«Առավոտը» մաղթում է, ցանկանում ու պահանջում է…
Ամանորը ոչ միայն տոն է, այլեւ հոգեվիճակ եւ սպասելիքներ՝ Նոր տարվանից: Ու երբ պայթում է շամպայնը, եւ իրար են զարկվում բաժակները, յուրաքանչյուրը մտածում է իր թաքուն երազի ու նվիրական ցանկության իրականացման մասին: «Առավոտի» աշխատակազմն էլ լիքը ակնկալիքներ ունի 2011 թվականից ու փամփլիկ Նապաստակից, նաեւ մաղթանք, որ գալիք տարին բոլորի համար բարեբեր ու երջանկաբեր լինի: «Կյանքի մեծագույն երջանկությունն է լինել վստահ, որ մեզ սիրում են, սիրում են այնպիսին, ինչպիսին մենք կանք, կամ հաշվի չառնելով, որ մենք այնպիսին ենք, ինչպիսին որ կանք». համաձայնելով Հյուգոյի խոսքերին՝ մաղթում եմ, որ 2011 թվականին բոլորն առանց վախենալու գտնեն սպասված երջանկությունը:
Արամ Աբրահամյան. Մաղթում եմ իմ («Առավոտի») բոլոր աղջիկներին. չամուսնացածներին՝ նշանվել, նշանվածներին՝ ամուսնանալ, ամուսնացածներին՝ հղիանալ: Դրան զուգահեռ՝ լինել համեստ, գրել կարճ, աշխատել տեքստերի վրա, գտնել էքսկլյուզիվ թեմաներ, բաց չթողնել կարեւոր իրադարձություններ: Երկրորդը, բնականաբար, վերաբերում է նաեւ «Առավոտի» սակավաթիվ տղամարդկանց: Սակայն մեր բեռն ավելի ծանր է. մենք պարտավոր ենք այնպես անել, որ մեր կողքի կանայք եւ աղջիկները միշտ ժպտան:
Ռուզան Մինասյան. Արդեն մի ձմեռ պապի փրկել եմ. Մի քանի օր առաջ «Քալանթար» խանութից տուն տարա աշխարհի ամենագեղեցիկ Ձմեռ պապին: Նա կլառնետ էր նվագում, ոտը ոտին գցած՝ կանաչ բազկաթոռին պառկած: Տարա տուն: Հաջորդ օրը հրդեհվեց «Քալանթարը»: Շատուշատ Ձմեռ պապեր չփրկվեցին:
Հիմա, երբ ուշքի եմ եկել, մտածում եմ, որ փաստորեն փրկել եմ մի Ձմեռ պապի կյանք: Հիմա հերթն իրենն է…
Մարգարիտ Եսայան. Անծանոթ հեքիաթ Մի փոքրիկ տղա էր կանգնած հացի հերթի: Դրսում ցուրտ էր, եւ տղան մրսում էր: Հաց չկար: Լույս չկար: Տուն չկար: Տղան նայում էր ձյան փաթիլներին եւ երազում էր հացի, տաքության եւ տան մասին:
Ձմեռ պապն անցավ տղայի կողքից եւ մտավ մի մեծ ու տաք տուն: Ձմեռ պապը հեքիաթի չէր հավատացել երբեք: Տղան չգիտեր, թե ինչ է իրական հեքիաթը: Երեկոյան Ձմեռ պապը խմած ու կուշտ անցավ տղայի կողքից: Տղան դեռ հաց չէր գտել, իսկ Ձմեռ պապը ճոճվում էր՝ կերած հացից պայթելով:
Հ. Գ. Հեքիաթներն իրականություն դարձնելու եւ Ձմեռ պապերի աչքերը բացելու համար ոչ թե քաղաքական, այլ՝ հեքիաթային կամք է հարկավոր:
Աշոտ Հակոբյան. Ամեն ինչ էլ ուզում եմ. 2011-ին Ձմեռ պապից շատ բան եմ սպասում. առողջություն, թոռիկիս՝ Արսենին, քույրիկ կամ եղբայրիկ, կամ երկուսը միասին, աշխարհին՝ խաղաղություն: Իսկ Նապաստակից, որպեսզի նա հայերիս համար լինի ուժեղ եւ անվախ, որպեսզի նրա առջեւ խեղճանան ամեն տեսակ առյուծներն ու վագրերը:
Գոհար Հակոբյան. Բարեւ, Ձմեռ պապ ջան, թե սպիտակ ձիով ասպետին տեսնես Լապլանդիայի փողոցներում, ասա, որ էլ սպիտակ ձիով չգա, վտանգավոր է՝ բնապահպանական հ/կ-ները աղմուկ կբարձրացնեն խեղճ կենդանուն շահագործելու համար, դելֆինարիայի պատմությունը՝ քեզ օրինակ: Ավելի լավ է ասպետը սեփական ինքնաթիռով գա կամ ոչ սեփական ինքնաթիռի երկու տոմսով՝ մեկն էլ ինձ համար: Բայց ցուրտ երկրում մշտապես ապրողը չեմ, թող դառնա երկքաղաքացի: Իսկ անձամբ քեզանից, Ձմեռ պապ ջան, լիքը ընթացիկ մանր-մունր ակնկալիքներ ունեմ, չեմ բարձրաձայնի, որ աչքով չտան՝ կամ sms կգրեմ, կամ էլեկտրոնային նամակ: Հա, Ձմեռ պապ ջան, մի բան էլ ասեմ՝ էն նախկին համարով անհասանելի էիր, նույնին ուրիշ կոդով զանգեցի, Ձյունանուշիկը վերցրեց ու հենց տեսավ կին է զանգողը, խանդոտ ձայնով ասաց, թե այս տարի հնարավոր է Նոր տարին Դուբայում անցկացնեք, ես էլ, բնականաբար, չհավատացի: Գիտեմ՝ անկուսակցական ես, բայց հավատարիմ ես «Հին ընկերները չեն դավաճանում» սկզբունքին: Ի դեպ, [email protected] -ի վրա ուղարկած նամակներս հետ են գալիս, դրա համար ստիպված քո գաղտնի՝ [email protected] հասցեի վրա եմ ուղարկում: Մինչ հանդիպում՝ Ամանորի գիշերը, ժամը 12.00-ին:
Մելանյա Բարսեղյան. Ձմեռ պապ ջան, խնդրածս մի մեծ բան չէ՝ մի ասացվածք եմ ուզում փոխել: Թող սրանից հետո «երկու երնեկ մի տեղ չի լինում»-ը դառնա «հազար երնեկ մի տեղ է լինում»: Ու թող մյուս տարվանից սկսած՝ համ խաղաղություն լինի, համ «ոչ մի թիզ թշնամուն», համ Ղարաբաղը անկախ ու հզոր լինի, համ Հայաստանը հզոր ու անկախ (Ղարաբաղից), մեր երկրում նավթ, գազ, մոլիբդեն, ուրան ու ոսկի գտնեն, բայց բնությանն էլ վնաս չտան, համ գլոբալ տաքացում չլինի, համ էլ ձմեռները միշտ այսպես տաք լինեն, պատգամավորները համ ընտրված լինեն, համ բարեկիրթ ու գրագետ, մամուլը համ ազատ ու անկախ լինի, համ՝ պատասխանատու՝ առանց չակերտների, դատավորները անաչառ ու չծախվող լինեն, նախարարները՝ պրոֆեսիոնալ եւ անկաշառ, բանվորները՝ մշտական գործ ունենան եւ դրա համար լավ վարձատրվեն, մտավորականները՝ ստեղծագործելուց բացի այլ հոգս չունենան, բայց, հասարակության մեջ ամենահարգված մարդիկ լինեն, ջիպավորները նիհար ու համեստ լինեն, գիտնականները՝ հարուստ եւ գնահատված, ուսուցիչները՝ բանիմաց եւ հպարտ, աշակերտները՝ ուսումնատենչ եւ հարգալից, ոստիկանները դադարեն մենթ լինելուց եւ նրանց գործը լինի միայն հանցագործներին բռնելը, այլ ոչ թե՝ հանրահավաք ցրելը… եւ թող մեր երկիրը մեկ քառակուսի մետրի վրա բաժին ընկնող պնակալեզներով, քծնողներով եւ կաշառակերներով այլեւս ոչ թե առաջին տեղերում լինի, այլ՝ ամենավերջինն աշխարհում… Ամեն…
Ձմեռ պապ ջան, գիտեմ, որ ուզածս քո իրավասության տակ չի, բայց լսել եմ՝ «վերեւների» հետ լավ ես, բարեխոսիր, էլի…
Նելլի Գրիգորյան. Ձմեռ պապ ջան, պարտադիր է ուզե՞նք, որ բերես: Մի քիչ էլ դու տրամաբանությանդ «զոռ տուր»՝ լավ-լավ նվերներ առ ու արի: Մնացածը՝ մեզ վրա: Ընկերներիս, հարազատներիս էլ ցանկանում եմ այս տարի վերջապես կատարվի այն ամենը, ինչ մինչ այժմ մաղթել եւ ցանկացել ենք միմյանց: Թե չէ միայն ցանկանում ենք ու ցանկանում… Վերջն այդ ցանկությունները մի օր պետք է կատարվե՞ն, թե չէ: Թող այդ օրը լինի հենց 2011-ի հունվարի 1-ը:
Աննա Իսրայելյան. Էս տարվա Վագրը (արդեն չեմ էլ հիշում՝ ինչ գույնի էր) հե՛չ չսիրեց ինձ, ու շատ անհաջող տարի էր՝ բոլոր առումներով. մենակ ծախսեր, առողջական խնդիրներ… Ես գիտեմ, թե հետս ինչ չէր կիսել՝ ես էլ եմ մսակեր: Այս առումով՝ ավելի շատ հույսեր ունեմ Նապաստակի տարվա հետ կապված: Նախ՝ իրեն բնավ մրցակից չեմ: Համ էլ՝ ես էլ եմ սպիտա՜կ, փափո՜ւկ… ինչ-որ տեղ՝ հոգու խորքում:
Եվա Հակոբյան. Ձմեռ պապ ջան, ասեմ, որ ցանկություններիս հարցում համեստ չեմ լինելու ու շատ էլ լավ եմ անելու: Չնայած առանձնապես դժվար բան չեմ խնդրում. ռեալ բաներ եմ ուզում՝ Bentley-ով ասպետ, երջանկություն, սեր: Մնացած ամեն ինչ ունեմ, բայց թե կուզես կրկնապատկել՝ դեմ չեմ լինի: Ինձ շրջապատող նախանձ մարդկանց համար էլ համբերություն եմ ուզում, որովհետեւ 2011-ին ավելի են նախանձելու: Նշեմ նաեւ, որ ցանկություններս «կյանքի կոչելու» համար սահմանված ժամկետը կարճ է լինելու: Առարկություններ չեն ընդունվում:
Մարինա Մերուժանյան. Ցանկանում եմ, որ հայերը չլքեն Հայրենիքը, որ պատերազմ չլինի, որ հեռուստատեսությամբ հեռարձակվող գովազդը կրճատվի 3-5 անգամ, իսկ ես շարունակեմ շրջապատված լինել հարազատ մարդկանցով ու շարունակեմ այսքան (դե լավ, դույզն-ինչ ավելի) սիրված լինել նրանց կողմից:
Արամ Զաքարյան. Ձմեռ պապ ջան, քեզանից միայն մեկ բան եմ ուզում: Որ վերջապես իր արդիականությունը կորցնի այս բանաստեղծությունը:
«Երնէկ, թէ այս նոր տարին
Վերջ տար հայի ցաւերին,
Չարը կորչէր ու բարին
Բուն դնէր մեր սրտերին:
Երնէկ, թէ այս նոր տարին
Ազատ շնչէր Հայաստան,
Եւ շուրջ Մասիս մեր սարին Փայլէին վարդ-անդաստան…:»: Հեղինակը վստահ է՝ սրա համար հարկ է, որ «իսպառ մենք հանենք Փոքրոգութիւն մեր սրտէն»: Եթե շատ մռայլ է, կներես, Ձմեռ պապ, բայց հույսս դու ես, տես ինչ ես անում:
Արմեն Շեկոյան. Հիվանդներին՝ առողջություն, առողջներին՝ քաջառողջություն, հարուստներին՝ շռայլություն, աղքատներին՝ փող, քաղբանտարկյալներին՝ ազատություն, բոլորին՝ համբերություն:
Հասմիկ Թորոսյան. Թող չլինեն ծանր հոգսեր, Թող միշտ հնչեն ծիծաղ ու սեր, Թող բոլոր իղձերը կատարվեն, Չստացված գործերը՝ մոռացվեն, Թող բարի փերիները թեւածեն, Եվ ապագան հաջող կերտեն: Իմ Ձմեռ պապից կցանկանամ ստեղծագործական բուռն տարի եւ լավ աշխատանք:
Լուսինե Բուդաղյան. Ամեն անգամ, երբ վերադառնում եմ արտասահմանյան ուղեւորությունից, իմ երկիրն ավելի ու ավելի շատ եմ սիրում: Երբեւէ մեջս ոչ մի ցանկություն չի առաջանում նույնիսկ ամենաբարեկեցիկ երկրում մնալու, ապրելու: Ձմեռ պապից խնդրում եմ, որ, անկախ մեր երկրի վիճակից, հայրենիքս լքելու ցանկություն երբեւէ չունենամ: Երկրիս, ընտանիքիս, «Առավոտին» գալիք՝ Նապաստակի տարում մաղթում եմ ֆինանսական կայունություն, քանի որ այդ պարագայում միայն կարող ենք մեր կյանքը ծրագրավորել, աշխատել ու զարգանալ: Իսկ մեր որսասեր պաշտոնյաներին էլ խնդրում եմ՝ «մի կրակոցով 2 նապաստակ սպանել» արտահայտությունը ուղղակի իմաստով չհասկանալ, այլ՝ մի զարկով նապաստակներ սպանեն դիվանագիտական շրջանակներում, սոցիալական, տնտեսական եւ քաղաքական կարեւոր նշանակության հարցերում:
Հռիփսիմե Ջեբեջյան. 2011-ին ուզում եմ նապաստակի նման արագավազ լինեմ, որ ինչքան հետեւիցս ընկնեն՝ չհասնեն եւ կատվի նման ճկուն լինեմ, որ բոլորի «տանիքներն» ինձ հասանելի լինեն: Ասում են, երբ մարդը կյանքում շատ բան չի ունենում ուրախանալու, իր ոտքերին մի համարով փոքր կոշիկ է հագնում, որ գոնե օրվա վերջում զոքանչի, սկեսուրի, անհամ կնոջ կամ ամուսնու դարդերը մի կողմ թողած՝ գնա տուն, հանի կոշիկներն ու վայելի իր կյանքի միակ ուրախությունը: Թող 2011-ը մեզ համար իսկական ուրախությունների ու վայելքների տարի լինի՝ անկախ կոշիկի չափսի ընտրությունից: Նյութական ոչինչ չեմ ուզում Ձմեռ պապից. անցյալ տարի մեքենա էի ուզել, իբր շատ բերե՞ց, որ նոր պահանջներ դնեմ:
Արփինե Սիմոնյան. Բոլոր ձկնորսները երազում են տեսնել ոսկե ձկնիկին, աղջիկները երազում են տեսնել սպիտակ ձիով ասպետին, տղաները՝ իրենց հեքիաթային գեղեցկուհուն: Ես էլ ցանկանում եմ, որ Ձմեռ պապը բոլոր երազողներին ձուկ ու շատ գազար բերի՝ այն լավացնում է տեսողությունը:
Նաիրա Մամիկոնյան. Ես Ձմեռ պապից վաղուց արդեն ակնկալիքներ չունեմ: Իսկ ահա գալիք տարին որոշակի սպասումներով կդիմավորեմ: Վախկոտություն չեմ սիրում ու հույս ունեմ, որ Նապաստակի տարին, էդ կենդանու ինադու, համարձակ նախաձեռնությունների ու ոչ ստանդարտ որոշումներ ընդունելու ժամանակաշրջան կլինի, հեռու՝ ամեն տեսակ ֆոբիաներից: Շնորհավորում եմ բոլորի Ամանորը:
Անուշ Խեչոյան. Ձմեռ պապի ջան, ես ուզում եմ, որ այս Նոր տարին լուսավոր, պայծառ ու ուրախ լինի, մեկ էլ նապաստակի պես փափուկ ու հանգիստ: Մեկ էլ սպասում եմ բազմաթիվ լավ անակնկալներ, մանավանդ փոքրիկների համար: Ուզում եմ, որ Նոր տարվա տոնական սեղանի շուրջ սիրելի ու հարազատ մարդկանցով հավաքվենք ու միմյանց շնորհավորենք լի գավաթներով: Բնականաբար՝ շատ չգինովնանք:
Լուսինե Խաչատրյան. Վերջերս սոցիալական կայքերում ինձ հանդիպում են աղբանոցներից նվերներ հավաքող «ձմեռ պապեր», մտածում եմ՝ է՞ս չլինի Ձմեռ պապի վրա էլ է ճգնաժամը ծանր ազդեցություն ունեցել կամ էլ ձեւ է տվել, որ շատ բան չուզեմ: Վագրը, որ իմ տարին էր, ինձ չանտեսեց, ինչ ուզել էի՝ այս տարի բերեց: Վախկոտ Նապաստակից էլ շատ բան չեմ ուզում՝ մի քիչ համարձակություն ու ամենակարեւորը՝ խաղաղություն: Հա, մեկ էլ քեզ նման փափուկ ու սպիտակ ձյուն եմ շատ սիրում, նապաստակ ջան:
Գարիկ Մկրտչյան. Այս՝ Վագրի անցնող տարում, վագրային թռիչքներ ու հաջողություններ, ցավոք, չունեցա, սակայն տարին, թերեւս ինձ համար, ջախջախիչ «վագրային» էր: Ակնկալում եմ, որ Նապաստակի արագաշարժ տարում կիրականացնեմ իմ «վագրային թռիչքները»՝ կդառնամ բանասիրական գիտությունների թեկնածու, կշարունակեմ գրել, կամուսնանամ… Ձմեռ պապից ու Ձյունանուշիկից էլ ցանկանում եմ ստանալ հոգեկան անդորր ու առողջություն:
Լուսինե Շահբազյան. Ձմեռ պապ ջաաա՜ան….Այս տարի ինձ նվեր երեխա եմ ուզում՝ տղա, այն էլ՝ Սիմոնիկ: Կարծում եմ, ինձ շատ լավ պահեցի 2010-ին, բոլոր պարտականություններս կատարեցի, բոլոր փոքրիկ բալիկներին սիրեցի, հիմա էլ ուզում են իմ անձնականն ունենամ, սիրեմ, սիրուն շորիկներ, հետաքրքիր խաղալիքներ առնեմ, որ գիշերը քնի, ես էլ հսկեմ նրա քունը: Կարծում եմ՝ արդեն պատրաստ եմ «իրեն դիմավորելու»… Ուզում եմ… Սիմոնիկ եմ ուզուուում…
Տաթեւ Հարությունյան. Ձմեռ պապ, շո՜ւտ արի… Մի ամբողջ տարի քեզ ենք սպասել: Սիրելի Ձմեռ պապ, գիտեմ, որ փոքր-ինչ ջղայնացած ես ինձ վրա, քանի որ անցյալ տարի ամռանը դու կատարեցիր իմ ցանկությունը եւ մի փոքրիկ նապաստակ նվիրեցիր՝ «Միմիին», որին ես ձմռան գալուն պես ստիպված լքեցի: Սակայն իմ «Միմիին» շատ եմ կարոտել եւ կրկին քեզ խնդրում եմ, որ ինձ նապաստակ նվիրես: Խոստանում եմ՝ այս անգամ նրանից չբաժանվել: