Երեկ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում տեղի ունեցավ կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Ասուլիսի ընթացքում պարոն Զախարյանն ամփոփեց 2010 թ. ընթացքում կոմիտեի աշխատակազմի գործունեության արդյունքները: Նշվեց, որ աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից տարվա ընթացքում իրականացվել է շուրջ 160.000 միավոր անշարժ գույքի նկատմամբ իրավունքների եւ սահմանափակումների պետական գրանցում, որը նախորդ տարվա համեմատությամբ աճել է գրեթե 14 տոկոսով, եւ շարժական գույքի գրավի ու լիզինգի պայմանագրերով վարձակալության իրավունքի շուրջ 850 միավորի պետական գրանցում: 2010թ. նախատեսված 146 համայնքների փոխարեն ամբողջությամբ ավարտվել են 160 համայնքների կադաստրային գործերի էլեկտրոնային արխիվացման աշխատանքները, տեսաներածվել է ավելի քան 8150000 փաստաթուղթ: Աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն հաջորդ տարվա առաջին եռամսյակի ընթացքում: Կատարվել են ՀՀ սահմաններից դուրս գտնվող տարածքների պետական մասշտաբային շարքի 47 թերթ տեղագրական թվային քարտեզների ստեղծման աշխատանքներ, տիեզերալուսանկարահանման նյութերի հիման վրա շարունակվել են տեղագրական քարտեզների թարմացման աշխատանքները, աշխարհի աշխարհագրական անվանումների պաշտոնական տեղեկատուի ստեղծման նպատակով հավաքագրվել են ՀՀ սահմաններից դուրս գտնվող մոտ 11500 աշխարհագրական օբյեկտների անվանումներ: Կոմիտեի նախագահի եւ նախագահի տեղակալների կողմից յուրաքանչյուր երկուշաբթի իրականացվել է քաղաքացիների ընդունելություն, ապահովվել է երկու հեռախոսահամարով «թեժ գծի» մշտական գործունեություն, դրա արդյունքում ստացված դիմումները, ինչպես նաեւ ընդունելության ընթացքում բարձրացված հարցերը ամփոփվել եւ քննարկումներ են կազմակերպվել կոմիտեի նախագահի մոտ, որի արդյունքում համապատասխան միջոցներ են ձեռնարկվել: Խոսվեց, որ 2010թ. իրականացվել է կոմիտեի աշխատակազմի ընդհանուր թվով 14 տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաեւ ԼՂՀ Ասկերանի շրջանի վարչական տարածքի վերանորոգման աշխատանքներ: