Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Գեղարքունիքի եւ Լոռու մարզի 11 բնակիչների դատաքննությունը: Վերջիններս մեղադրվում են ավազակային հարձակում կատարելու մեջ՝ զենքի գործադրմամբ ու զենքի հափշտակությամբ:
Հիշեցնենք, ըստ մեղադրականի՝ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հ. Ս.-ի ցուցումով 4 հոգուց բաղկացած խումբը մտել է Տաշիր քաղաքում ապրող Ավդալյանների տուն, կապկպել ամուսիններին, փակել բերանները եւ, գողանալով տան գումարը, ոսկեղենն ու զենքը, դիմել փախուստի:
Դատարանում ամբաստանյալներից Լ.Ե.-ն հայտարարել էր, որ իրեն ծեծել են, վախեցրել թե՛ ԱԱԾ-ում, թե՛ ոստիկանությունում:
Իսկ ամբաստանյալներից Գ. Ա.-ն էլ հայտարարել էր, որ իր անչափահաս եղբորը տարել են Սպիտակի ոստիկանության բաժին եւ ապօրինի զրկել ազատությունից, իրեն էլ հայտնել են, որ մինչեւ ինքը խոստովանական ցուցմունք չտա՝ եղբորը բաց չեն թողնի:
Լ. Ե.-ի պաշտպան Ռ. Հակոբյանն էլ հանդես էր եկել իր պաշտպանյալի կողմից հնչեցրած բռնությունների մասին հաղորդումը սահմանված կարգով ու սահմանված ժամկետում լուծելու մասին հայտարարությամբ:
Դատարանը բավարարել էր պաշտպանի միջնորդությունները, հատուկ քննչական ծառայությանը հաղորդում էր ուղարկվել:
Ուշացումով ՀՔԾ-ում այդ նյութերի նախապատրաստման ընթացքում որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ նկատի ունենալով, որ Լ. Ե.-ի եւ Գ. Ա.-ի նկատմամբ հանցագործություններ տեղի չեն ունեցել: «Այդ որոշումը հիմնավորված, պատճառաբանված եւ օբյեկտիվ չէ»,- ասում է պաշտպան Ռուբեն Հակոբյանը եւ ավելացնում, որ ՀՔԾ-ն հիմք է ընդունել այս կամ այն պաշտոնյայի բացատրությունները ու նաեւ այն, որ ՔԿՀ ընդունվելիս ամբաստանյալների մարմնին վնասվածքներ չեն եղել. «Ոստիկանության այս կամ այն պաշտոնյան բացատրություն է տվել, որ բռնություն տեղի չի ունեցել, նրանք էլ դա հիմնավոր են համարել ու մերժել քրեական գործի հարուցումը»,- պարզաբանում է պաշտպանը: Դատաքննությունը շարունակվում է: