Դեկտեմբերի 4-ին «Նորը լավ մոռացված հինն է» լուրով տեղեկացրել ենք, որ արդեն 10 տարի Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Նորաշենի դպրոցում աշակերտները կրում են դպրոցական համազգեստ: Աղջիկները խորհրդային ժամանակների սպիտակ գոգնոցներով են, իսկ տղաները՝ սպիտակ վերնաշապիկներով: Դպրոցի տնօրեն Զեմֆիրա Թարխանյանի վկայութամբ՝ դպրոցական արտահագուստը գոհունակությամբ է ընդունվում թե մանկավարժների, թե աշակերտների ծնողների կողմից: Դժգոհ չեն նաեւ կրթօջախի 194 աշակերտները: Նրանք, սակայն, ցանկանում են լոկ թարմացնել դպրոցական համազգեստը, որպեսզի այն թե ֆիզիկական առումով նոր լինի, թե ժամանակին համապատասխան նորաձեւ: Տնօրենի խոսքերով՝ համազգեստի հայթայթումը դժվար է, այն ձեռք են բերում ծնողների եւ դպրոցի տնօրինության համատեղ ջանքերով:
Այս հրապարակմանը արձագանքել են Նորաշենի դպրոցի աշակերտները: Կրկնելով տնօրենի պնդումը, որ դպրոցական համազգեստը դժվարությամբ են ձեռք բերում, աշակերտները մեզ տեղեկացնում են՝ «միասնական համազգեստ կրելով մենք թեթեւացնում ենք մեր ծնողների հոգսերը, դպրոց ենք ներկայանում ընդհանուր կեցվածքով, որը տեղիք չի տալիս հագուստի մրցապայքարի կամ որոշ սովորողների ընկճվածության»: Աշակերտները գրում են, որ իրենք օրինակ են վերցնում իրենց ուսուցչուհիներից, նրանց պահվածքից: Օրինակ՝ Նորաշենի դպրոցում ուսուցչուհիները տաբատ չեն հագնում: Նորաշենցի երեխաները, որոնց մեջ քիչ չեն բարձր առաջադիմությամբ սովորողները, ցանկություն են հայտնել հիմնանորոգված տեսնել իրենց կրթօջախը: