ՀՀ մշակույթի նախարարությունը եւ «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամը օրերս «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում կազմակերպել էին Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան 75-ամյակին նվիրված երաժշտական երեկո, որին ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ռուս ականավոր գրող, Հ. Մաթեւոսյանի վաղեմի ընկեր Անդրեյ Բիտովը, գրողի հարազատներն ու գրչի սիրահարները: Գրողի որդու՝ «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի նախագահ Դավիթ Մաթեւոսյանի խոսքով, մեկ ամբողջ տարի ամենուր հնչել, կարդացվել, խոսվել է Մաթեւոսյան գրողի, ընկերոջ, մարդու մասին. «Տարին բուռն էր միջոցառումներով: Կազմվել էր անգամ հոբելյանական հանձնաժողով՝ կառավարության կողմից, որը նախագահեց ՀՀ վարչապետը: Այսօր փակում ենք տարին՝ ամփոփելով անցածն ու արվածը»:
Մաթեւոսյանի այրին՝ Վերժինե Մովսիսյանը, կարեւորեց բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից կազմակերպված միջոցառումները, ինչպես նաեւ Հայաստանի ազգային գրադարանում, Վանաձորում կազմակերպված ընթերցումները. «Մաթեւոսյանի տարին լի էր բազմապիսի միջոցառումներով: Որքան էլ տարօրինակ էր՝ տարին սկսվեց Սլավոնական համալսարանում՝ ընթերցումներով: Այդպես շարունակվեց տարբեր այլ համալսարաններում: Հաճելի էր, որ բոլոր միջոցառումներն անց էին կացվում գիտակ մասսաներով»:
ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանն ասաց, որ գրողի հետ ծանոթացել է 20 տարի առաջ՝ 1990 թ.-ին, ԳԽ պատգամավորների շրջանակում. «Նրա հետ իմ ծանոթությունից մի դրվագ է տպավորվել. այն ժամանակ ես ընդդիմադիր էի, ներկայացնում էի ծայրահեղ օպոզիցիա: Նման մի ելույթից հետո Հրանտը մոտեցավ ինձ եւ առաջարկեց սուրճ խմել: Այդ ընթացքում նա ինձ մի սովետական մուլտֆիլմ պատմեց՝ ձվից դուրս եկած ճուտիկը կտցում է մի որդի, ինչից հետո ճուտիկը վազում եւ տպագրում է տպավորությունը՝ իր կյանքի փորձից: Նա ինձ ասաց՝ գիտե՞ս ինչու եմ սա պատմում քեզ, հարցրի՝ ինչո՞ւ, պատասխանեց. դու նմանվում ես քո ելույթով այդ հերոսին, որովհետեւ երիտասարդ ես, դեռեւս կյանքի փորձ չունես…
Ես այդ ժամանակ 30 տարեկան էի եւ համարում էի, որ արդեն երիտասարդ չեմ: Ըստ նրա, իմ գնահատականները ծայրահեղ էին… Միշտ հիշում եմ սա, երբ հատկապես երիտասարդ ու անփորձ քաղաքական գործիչները հեռուն գնացող մտքեր են արտահայտում, որոնք ծիծաղելի են: Երբեք չէի պատկերացնի, որ հետագայում կդառնամ Հրանտ Մաթեւոսյանի հոբելյանական հանձնաժողովի նախագահ ու կկազմակերպեմ գրողին եւ նրա ժառանգությունը արժեւորող միջոցառումներ»:
Կայացավ նաեւ գրողի՝ www.hrantmatevosyan.org կայքի շնորհանդեսը, ինչպես նաեւ Բուլղարիայում տպագրված «Աստված, էս ինչ սիրուն աշխարհ է» վիպակների ժողովածուի շնորհանդեսը: