Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես կբերեմ ցանկություն»

Դեկտեմբեր 25,2010 00:00

Ասում է Ձմեռ պապը՝ բոլորին մաղթելով նապաստակի  պես արագ վազել դեպի պայծառ ապագա

Սուրեն Ստեփանյանը մանուկ հասակում Ամանորի գիշերը մինչեւ ժամը 3-ը չէր քնում, որպեսզի տեսներ՝ արդյոք Ձմեռ պա՞պն է իր բարձի տակ նվերներ դնում, թե՞ ընտանիքի անդամները, սակայն այդպես էլ չտեսավ: Իսկ հիմա ինքն է այդ առեղծվածային աշխատանքը կատարում. մոտ ութ տարի է՝ ինչ 30-ամյա Սուրենը Ձմեռ պապ է. «Իմ կարիերան սկսվեց, երբ ուսանում էի Երեւանի գեղարվեստա-թատերական իստիտուտում եւ աշխատում Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում, այդ ժամանակ ինձ առաջարկեցին գրասենյակային պայմաններում աշխատել «Երազանք թատերախմբում», ես համաձայնեցի»: Սուրենը ասում է, որ Ձմեռ պապի աշխատանքը այնքան էլ հեշտ չէ, քանի որ այն առնչվում է երեխաների հետ. «Պետք է շարժվել նրանց երեւակայությամբ, մինչդեռ քանի երեխա՝ այնքան էլ երեւակայություն, բոլորի հետ ստիպված ես մերվել»:

Ձմեռ պապին, առանց Ձյունանուշի, դժվար է պատկերացնել, Սուրենը ունի նաեւ իր «թոռնուհին»: Ինչպես հեքիաթում Մոխրոտիկը վերածվում է արքայադուստրի, այսպես էլ իրական կյանքում հասարակ գետաձի Զարուհին վերածվեց Ձյունանուշի: «Ես 17 տարեկան էի, երբ առաջին անգամ աշխատեցի մանկական սրճարանում՝ որպես գետաձի, հետո ինձ հրավիրեցին «Երազանք թատերախումբ»: Այստեղ էլ առաջարկեցին Ձյունանուշի շորը հագնել, եւ ես հագա ու գնացի փորձնական գործի, այսպես մինչ հիմա նաեւ Ձյունանուշ եմ»,- պատմում է 18-ամյա Զարուհի Բորանյանը, ով արդեն մեկուկես տարի աշխատում է նույն թատերախմբում:

Մանուկները Ձմեռ պապից եւ Ձյունանուշից խնդրում են իրենց նվիրել խաղալիքներ, համակարգիչ եւ այլն: Սուրենը հիշեց մի դեպք, երբ ոմն պաշտոնյայի երեխա ընդհանրապես չցանկացավ նվեր ստանալ. «Նա ասաց, որ ինքն ամեն ինչ ունի, ես հարցրի՝ «դու քո ծնողներին շա՞տ ես սիրում, պատասխանեց՝ չգիտեմ, նրա մեջ սերն էր պակասում, եւ այդ տարի ես նրան սեր պարգեւեցի»: Իսկ Զարուհին համոզմունք հայտնեց, որ բոլոր հետաքրքիր ու ծիծաղաշարժ դեպքերը տեղի են ունենում հենց պաշտոնյաների ընտանիքներում:

Սուրենի գործունեության ընթացքում հաճախ են եղել դեպքեր, երբ երեխաները նրան խոստովանել են, որ Ձմեռ պապ գոյություն չունի, եւ նա միշտ պատասխանել է, որ Ձմեռ պապը կա այն ժամանակ, երբ նրան հավատում են: Մինչդեռ Հայաստանում, Սուրենի համոզմամբ, Ձմեռ պապին ոչ թե մոռացել են, այլ վտարել. «Դա գալիս է մեր մտածելակերպից, քանի որ շատ տներում երեխաներին հեքիաթներ պատմելու փոխարեն՝ սովորեցնում են քաղաքականություն եւ բիզնես»:

Իսկ մտածելակերպի փոփոխման համար Ձմեռ պապն ունի իր տարբերակը. «Ես ցանկանում եմ, որ փողոց ելնեմ եւ ինձ բարեւեն, ժպտան, դառնանք արվեստային ազգ, եւ եթե մենք բոլորս անենք այն, ինչ մեզնից պահանջվում է, Հայաստանը շուտով ոտքի կկանգնի: Ես կբերեմ այդ իրագործելու ցանկությունը, իսկ դա կյանքի կոչողները մենք ինքներս ենք»:

Դեկտեմբերի 31-ի գիշերը Ձյունանուշը վերածվելու է հասարակ տնային տնտեսուհու: «Ես գիշերը չեմ աշխատում, նախընտրում եմ տան անդամներիս հետ լինել»,- ասում է Զարուհին, իսկ Սուրենը Ամանորը դիմավորելու է պատվիրատուների ընտանիքներում. «Այդ գիշեր ես աշխատանքի եմ լինելու: Դա միաժամանակ ե՛ւ շատ ուրախալի է, ե՛ւ շատ տխրալի»: Սուրենը հաշվարկում է, որ գիշերվա երկուսին կվերջացնի իր աշխատանքը եւ կգնա տուն՝ իր ընտանիքի հետ Ամանորը շարունակելու:

Իսկ եկող տարում Ձմեռ պապն ու Ձյունանուշը բոլորին մաղթեցին նապաստակի պես արագ վազել դեպի պայծառ ապագա՝ մի կողմ թողնելով տարվա խորհրդանիշի վախկոտությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել