Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԲԵՐՔ ՏԱՐՎԱ ԱՄԱՆՈՐԸ

Դեկտեմբեր 25,2010 00:00

Գազի թանկացման արդյունքում Վանաձորում մեծացել է  փայտի եւ փայտի վառարանների պահանջարկը, Տաշիրում ջուր չկա, Ախթալայում՝ նորմալ էներգամատակարարում, իսկ Սպիտակն ու  Ստեփանավանը դեռ չեն ազատվել տնակներից:

\"\"

Լոռիում ձյուն չկա

«Ո՞վ էր տեսել, որ Լոռվա ձորում աշունը՝ առանց անձրեւ ու ձմեռը՝ անձյուն լինի»,- զարմանում են Լոռու մարզկենտրոն Վանաձորի բնակիչները: Հիդրոօդերեւութաբանական կայանի Լոռու մարզային կենտրոնի տվյալներով, ամենացածր ջերմաստիճան գրանցվել է դեկտեմբերի 21-ին՝ -7 աստիճան: Նույն աղբյուրի հավաստմամբ, վերջին տարիներին ձմռան նման եղանակն արդեն չի զարմացնում, քանի որ անցյալ տարի միայն դեկտեմբերի 31-ին տեղաց առաջին ձյունը, որն անմիջապես էլ հալչեց: «Դրանից հետո ձյուն եկավ միայն փետրվարին, երբ տաք եղանակից կանաչն արդեն բուսնել էր»,- ասում է կայանի հերթապահ Շուշանիկ Ցաքանյանը:

Տաք եղանակից տուժել է նաեւ «ՀայՌուսգազարդի» Լոռու մասնաճյուղը: Լոռվա խիստ եղանակի պատճառով գազասպառողները հոկտեմբերի կեսից օգտվում էին վառարաններից, այժմ տաք եղանակը այլ ռեժիմ է թելադրում: Ընկերության տվյալներով, այս տարի սպառողների օգտագործած գազը անցած տարվա ցուցանիշի ուղիղ կեսն է: Գազասպառող վանաձորցիների մի մասն էլ այս տարի փայտի վառարան է գնել, որպեսզի ձմեռը տաքանալու հնարավորություն լինի. «Գազն էնքան են թանկացրել, որ վառում ես՝ վառածիցդ բան չես հասկանում, չես տաքանում, ավելի լավ է փայտ առնենք»,- ասում է Մելինե Մելքումյանը: Փայտով տաքացողների հաշվին բիզնեսը վերսկսել են վառարան վաճառողները: Մեկ վառարանի գինն այս օրերին 15-40 հազար դրամ է, պայմանավորված թիթեղի որակից ու կատարած աշխատանքից. «Թանկ չի, բա ժեշտն էլ է թանկացել, չեմ հասցնում սարքեմ, 9 պատվեր ունեմ, որ թանկ լինի՝ կտանե՞ն»,- ասում է արդեն 25 տարի վառարանների վաճառքով զբաղվող 68-ամյա Մայիս պապը: Վանաձորի շուկայից կայարան տանող ճանապարհը լիքն է տարբեր չափի ու տեսքի վառարաններով: Սկսած դեկտեմբերի 14-15-ից, ամեն վաճառող օրվա ընթացքում ամենաքիչը 5 վառարան է վաճառում. «Եթե սրանից 5-7 տարի առաջ գյուղաբնակներն էին գալիս տանում կամ պատվիրում, հիմա քաղաքաբնակներն են առնում, 90-ականները վերադարձել են, չեմ հասցնում սարքել»,- ասում են վառարան վաճառողները:

Լոռու մարզի քաղաքային համայնքներում ձմեռը նոր խնդիրներ է առաջ բերում: Մարզկենտրոն Վանաձորում արդեն 3 տարի ձմռանը սառած փողոցներում միայն աղ են լցնում. «Քաղաքապետը չի թողնում, որովհետեւ աղը հալչում է, ավազը՝ մնում, ու փողոցները կեղտոտում»,- ասում է Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ սպասարկման եւ բարեկարգման բաժնի վարիչ Լյովա Մելիքյանը: Ձյուն գա, թե չէ՝ ամեն տարի ձմռան նախապատրաստման ծախսերի համար քաղաքի բյուջեից 5 միլիոն դրամ է առանձնացվում: Մարզկենտրոնում, անկախ տարվա եղանակից, մաշված խողովակների պատճառով անխուսափելի են ջրի եւ կոյուղագծերի վթարները: Ձմռանը վթարները նոր դրսեւորումներ են ունենում՝ ջուրը լցվում է փողոցները՝ սահադաշտի վերածելով տարածքը:

Եթե Վանաձորում ջուրն այնքան շատ է, որ փողոցով է հոսում, ապա Լոռու մարզի Տաշիր քաղաքում չոր եղանակի հետեւանքով բնակիչներն անջուր մնալու վտանգի առաջ են կանգնած: «Մեր ջուրը սարերից է գալիս, աղբյուրներից, այս տարի ոչ անձրեւ եկավ, ոչ ձյուն, գետերը առու են դարձել, էսպես բան ո՞վ էր տեսել»,- զարմանում են Տաշիրի քաղաքապետարանում:

Մի կողմից Դեբեդ գետը, մյուս կողմից լեռնային գոտին ու հանքավայրերը մի քանի մասի են բաժանում Ախթալա քաղաքը: Այնտեղ ձմեռը շատ խիստ չէ, ամբողջ ձմռան ընթացքում 1-2 անգամ է ձյուն գալիս, վտանգավոր դարձնում միայն երկու փողոց՝ Վանական համալիր բարձրացող ճանապարհն ու Ավան թաղամասը: Մեկ տարի առաջ վտանգավոր էր նաեւ Սարահարթ թաղամասի ճանապարհը: Այս ճանապարհի վրա այս տարի 32 միլիոն դրամ են ծախսել՝ փոսային վերանորոգումներ արել: Փողոցների ու ջրագծերի սառչելն այդքան չի անհանգստացնում Ախթալայի իշխանություններին եւ բնակչությանը, որովհետեւ դրանց դեմ ճար կա: Անհանգստացուցիչ եւ վտանգավոր են արդեն մաշված էլեկտրական լարերն ու հենասյուները. «Որ մի լար էլ պոկվում է, մի քանի թաղամաս երկար ժամանակ զրկվում է էլեկտրաէներգիայից, ու արդեն քանի տարի հորդորում ենք «Ախթալա» ԼՀԿ-ին, որ վերանորոգեն, բայց ծայրը չի երեւում»,- ասում է Ախթալայի քաղաքապետարանի քարտուղար Գագիկ Մելքոնյանը: Նրա խոսքով, տեսնելով, որ իրենց հորդորները անտեսվում են, դիմել են Լոռու մարզպետ Արամ Քոչարյանին, բայց դրանից հետո էլ կազմակերպությունն անդրդվելի է մնացել, օդում թողնելով Ախթալայի 2400 բնակչի էներգետիկ անվտանգության հարցը:

Նույնքան բարդ, լեռնային, կտրված ռելիեֆ ունեցող Ալավերդի քաղաքում, որքան էլ զարմանալի է, ձմռան հետ կապված որեւէ խնդիր չկա: Ալավերդու քաղաքապետարանի կազմում գործող «Բարեկարգում» ՍՊԸ-ն դեռեւս հոկտեմբերին է պատրաստվել, կուտակելով 60 տոննա խարամ, 2 տրակտոր՝ ճանապարհները մաքրելու համար: Այնտեղ վտանգավոր է Սարահարթ տանող ճանապարհը, բայց ձմռան ամիսներին ճոպանուղին օգնում է:

Ի տարբերություն Լոռվա մնացած քաղաքների՝ Սպիտակում եւ Ստեփանավանում նման խնդիրներ չկան, քանի որ երկրաշարժից հետո բնակարանաշինության հետ այնտեղ ամեն ինչ նոր է կառուցվել՝ ջրագծերն էլ, էլեկտրաէներգիայի հենասյուներն էլ: Այդ քաղաքներում միակ խնդիրը ժամանակավոր տնակներից ազատվելն է, բայց խնդիրն առայժմ չի լուծվում: Ու ինչպես ամեն տարի, ձյան գալստյանն ընդառաջ, տնակների բնակիչները նորոգում են տանիքներն ու դրսում գտնվող սանհանգույցները:

Թեկուզ տաք եղանակից փոքր-ինչ թեթեւացել է բնակիչների հոգսը, սակայն լոռեցիները սպասում են ձյան գալուն: «Մեկ է, գալու է, էս գլխից չգա, այս տարվա նման եկող տարի էլ գարնանը ձյուն կգա ու գարուն չենք տեսնի»,- ասում է Գայանե Գրիգորյանը:

«Զարդ ու զարդարանքի սիրտ չունեն»

Նոր տարվա շեմին Վանաձորի շուկան դուրս է գալիս իր սահմաններից: Քաղաքի բնակիչների խոսակցական բառապաշարում Լաչինի միջանցք անվանվող տարածքի մատույցներում տոնական առեւտրի համար տարածք է առանձնացվում: Վանաձորի քաղաքապետարանի առեւտրի, տրանսպորտի բաժնի առեւտուրը համակարգող բաժնի պետ Ազատ Իսպիրյանը հավաստիացնում է, որ դա ճիշտ որոշում է, քանի որ քաղաքում այդ օրերին խառնաշփոթ է տիրում. «Մեղվի փեթակի է վերածվում քաղաքը, ավելի լավ է մի տարածք տրամադրել եւ պարտավորեցնել, որ դեկտեմբերի 31-ին հավաքեն»:

«Առավոտը» տեղեկացրել է, որ այս տարի կարկուտն ու երաշտը Լոռու մարզում բերք չեն թողել (05.10. 2010՝ «Բերքի տոնը՝ առանց բերքի»), սակայն ներկրումների շնորհիվ շուկայում մրգի պակաս չկա: Բայց կա դժգոհություն: Գնորդները դժգոհ են գներից, վաճառողները՝ առեւտրից: «Տարեցտարի առեւտուրը նստում է, էս տարի էլ ավելի բեթար, մարդ կա՝ ուղիղ մի վազի միրգ է առնում, նույնիսկ խնձորն ու տանձն են հատով առնում»,- դժգոհեց մի մրգավաճառ:

Բացի շուկայից, վաճառականների կարելի է հանդիպել բարձրահարկ շենքերի մոտ եւ գյուղերի փողոցներում: «Բա որ գալիս եմ տեսնում, բազարը լիքը ապրանք է, ստիպված դես-դեն եմ քշում, որ չփչանա, քաշը չկորցնի, քշելն էլ ավել ծախս է»,- ասում է Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղից Լոռի հասած վաճառականը:

Վանաձորի շուկաներում ոչ միայն թանկ մթերքի, այլ նաեւ տոնածառերի եւ զարդարանքների պակաս չի զգացվում: Սակայն վանաձորցիները զարդ ու զարդարանքի սիրտ չունեն: «Էսքանը դեռ անցած տարվա ապրանք է, էս անգամ տարվա խորհրդանիշ մի քանի նապաստակ ու կատու եմ բերել, էն էլ երեսին նայող չկա»,- ասում է խաղալիքներ վաճառող Կարեն Մկրտչյանը: Նրա խոսքը շարունակում է գնորդը. «Ամուսնուս խնդրել եմ փող ուղարկի, որ Նոր տարի անեմ: Հազար տարվա մի տոնածառ ունենք, թոռիս խաթեր էս տարի զարդարելու եմ, մի քանի փայլ ու խաղալիք է պետք»,- ասում է տիկին Արուսյակը: Նա Ամանորը ընտանյոք հանդերձ դիմավորելու է Թումանյանի շրջանի Օձուն գյուղում. «Գյուղերում բնամթերքի առումով ավելի հեշտ է, մոդայի հետեւից չեն վազում, դիզայնի հետեւից չեն ընկնում»: Ծնողների տանը կամ հարազատ գյուղում Ամանորը դիմավորելը վանաձորցիներից շատերի համար է սովորական եւ ավանդույթ:

Ալավերդի քաղաքի բնակչուհի Իրինա Հարությունյանը այս տարի հասցրել է հատուկ Նոր տարվա համար սպասք գնել. «Դեռ 8 ամիս առաջ «լատարեա» եմ խաղացել, հոկտեմբերին ստացա ու միանգամից ամեն ինչ գնեցի, թե չէ որ մի ամսվան մնա, ծայրը-ծայրին չենք հասցնի»: Գյուղաբնակներն այս տարի մեծ խնդիր ունեն: Հայաստանի հյուսիսում մոլեգնող խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդությունը գյուղացիներին դժվար կացության մեջ է դրել: Տարեմուտին միս շուկա հանած գյուղացին այսօր ինքն է նույն շուկայից միս գնում. «Բա քո ապրանքը չունենա՞ս, քո ձեռքով ամեն ինչը սարքես, հիմա հատ-հատ պետք է առնենք, էլ միսը, էլ բաստուրման…»,- սրտնեղում է Մարց գյուղի բնակիչ Սանասար Մելիքյանը:

Լոռու մարզի քաղաքներում տարբեր օրերի են տոնական համերգները: Սպիտակ եւ Ալավերդի քաղաքներում դեկտեմբերի 31-ին տոնական համերգներ չեն լինի: «Մի քանի տարի կազմակերպեցինք, բայց նկատեցինք, որ աշխուժությունը կեսգիշերից հետո է սկսվում, բարեկամներին այցելելիս մարդիկ կանգառում են հրապարակում»,- տեղեկացնում են Սպիտակի քաղաքապետարանից, իսկ ալավերդցիները հավատարիմ են «Նոր տարին քո տանը պետք է դիմավորես» սկզբունքին: Այս քաղաքներում գլխավոր միջոցառումը դեկտեմբերի 29-ին կկազմակերպվի:

Սպիտակում, ոչ միայն քաղաքի կենտրոնական հրապարակում, այլեւ երկնքում տոնածառ կլինի՝ լուսային էֆեկտի տեսքով: Ալավերդին միայն մեկ տոնածառ կունենա, փոխարենը միջոցառումները շատ կլինեն: Ստեփանավանի նորակառույց մշակույթի կենտրոնում էլ տոնական միջոցառումներն ավելի շատ կլինեն:

Ամենայուրօրինակը Տաշիրն ու Վանաձորն են: Վանաձորում էլ՝ ավելի քան 5 տարի, Տաշիրում արդեն հինգ տարի Ամանորին հրավառություն է լինում:

Մարզկենտրոն Վանաձորը դեկտեմբերի առաջին տասնօրյակում տոնական տեսք ստացավ: Գլխավոր եղեւնին արդեն պատրաստ է: Ինչպես մարզի մյուս քաղաքներում, արդեն սկսվել են նախակրթարանների, երաժշտական, գեղարվեստի դպրոցների տոնական միջոցառումները: Վանաձորի երեք թատրոնները՝ դրամատիկական պետթատրոն, տիկնիկային, «Բոհեմ»- կամերային, դեկտեմբերի 25-հունվարի 13-ը հանդես կգան ամանորի թատերական բեմականացումներով: Իսկ դեկտեմբերի 31-ին, ժամը 18-ից Վանաձորի հրապարակում տոնական համերգ կլինի: «Ամեն տարի չարչարվում ենք, միջոցառումներ ենք կազմակերպում, բնակիչներն էլ ակտիվ մասնակցում են, բայց երիտասարդներն ամեն ինչ փչացնում են պայթուցիկների հաշվին, հունվարի 1-ից մենք նորից տոնածառ ենք զարդարում»,- ասում է Վանաձորի քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ Գագիկ Աղաբաբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել