Լրահոս
Օրվա լրահոսը

Ինտերնետային կյանք

Դեկտեմբեր 25,2010 00:00

Մումուշիկն ու զորքերը

Հռիփսիմեն Ջավախքից եկավ Երեւան սովորելու համար եւ հետագայում այդ գիտելիքները օգտագործելու հանուն իր հայրենիքի ազատագրման: Նա հիմա ուսանում է Երեւանի պետական համալսարանում, վարձով բնակվում է Մոնումենտում:

Այսօր Հռիփսիմեի կյանքում հայտնվել է մի երեխա, որին քանի շաբաթ է՝ չի կերակրել: «Մումուշիկի (երեխայի անունն է- Գ. Թ.) մասին ես մտածեցի, երբ վերջին անգամ եղա Ջավախքում: Իմ ծանոթները շատ հետաքրքիր բաներ էին անում. այգի ունեին, բանջարեղեն էին աճեցնում, բալիկներ մեծացնում: Մի խոսքով՝ այդ ամենն ինձ շատ հետաքրքրեց, ես էլ ասացի՝ փորձեմ»: Ու փորձեց… Հռիփսիմեի բալիկն արդեն տասներկու տարեկան է, իսկ ինքը՝ 24, սակայն, ի տարբերություն մորը, Հռիփսիմեի բալիկը վիրտուալ է:

Զրուցակիցս մայր դառնալու մեծ ցանկություն ունի, սակայն դեռեւս սահմանափակվում է էլեկտրոնային մոր կարգավիճակով: Երեխայի մասին գիտեն միայն ուսանողուհու մանկության երկու ընկերուհիները: Հռիփսիմեն ուշ-ուշ է տեսնում Մումուշիկին. «Ամեն անգամ, երբ ես այցելում եմ Մումուշիկիս, նա մի քանի տարով մեծացած է լինում»: Իր բալիկի անունն ուսանողուհին դրել է ի պատիվ ընկերոջը. «Ես նրան միշտ ասում եմ Մումուշիկ, դե՛, որպես փաղաքշական բառ, այդ պատճառով էլ որոշեցի բալիկիս անունը դնել հենց Մումուշիկ»:

Իսկ ինտերնետային կյանք, ըստ նրա, գոյություն ունի, որով նա «վարակված» էր վեց տարի առաջ. «Այդ ժամանակ Ջավախքում նոր էր ինտերնետը մուտք գործել, ու ես ամեն օր պարապ-սարապ համակարգչի դիմացն էի: Մի էլեկտրոնային կայք չկար, ուր գրանցված չլինեի»: Երբ Հռիփսիմեն ընդունվում է համալսարան, վիրտուալ կյանքն իր համար երկրորդական է դառնում. «Ես ունեի միայն էլեկտրոնային փոստ, որով նամակներ էի ուղարկում իմ գործընկերներին եւ հարազատներին ու վերջ»:

Ինչ վերաբերում է էլեկտրոնային երեխաներին, ապա ասենք, որ տարիներ առաջ մեծ պահանջարկ ունեին «Տամագուչի» կոչվող խաղալիքները, որոնք նախատեսված էին երեխաների համար: Յուրաքանչյուրը կարող էր «տամագուչիների» օգնությամբ ստեղծել իր էլեկտրոնային երեխան ու պահել այն: Սակայն երբ վիրտուալ մանուկներին չէին կերակրում, նրանք մահանում էին, որոնց հետ մեկտեղ շատ երեխաներ ինքնասպանություն էին գործում: Բանը հասավ նրան, որ «տամագուչիները» շատ երկրներում արգելվեցին:

Սարգիսը սովորում է Երեւանի ֆրանսիական համալսարանում: Նա երեխա չի պահել, սակայն ունի իր անձնական զորքը, նավատորմը, պետությունը ու այդ ամենը՝ նորից էլեկտրոնային վիճակում: «Հենց նոր զորքիս մեծ մասը կոտորեցին եւ դա արեց ռուսաստանցի մի խաղացող»,- ասում է ուսանողը:

«Ստրատեգիա» (ռազմավարություն)՝ այսպես են կոչվում նմանատիպ խաղերը: Մասնակիցները կարող են ստեղծել իրենց պետությունը, կազմել զորք եւ գնալ պատերազմների. «Ինձ պատկանում է Ալփա կոչվող երկրի մի կղզի,- ասում է զրուցակիցս,- այստեղ նաեւ համարակալում են խաղացողներին ըստ իրենց հզորության, օրինակ՝ ես 145-րդ տեղում եմ»:

Արագ, որակով, շահավետ

Ինտերնետում ոչ միայն կարելի է երեխա պահել ու պետություններ գրավել, այլեւ պարզապես զրուցել հարազատների հետ: Դեմ առ դեմ շփումը վաղուց է իրականացվում էլեկտրոնային տիրույթում, իսկ Էլոյանների ընտանիքում մեկ տարի է, ինչ շփման ամենաշահավետ ձեւն է դարձել: Ընտանիքի անդամներից Անին արդեն չորս տարի սովորում եւ դասավանդում է Ամերիկայի Հյուսիսային Կարոլինայի պետական համալսարանում, իր հարազատների հետ նա շփվում է «Skype» ծրագրի եւ համակարգչի համար նախատեսված տեսաձայնագրիչի շնորհիվ: «Skype»-ը շատ հարմար ծրագիր է.- ասում է Անին,- ընդհանրապես գումար չենք ծախսում, իսկ շփումը ամբողջական է՝ ե՛ւ տեսնում ենք իրար, ե՛ւ լսում»: Զրուցակցիս խոսքերով՝ ինքը այսկերպ հաղորդակցվում է նաեւ իր ընկերոջ հետ, ով բնակվում է Մոսկվայում. «Իմ ծանոթներից մեկի թեզի ղեկավարը հիվանդ էր եւ նրանք թեզը կազմում էին «Spype»-ով»,- նույն ծրագրի միջոցով մեզ ասում է Անին: Անիի հոր՝ Նելսիկի խոսքով, այս տարբերակով շփվելը հրաշք բան է. «Տան մի ծայրից լսում եմ աղջկաս ձայնը, եթե հենց սկզբից սա լիներ, երբ Անին նոր էր տեղափոխվել Ամերիկա, ավելի հեշտ կլիներ, տեսնում եմ աղջկաս ու լսում, կարոտս լցվում է»: Անիի եղբայրը՝ Տարոնը, «Skype»-ով զրուցում է նաեւ իր ընկերների հետ, երիտասարդը գտնում է, որ սա ավելի հարմար միջոց է, քան շփման մյուս եղանակները: Անին նաեւ պատմում է, որ իր դասախոսություններին ուսանողները գալիս են նոութբուքերով, բայց նա թույլ չի տալիս համակարգիչները միացնել, քանի որ գիտի՝ ինտերնետ են մտնելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել