Մոտ երկու տարի առաջ՝ դեռեւս 2009 թվականի փետրվարի 21-ին «Ո՞վ է տերը» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզի Ոսկեվան եւ Բաղանիս գյուղերի մատույցներում գտնվող՝ խորհրդային ժամանակներում կառուցված ավտոկանգառը 2007 թվականին ավերվել է: Մարզի Աճարկուտ գյուղի գյուղապետ Ռաֆիկ Օհանյանի որդին է բեռնատարով մեծ արագությամբ խոյահարել շինությունը: Զարմացել էինք, որ հասարակական նշանակության օբյեկտ են քանդել, բայց ոչ ոք նախատինքի ոչ մի խոսք չի լսել: Օրեր առաջ տեղեկացանք, որ Ոսկեվանի մի բնակիչ ավտոկանգառի ավերակները մաքրել է, որպեսզի առեւտրական կետ՝ փոքր խանութ կառուցի, սակայն չի հաջողել: Տարածքը Բաղանիսի վարչական սահմաններում է, սակայն պատկանում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը: Ավտոկանգառը սպասարկում էր Բաղանիս, Կոթի, Ոսկեվան, Ոսկեպար, Բարեկամավան գյուղի բնակիչներին, ձյան եւ անձրեւի ժամանակ հուսալի պատսպարան էր ուղեւորների համար: Պատահարից երեք տարի է անցել, հինգ գյուղ դեռ սպասում է: Նորից զարմանա՞նք, որ հասարակական նշանակության օբյեկտ են քանդել, բայց ոչ ոք նախատինքի ոչ մի խոսք չի լսել: