Համաշխարհային տնտեսական ֆորումի 2010-2011 թվականների Համաշխարհային մրցունակության զեկույցում Հայաստանը 139 երկրների շարքում զբաղեցնում է 98-րդ տեղը՝ նախորդ զեկույցի համեմատությամբ իր դիրքերը զիջելով 1 կետով: Զեկույցի արդյունքներով Հայաստանը գրանցել է մրցունակության ցուցանիշների համեստ բարելավում առողջապահության, կրթության ոլորտներում: «Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2010. Բարձրագույն կրթության մարտահրավերները» զեկույցը, որը հրատարակել է «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնը, երեկ ներկայացվեց «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում: Զեկույցը Հայաստանի համար կարեւոր է համարում միջազգայնորեն մրցունակ կրթության ոլորտը, եւ հատկապես՝ բարձրագույն կրթության համակարգը: Ինչպես նշված է հետազոտության մեջ, կրթության որոշ բնագավառներում Հայաստանը դեռեւս ունի համաշխարհային մակարդակի հետազոտողների եւ դասախոսների ժառանգություն, բայց ուսումնառության տարրերը Հայաստանում խնդրահարույց են: Հիմնական խնդիրներից առանձնացվել են ծերացող դասախոսական կազմը եւ վերջինիս բարելավման սահմանափակ հնարավորությունները, դասավանդման հնացած մեթոդները եւ այլն: Չնայած նրան, որ հայերն ավանդաբար բարձր են գնահատել կրթությունն ու կրթվածությունը, ներկա հասարակության մեջ այդ արժեքները լուրջ մարտահրավերների առջեւ են կանգնած: