող, ավելի ճիշտ՝ աշխատացնող, եւ Արթուրին հեչ ձեռնտու չի, որ տեղս փոխեմ եւ ուրիշ տարածքներում ունեցածս տանուլ տամ, ու նաեւ էդ է պատճառը, որ Արթուրը գրածներիս մասին Խչոյին ու որեւէ մեկին ավել բան չի ասում, եւ ահա տարուց ավելի է՝ լռվել մնացել եմ Տերյանի «Եվրոֆուտբոլի» էս տարածքում՝ ոչ միայն էն պատճառով, որ Արթուրը Խչոյին ու մյուսներին իմ ու գրածներիս մասին ավել բան չի ասում, այլեւ էն պատճառով, որ Արթուրը բուքմեյքերական բնագավառի աշխատողներից լավագույնն է՝ մարդկային ու ամեն տեսակետից, եւ իր մարդկային հատկանիշները խաղացողներիս համար չափազանց կարեւոր են, եւ հիմնականում Արթուրի էդ մարդկային արժանիքներն են պատճառը, որ առ էսօր Տերյանի «Եվրոֆուտբոլի» էդ տարածքը մարդիկ չեն լքում, իսկ ինչ վերաբերում է անձամբ ինձ, ես որ ուզեմ էլ՝ արդեն դժվար թե կարողանամ տեղս փոխել, որովհետեւ արդեն գրեթե բոլոր բուքմեյքերական տարածքներում գրող լինելս գիտեն, եւ չնայած Տերյանի էս տարածքում էլ գիտեն, էստեղիններից միայն Արթուրն է գրածներիս մանրամասներին ծանոթ, եւ իմ խնդրանքով՝ որեւէ ուրիշին որեւէ մանրամասն չի հաղորդում, եւ առայժմ այստեղ եմ ու առանձնապես վատ չեմ զգում, մանավանդ որ՝ շախմատի գորիսցի վարպետ Շեկունց Վաչոն հիմա արդեն ինձ ոչ թե վարպետ է ասում, այլ միայն Շեկոյան՝ առանց ենթադրելու, որ ես էլ ի՛մ գործի վարպետն եմ, եւ չի էլ կարող ենթադրել, որովհետեւ ինքը, ի տարբերություն Արթուրի, կարդալու ժամանակ չունի եւ եթե ազատ ժամանակ ունենար, ոչ թե էս վեպս կկարդար, այլ իր վարպետությունը կատարելագործելով՝ վերջապես գրոսմայստեր կդառնար, բայց Վաչոն ու ես, ի տարբերություն Արթուրի, ազատ ժամանակ չունենք, որովհետեւ, ի տարբերություն Արթուրի, ոչ թե բուքմեյքերականի աշխատող ենք, այլ՝ բուքմեյքերականի խաղացող, եւ եթե Արթուրն ազատ ժամանակ ունի եւ իր ազատ ժամանակն ազատորեն մսխում է վեպիս վրա, ես էլ ի՛մ ազատ ժամանակն եմ էս վեպիս վրա մսխում, մինչդեռ հիմնական ժամանակս «Եվրոֆուտբոլի» Տերյանի բաժանմունքում եմ անցկացնում, ու էս դեպքում մսխել չեմ ասում՝ ոչ միայն էն պատճառով, որ խաղադրույքներս ավելի մտածված եմ գրում, քան՝ էս վեպս, այլեւ էն պատճառով, որ բուքմեյքերական տարածքների խաղացողներս մեր փողերը ոչ միշտ ենք մսխում. այսինքն, շահելու դեպքեր էլ են լինում, ընդ որում՝ ոչ քիչ, ու երեւի դուք էլ եք արդեն ենթադրում ու կռահում, որ եթե շահելու էդ երջանկացնող դեպքերը չլինեին, շախմատի գորիսցի վարպետ Շեկունց Վաչոն ու արձակագիր Շեկոյան Արմենը վաղուց հրաժարված կլինեին էդ բուքմեյքերական զբաղմունքից եւ իրենց հիմնական գործով կզբաղվեին, եւ եթե էդպես լիներ, մենք հաստատ եւս մի գրոսմայստեր կունենայինք՝ ի դեմս շախմատի գորիսցի վարպետ Շեկունց Վաչոյի, մինչդեռ իմ պարագայում որեւէ բան ենթադրել չեմ համարձակվում, որովհետեւ պատկերացնելն անգամ սահմռկեցուցիչ է, թե ինչ կլիներ՝ եթե իմ հիմնական զբաղմունքը ոչ թե խաղադրույքներ գրելը լիներ, այլ՝ արձակագրությունը:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ