Tert.am-ի փոխանցմամբ, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, երեկ խոսելով տարբեր ոլորտներում կատարված ուսումնասիրություններից, նշել է, որ խախտումներից անմասն չի մնացել նաեւ ՀՀ ԿԳ նախարարությունը։ Թեեւ գիտնականներն ամեն տարի դժգոհում են, որ պետության կողմից հատկացվող ֆինանսավորումը քիչ է, սակայն պարզվում է, որ առանց այն էլ սուղ միջոցները չեն ծառայում նպատակին։
Նախագահի վերահսկողական ծառայությունը պարզել է, որ գիտական աշխատությունների համար հատկացված գումարի զգալի մասն ուղղվել է աշխատավարձերի վճարմանը, եւ որեւէ գիտական աշխատություն չի ներկայացվել։ Նույն կազմակերպությունը նույն աշխատանքի համար երկու աղբյուրից՝ եւ բազային, եւ պայմանագրային, ֆինանսավորում է ստացել։
Գիտական հետազոտությունների համար այս տարվա պետբյուջեից հատկացված է եղել 76 մլն դրամ, սակայն պարզվում է, որ այդ գումարով կենցաղային սարքավորումներ են ձեռք բերվել եւ օգտագործման համար հատկացվել Գիտության պետական կոմիտեին։ Գիտության ոլորտում սեմինարների եւ այլ միջոցառումների անցկացման համար հատկացվել է 36,6 մլն դրամ, որը, սակայն, դարձյալ նպատակին չի ծառայել։ «Երբ ուզում ես տեսնել՝ դրանք տեղի՞ են ունեցել, թե՝ ոչ, չես կարողանում հասկանալ, որովհետեւ ոչ մի նախահաշիվ չկա»,- դժգոհել է Հովհ. Հովսեփյանը։