Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ ՉԵՆ ՎԻՃԱՐԿՎԵԼ»

Դեկտեմբեր 25,2010 00:00

\"\"Ասում է ՀՀ դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետ Անգին Իսախանյանը

– Դատական օրենսգրքում եղան փոփոխություններ: Ի՞նչ է արել վարչությունը՝ այդ փոփոխությունների հետ կապված:

– 2010թ. դեկտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետությունում սկսեց գործել վարչական վերաքննիչ դատարանը. նախագահ (Տիգրան Մուկուչյան), 6 դատավոր (Լարիսա Սոսյան, Գալուստ Ղարիբյան, Հովսեփ Բեդեւյան, Աշոտ Սարգսյան, Աշոտ Աբովյան, Արթուր Առաքելյան) կազմով:

Դատական ծառայողների մասով մենք ունեցանք 29 նոր թափուր տեղեր: Բոլոր պաշտոնները համալրեցինք առաջին ատյանի վարչական դատարանի ներուժի հաշվին, որովհետեւ տեղափոխված դատավորներն իրենց հետ տարան իրենց կցված ծառայողներին: Դատական ծառայողներին առավելագույնս պաշտպանելու նպատակով, որպեսզի կրճատումների խնդիր չառաջանա, մնացածին էլ տեղավորեցինք մեզ մոտ՝ արտամրցութային կարգով: Կան մի քանի թափուր պաշտոններ (նիստերի քարտուղարներ, գրասենյակի գործավարներ), որոնց վերաբերյալ հայտարարություններին կարող եք ծանոթանալ մեր պաշտոնական կայքէջից:

Հուրախություն մեզ՝ նշեմ, որ քրեական եւ քաղաքացիական մասնագիտացված դատարաններից կրճատված դատական ծառայողները թափուր հաստիքները համալրեցին:

– Նրանք կրճատվել էին 2009թ. մարտի 1-ից: Եվ մինչ օրս չէի՞ն աշխատում:

– Նրանց մի մասը ուներ աշխատանք, մի մասն էլ հարմար պահ էր, որպեսզի կադրերի ռեզերվից տեղափոխվեին:

– Որտե՞ղ է գործելու նորաստեղծ վարչական վերաքննիչ դատարանը:

– Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում (նախկին լամպերի գործարանի շենքի մոտ):

– Դեպարտամենտում Ձեր վարչությունը ի՞նչ գործառույթներ է իրականացնում:

– Դատական դեպարտամենտի ողջ դատական ծառայողների նշանակումն ու ազատումը, դատավորների անձնական գործերի վարումը, վճռաբեկ դատարանի նախագահի նորմատիվ որոշումների նախագծերի պատրաստումը իրականացվում են մեր միջոցով:

– Տիկին Իսախանյան, եթե ամփոփելու լինեք տարին, ինչպիսի՞ն էր այն Ձեր վարչության համար:

– Տարին դրական ենք ավարտում, որովհետեւ ունեցանք վարչական վերաքննիչ դատարան: Իսկ դատական ծառայության պաշտոնների նշանակման առումով անցկացրինք 89 մրցույթ:

Դատական ծառայության թափուր պաշտոնի 1 տեղի համար հավակնորդների թվաքանակն ավելացել է՝ հատկապես Երեւանում: Նկատելի է, որ բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող անձինք գալիս են հավակնելու այնպիսի պաշտոնների, որոնց համար միջնակարգ կրթություն է պահանջվում, մասնավորապես՝ նիստերի քարտուղարների համար, գրասենյակի գործավարների: Մարդիկ իրենց ապագան տեսնում են դատական համակարգում, ակնկալելով, որ կարող են առաջընթաց ունենալ:

– Տիկին Իսախանյան, այս տարի «Առավոտը» մասնակցեց դատական նիստերի քարտուղարների համար կազմակերպված մրցույթին, որի ժամանակ հավակնորդներից մեկը սպառնաց, թե դատական կարգով կվիճարկի այն: Վիճարկե՞ց եւ, առհասարակ, եղե՞լ են բողոքներ:

– 2006թ.-ից մինչ օրս անցկացված մրցույթները չեն վիճարկվել դատական կարգով: Չկան նաեւ գրավոր, բանավոր դժգոհություններ: Ձեր հիշատակածը փիլիսոփայական գիտությունների թեկնածուի մասին էր, որը չվիճարկեց մրցույթի արդյունքները: Ասեմ, որ դրանից հետո ունեցանք մի քանի մրցույթներ էլ, որոնց նա մասնակցեց: Այս պահին նա դատական համակարգում որեւէ պաշտոն չի զբաղեցնում:

Մարզերում դիմորդները քիչ են, ըստ էության՝ թափուր պաշտոն երկար ժամանակ չենք ունենում, արագ համալրվում է:

– Անձնական գործերի ներկայացման ժամանակ ինչպե՞ս է ստուգվում դրանց պատշաճությունը: Քաղծառայողի մրցույթում եղավ դեպք, երբ հաղթելուց հետո մասնակցի փաստաթղթերը համարվեցին ոչ ճիշտ:

– Մրցույթի մասնակցելու դիմումը տալուց հետո քաղաքացին ներկայացնում է անձնագիրը, սոցքարտը, դիպլոմը: Պաշտոնի նշանակվելուց հետո, եթե այդ պաշտոնի համար անհրաժեշտ է բարձրագույն կրթություն, բացի պետական բուհերի դիպլոմներից, բոլոր դիպլոմները ուղարկում ենք «Ակադեմիական փոխճանաչման եւ շարժունության տեղեկատվական կենտրոն» հիմնադրամ, որտեղ հավաստվում են դրանք: Աշխատանքի փորձառության համար ուղիղ կապի մեջ ենք աշխատանքի տեսչության հետ:

Այս տարվա գարնանը դիպլոմի իսկության հարց ենք ունեցել, նյութերը ուղարկել ենք ոստիկանության քննչական բաժին: Հավակնորդը հաշվապահի պաշտոնի համար էր դիմել: Ներկայացված դիպլոմի համարը գոյություն չէր ունեցել:

– Պատրաստվում է դատական օրենսդրության որոշակի փոփոխություն: Մասնավորապես, նախատեսվում է դատավորների թեկնածուների ցուցակների կազմման մեջ փոփոխություններ. դատական ծառայողները հնարավորություն կունենան որակավորման քննություններին մասնակցել եւ հավակնել դատավորի պաշտոնի: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

– Դրական:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել